Լրահոս
Օրվա լրահոսը

ZEBY POLSKA BYLA POLSKA. Թող Լեհաստանը լինի Լեհաստան

Հոկտեմբեր 24,2013 14:13

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Ես  գիտեի, որ վերադառնալու եմ այնտեղ: Ինչպես վերադառնում ես սիրելի ու հարազատ վայր՝ այն նորից տեսնելու ցանկությամբ եւ հավատով, որ քեզ այնտեղ սպասում են: Վերջին տարիների եվրոպական մեր ուղեւորությունն ընդգրկել էր Եվրոպայի  մի կեսը, սակայն մյուս մասը դեռ չէինք «հայտնաբերել»: Չնայած «մյուս մասը» տեսնելու ցանկությանը` այս օգոստոսին դստերս հետ դարձյալ Լեհաստանում էինք, թեպետ երկու տարի առաջ ամառային հանգստի զգալի մասն անցկացրել էինք այնտեղ: Վերադառնում էինք  Վարշավա. այս անգամ Լեհաստանի մայրաքաղաքից ուղեւորվելով ոչ թե դեպի հարավ` Կրակով, այլ ծայր հյուսիս` Գդանսկ: Եվրոպական այդ քաղաքը նման էր միջնադարյան հեքիաթի,  թեպետ իրական էր ու կենդանի:

Մենք վերադառնում էինք Եվրոպա. մոտ մեկ ամիս անց  պաշտոնական Երեւանը մեզ հեռացնելու էր Եվրոպայից: Երեւանի քաղաքական ուղեգծի եւ մեր` ՀՀ քաղաքացիների մի մասի ձգտումների միջեւ խզում էր առաջացել, սակայն մինչ այդ դեռ ժամանակ կար զմայլվելու եվրոպական քաղաքներով եւ քաղաքակրթությամբ:

1.Ճանապարհ դեպի Գդանսկ

Վարշավայում գտնվելու վեց օրերի ընթացքում ամբողջովին վայելելով  եվրոպական ամառային հանգստի ողջ բերկրանքը` կանաչների մեջ կորած, խաղաղ, հանգիստ, բարեհամբույր լեհական մայրաքաղաքում այցելելով այն վայրերն ու թանգարանները, ուր նախորդ անգամ չէինք եղել, յոթերորդ օրն ուղեւորվեցինք Գդանսկ՝ Իսահակ վան դեն Բլոկի, Գաբրիել Ֆարենհեյթի, Արթուր Շոպենհաուերի, Գյունտեր Գրասսի, Լեխ Վալենսայի ծննդավայրը:

Polskibus ընկերության ավտոբուսը` բարձրակարգ սպասարկմամբ եւ մատչելի ուղեվարձով, Վարշավայից Գդանսկ հասավ նախատեսված ժամանակահատվածում` հինգ ժամ անց: Ողջ ճանապարհին ինձ չէր լքում այն զգացողությունը, որ կարծես երկրագնդից դուրս եմ գալիս: Չգիտեմ, թե դա ինչո՞վ էր պայմանավորված. մարդկանց սակավությա՞մբ, թե՞ կտրուկ փոխվող եղանակով: Արդեն ճանապարհին խիտ ու սեւ ամպերը նախանշում էին, որ Վարշավայի տաք օրերից միայն հիշողություն է մնալու: Վարշավայի մասին ջերմ հիշողություններով եւ մեր ուղեւորության հաջորդ երկրի` Իսպանիայի սպասումով մտանք Գդանսկ: Օգոստոսյան Գդանսկը մեզ դիմավորեց անձրեւոտ, սառնաշունչ եղանակով` 13C0_ով, Բալթիկ ծովից փչող պաղ քամիով եւ տաք հագնված բնակիչներով:

Ինչպես բոլոր եվրոպական քաղաքներում, այնպես էլ Գդանսկի ճարտարապետության մեջ խտացված է նրա պատմությունը` գերմանական ընդգծված հետքերով:

Գդանսկի մասին  առաջին հիշատակումները կապված են 997 թվականի հետ: Արդեն 12-րդ դարից այնտեղ սկսել են հաստատվել գերմանացիները: 1308թ. Տեւտոնական օրդենը, զավթելով Գդանսկը, այն կցել է Պրուսիային` քաղաքը վերանվանելով Դանցինգ (Danzig): 1466թ. 13-ամյա պատերազմում Տեւտոնական օրդենի պարտությունից հետո Գդանսկը վերադարձվեց Լեհաստանին: Կաժեմիր արքան քաղաքի համար սահմանեց  մեծ արտոնություններ, եւ Գդանսկի կախվածությունը Լեհաստանից հասցվեց նվազագույնի: 1793թ. Լեհաստանի բաժանման հետեւանքով Գդանսկը հանձնվեց Պրուսիային` վերագտնելով նախկին` Դանցինգ անվանումը: 1807թ.  ֆրանսիացիները  գրավեցին քաղաքը` այն դարձավ Դանցինգի Հանրապետություն, սակայն 1813թ. վերադարձվեց Պրուսիային: Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1919թ. Վերսալի պայմանագրով Գդանսկը դարձավ ազատ քաղաք, որի կառավարումը ստանձնեց Ազգերի լիգան: Լեհաստանին հնարավորություն ընձեռվեց ցամաքային կապ ունենալ քաղաքի հետ, որի բնակչության մեծ մասը գերմանացիներ էին, սակայն լեհերն ունեին ագգային հաստատություններ: Վերսալի պայմանագրով Դանցինգը կարող էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել եւ տնօրինել երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Լեհաստանն իրավունք ուներ ազատ օգտվել Դանցինգի ջրային ուղիներից: 1939թ. Գերմանիան պահանջեց ետ վերադարձնել քաղաքը: Մերժում ստանալով՝ սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը գրոհ սկսեցին Գդանսկի ուղղությամբ: Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդ օրը Գդանսկը մտավ Արեւելյան Պրուսիայի կազմի մեջ` դարձյալ վերանվանվելով Դանցինգ: 1945թ. խորհրդային զորքերն ազատագրեցին Գդանսկը: Ռմբակոծումներից քաղաքի մեծ մասն ավերվեց: Պատերազմից հետո Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ Արեւելյան Պրուսիան լուծարվեց, նրա հարավային մասը, այդ թվում եւ Գդանսկը` տրվեց Լեհաստանին:

Գերմանացիներից՝ լեհերին, լեհերից՝ գերմանացիներին` այս ճանապարհով է ընթացել Գդանսկի պատմության  գնացքը:

2. Ճանապարհ դեպի հեքիաթ

Առաջին օրը Գդանսկը չհասցրեցինք տեսնել. հորդառատ սառն անձրեւը եւ հյուրանոցի հարմարավետ տաք սենյակը մեզ ետ պահեցին այդ մտքից: Հյուրանոցում ասացին, որ օգոստոսին միայն մի քանի օր է Գդանսկում եղանակը տաքանում, ու հազիվ թե այդ օրերը համընկնեն մեր ուղեւորության հինգ օրերի հետ: Ապավինելով Աստծո եւ բնության բարեհաճությանը` հաջորդ օրը գնացինք տեսնելու Գդանսկը:

Ես գիտեի, որ Գդանսկը գեղեցիկ է: Ճանապարհորդելու ձգտումը, յուրաքանչյուր նոր ընտրված վայրի  մանրամասն ուսումնասիրությունը միանգամայն բավարար էին թվում, որ նոր տպավորություններս պարզապես ամրապնդեին իմ ճանաչողությունը:

Ես եղել եմ լեհական երկու` հին եւ նոր մայրաքաղաքներում` Վարշավայում եւ Կրակովում: Կրակովը համարվում է Լեհաստանի ամենագեղեցիկ քաղաքը եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Կրակովը, իրոք, գեղեցիկ է եւ շատ  լեհական: Գդանսկը նման չէր ոչ Կրակովին, ոչ Վարշավային:

Եթե ձեր մեջ դեռ արթուն են հյուսիսային ժողովուրդների հեքիաթներում նկարագրված քաղաքների մասին հիշողությունները, ապա այդ հիշողությունները մեկեն կկենդանանան Գդանսկում: Կարճլիկ ու նեղլիկ` մոտ 10 սմ երկարությամբ, երեւի թե միլիմետրի ճշգրտությամբ հավասար շարված, նարնջագույն տուֆե աղյուսիկներով ճարտարապետական կառույցները` գլխին հեքիաթներից հայտնի ոչ բարձր աշտարակներով ու մետաղական զարդանախշերով, եվրոպական նեղլիկ, սալաքարե, մաքուր փողոցներով, կանաչների մեջ կորած Գդանսկը փռված է Բալթիկ ծովի հարավային ափերին եւ Մոտլավա գետի երկու ափերին: Գդանսկը Լեհաստանի խոշոր նավահանգիստն է, սակայն այստեղ նույնիսկ նավերը ժամանակակից տեսք չունեն: Կարծես ամեն ինչ այնպես է արված, որ հեքիաթը պահպանվի: Այս հրաշքը կարծես քիչ էր, ականատես եղանք մեկ այլ հրաշքի եւս` եղանակը փոխվել էր: Գդանսկը մեզ ժպտում էր հյուսիսային արեւի միջից: Օգոստոսյան այդ մի քանի տաք օրերը մեր ուղեւորության հետ համընկան: (Այնքան, որ հասցրեցինք մինչը անգամ լողալ Բալթիկ ծովում): Հեքիաթի եւ իրականության սահմանները երբեմն կորցնում էի եւ միայն ժամանակակից հագուստներով մարդիկ էին, որ վերադարձնում էին իրականություն: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, թվում է, որ ոչ թե պարզապես մտովի վերադառնում եմ Գդանսկ, այլ ֆիզիկապես դեռ այնտեղ եմ: Գդանսկի մեջ մի անանց կախարդանք կա, որը գուցե երբեք թույլ չտա, որ խունանան այդ քաղաքի մասին հիշողություններս:

Թվում է, ոչինչ չի փոխվել Գդանսկում հիմնադրման ժամանակներից ի վեր: Դլուգա փողոցով է անցնում Արքայական ճանապարհը՝ ընդգրկելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը` սկիզբ առնելով Բարձր դարպասներից, անցնելով մնացյալ չորս դարպասներով եւ ավարտվելով Դլուգի Տարգ փողոցում: Այդ ճանապարհով է 1552թ. իր 2000-անոց շքախմբով անցել  լեհ թագավոր Սիգիզմունդ Օգոստոսը:

Գդանսկում մեր գտնվելու օրերին նշվում էր ամենակարեւոր տոներից մեկը` Սուրբ Դոմինիկի տոնը, որը ոչ աշխատանքային օր էր: Դրան հաջորդած օրերին Գդանսկի կենտրոնը հիշեցնում էր միջնադարյան հյուսիսային շուկա. Սուրբ Դոմինիկի տոնավաճառն էր: Տաղավարներում լեհական ազգային կերակրատեսակներ, հագուստներ, Գդանսկի հայտնի սաթե զարդարանքներ էին վաճառում, դարբինները  սուսեր էին կռում. այդ ամենի միջով  պարզապես քայլելը բավականին բարդ էր: Գդանսկով հիանալու համար վաղ էինք արթնանում: Սիրում էինք քայլել քաղաքի  կենտրոնական` Դլուգա եւ Դլուգի Տարգ փողոցներով, որոնք հետիոտն երթեւեկության համար էին միայն նախատեսված: Այդ փողոցների վրա գտնվող բոլոր կոթողներն ու կառույցներն առանձին-առանձին ճարտարապետական բարձր արժեք են ներկայացնում, իսկ ամբողջության մեջ` իսկական գլուխգործոց են:

Դլուգի տարգ (Dlugi Targ, թարգմ.` Երկար շուկա) փողոցում, Արտուսի ապարանքի դիմաց է տեղադրված Գդանսկի երեք խորհրդանիշներից մեկը` Նեպտունի շատրվանը՝ խորհրդանշելով Գդանսկի կապը ծովի հետ: Ժամանակի ընթացքում շատրվանը համալրվել է այլ լրացումներով` մետաղե ոսկեգույն ցանկապատով, ծովային առասպելական կենդանիների քանդակներով: Շատրվանի  հսկա թասի միջից վեր բարձրացող Նեպտունը ձեռքի եռաժանինով հարվածի է պատրաստվում. առասպելի համաձայն՝ ծովերի արքային զայրացրել է այն, որ շատրվանի մեջ մետաղադրամներ են  նետում, եւ նա  եռաժանիով հարվածում է ջրին` ոսկե մետաղադրամները բաժանելով բազում կտորտանքների:

Նեպտունի շատրվանի անմիջապես կողքին է Արտուսի ապարանքը, որն այդպես է անվանվել ի պատիվ կելտերի արքա Արթուրի: 1350թ. կառուցված ապարանքը 1476թ. հրո ճարակ է դառնում, ապա վերականգնվում է Աբրահամ վան դեն Բլոկի   ճարտարապետական նախագծով: Արթուր արքայի ասպետները եւ Գդանսկի հայտնի վաճառականները հավաքվում էին այստեղ ներկայացուցչական ժողովի՝ Կլոր սեղանի շուրջ: Ապարանքը եղել է ժամանակի բարձրաշխարհիկ անձանց հավաքատեղի: Ապարանքը պահպանում են երկու քարե առյուծները: Ճակատային մասում լեհ արքաների քանդակներն են: Ներսից մուտքը պահպանում են երկու գրեթե հեքիաթային մոմե կերպարներ՝ բարձր պահած երկար երկաթե գավազաններով: Ներսում գեղանկարներ են, պատերից եւ առաստաղներից կախված առագաստանավերի մոդելներ: Պատերը զարդարված են ասպետական ժամանակների խորհրդանիշներով, պատկերներով: Հնաոճ, գեղեցիկ կահույքը ներդաշնակ է ընդհանուր մթնոլորտին: Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ՝ ավելի քան 10 մետր բարձրությամբ վառարանը՝ պատրաստած Գեորգ Շտելցների նախագծով: Վառարանի կապտավուն 500 սալիկների վրա պատկերված են ժամանակի Եվրոպայի հայտնի դեմքերը: Երկհարկանի ապարանքում ասպետների մոմե արձաններն են: Պատշգամբից ապարանքի տիրուհու մոմե արձանն է նայում՝ կապույտ զգեստով: Արտուսի թանգարանը Գդանսկի հեքիաթի կարեւոր մասն է կազմում: Սրահներում չկա անվտանգության եւ ոչ մի աշխատակից. հավանաբար այդ գործը քաղաքակրթորեն կատարում էին տեսախցիկները: Մի պահ մոռանում ես, որ  զբոսաշրջիկ ես, եւ թվում է, թե հայտնվել ես միջնադարյան հեքիաթում: Սակայն հեքիաթը մի պահ չքվում է, երբ ապարանք-թանգարանի պատվավոր այցելուների լուսանկարների շարքում տեսնում ենք Իլհամ Ալիեւի, ապա նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները՝ կանանց հետ:

Դուրս ենք գալիս ապարանքից: Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի աշխատակցուհիների հետ մտերմացել ենք. նրանք բացատրում են Ոսկե դարպասների տեղը: Դլուգա փողոցի վերջնամասում են Ոսկե դարպասները (լեհ.` Zlota Brama)՝ կառուցված 1612-1614թթ. Աբրահամ վան դեն Բլոկի նախագծով` հոլանդական ճարտարապետական ոճով: Դարպասների վերնամասի քանդակները խորհրդանշում են Խաղաղությունը, Ազատությունը, Բարեկեցությունը, Փառքը, Համաձայնությունը, Արդարությունը, Ողջամտությունը, իսկ ճակատային մասում լատիներենով փորագրված է` «Համաձայնության մեջ փոքր պետությունները ծաղկում են, տարաձայնություններից` մեծ պետությունները` փլուզվում»:

Դլուգա եւ Դլուգի Տարգ փողոցների հատման կետում է գտնվում Գդանսկի քաղաքապետարանի հիասքանչ շենքը՝ կառուցված 16-րդ դարում: Շենքի բարձրությունը աշտարակի հետ 81 մետր է:

Ահա եւ Մարիացկա փողոցը. կարծես Վերածննդի գեղանկար լինի: Այս փողոցում է Սուրբ Կույս Մարիամի աղյուսե տաճարը, որը միջօրեի մեղմ արեւի միջից հառնում է ողջ գեղեցկությամբ՝ Եվրոպայի ամենամեծ աղյուսե գոթական տաճարը, նախատեսված 25 հազար մարդու համար, սկսել է կառուցվել 14-րդ դարում՝ կառուցումը տեւել է 1.5 դար:  Հռոմեակաթոլիկ տաճարի երկարությունը 105 մետր է, լայնությամբ՝ 66 մետր: Լեհաստանի բաժանման ժամանակ կաթոլիկ տաճարը դարձել է լյութերական:  Բարձր, նեղ պատուհաններն առանձնակի խորհրդավորություն են հաղորդում տաճարին: Տաճարի ներսում առանձնանում է Կույս Մարիամի արձանը, հրաշալի երգեհոնը եւ Աստղագիտական ժամացույցը՝ շուրջ 10 մոլորակների պատկերներով:

Մարիացկա փողոցում է նաեւ Արքայական զանգակատունը՝ կառուցված 17-րդ դարում՝ բարոկկո ոճով հոլանդացի ճարտարապետ Թիլման Համաերսկու նախագծով: Տաճարի կառուցման նախաձեռնությունը Յան Երրորդ թագավորինն է:

Մարիացկա փողոցից եւ համանուն դարպասներից դուրս գալով՝ քայլում ենք դեպի Մոտլավա գետը: Այստեղ է բարձրանում Գդանսկի երկրորդ խորհրդանիշը՝ Կռունկ կոչվող կառույցը՝ կառուցված դեռեւս 15-րդ դարում, այդ ժամանակ նրա ներսում գործող փայտե մեխանիզմը նավերը բեռնելու կամ բեռնաթափելու համար էր օգտագործվում: Կառույցի տանիքին պղնձե կռունկն է, որը համարվում է սթափության խորհրդանիշը:

Գդանսկի երրորդ խորհրդանիշը սաթն է, որն այնտեղ ամենուր է: Սաթե զարդարանքների կրպակները միմյանց ետեւից շարված են գետի առափնյա հատվածում: Գները սկսում են 50 եվրոյից եւ հասնում մինչեւ 5000 եվրոյի:

Մոտլավա գետի ափին է Ամբարների կղզին՝ մոտ 300 ամբարներով, ուր միջնադարում պահվում էին քաղաքի ցորենի պաշարները: Այժմ դրանք թվում են լքված-մոռացված-ամայի: Զբոսաշրջիկներն այս կղզին չեն հասնում: Մենք, այնուամենայնիվ, մոտեցանք, սակայն երկար մնալ չկարողացանք. վայրի խնձորի ծառի տակ  բավականին մեծ օձի ներկայությունը կարող էր վտանգավոր լինել, ուստի  արագ եւ օձի համար աննկատ հեռացանք այնտեղից: Օձն էլ կարծես Գդանսկի հրաշապատում հեքիաթից լիներ:

Գդանսկն իր ողջ հմայքով բացվում է Մոտլավա գետի ափերին՝ երեկոյան, երբ միմյանց ետեւից վառվում են լույսերը՝ առափնյա շենքերում, գետի երկայնքով, նավերի վրա: Գետի մակերեսին արտացոլվում են միջնադարյան շենքերի պատկերները:  Օրվա այդ ժամերին Գդանսկը դառնում է ավելի գողտրիկ: Ինձ թվում է, թե գետի փերիները կբարձրանան եւ իրենց թեթեւասահ քայլքով կիջնեն ափերին: Եվ ինչպես հեքիաթասեր երեխան, այնպես էլ ես չեմ ցանկանում, որ այս հեքիաթն ավարտվի: Սակայն էլ ի՞նչ հեքիաթ, որ իրականության հետ աղերսներ չունենա: Ես այնքան ուրախ եմ, որ Գդանսկի մասին այս հեքիաթը նաեւ իրական է:

 

3. Ճանապարհ դեպի Ազատություն

Գդանսկի փողոցներից մեկում, խոտածածկ հատվածի կողքին ասֆալտե հատվածում սպիտակ ներկով տարբեր լեզուներով գրված է՝ Ճանապարհ դեպի ազատություն: Քայլում ենք Ազատության ճանապարհով, գրեթե վստահ, որ այն կարեւոր տեղ է հասցնելու մեզ: Մոտ 200 մետր քայլելուց հետո երաժշտության եւ հանրահավաքային ձայներ են լսվում: Նայում ենք շուրջբոլորը. ոչ ոք չկա. մեր կողքին տանկ է, սակայն ձայներն այնտեղից չեն գալիս: Ձայները լսվում են մետաղե սյան վրա տեղադրված բարձրախոսից: Մի քանի աստիճան,  մի քանի մետր քարե միջանցք  եւ հայտնվում ենք գետնահարկում: Ազատության տանող ճանապարհը մեզ հասցրել էր «Սոլիդարնոստի» թանգարան:

1980թ. օգոստոսի 14-ին Գդանսկի Լենինի անվ. նավաշինարանի աշխատակիցները գործադուլ սկսեցին, որի առիթ հանդիսացավ անկախ արհմիություն ստեղծելու համար երկու աշխատակիցների՝ Աննա Վալենտինովիչին (նա զոհվեց 2010թ. ապրիլին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի ժամանակ) եւ էլեկտրիկ  Լեխ Վալենսային աշխատանքից հեռացնելու մասին որոշումը: Օգոստոսի 15-ին գործադուլային շարժումը թափ ստացավ՝ ընդգրկելով ողջ Գդանսկը, Սոպոտը եւ Գդինյան: Օգոստոսի 17-ին ձեւավորեց գործադուլային կոմիտե, որի նախագահ դաձավ Լեխ Վալենսան: Գործադուլավորներն առաջ էին քաշում  21 պահանջները, որոնք  ներառում են անկախ արհմիություններ ստեղծելու, խոսքի ազատության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքները, քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքական հետապնդումների դադարեցումը եւ այլն: Օգոստոսի 31-ին իշխանություններն ընդունում են  գործադուլավորների պահանջները:

1980թ. դեկտեմբերին կոմունիստական Լեհաստանի իշխանությունը՝ Վ. Յարուզելսկու գլխավորությամբ  արտակարգ  դրություն է մտցնում, ծայր են առնում քաղաքական հետապնդումները, սպանությունները, բռնությունները: «Սոլիդարնոստը» անցնում է ընդհատակ:

Թանգարանի առաջին սրահում խորհրդանշական, գրեթե կենդանության պատրանք թողնող պատկերներ  են՝ 80-ականների Գդանսկի չքավոր, հոգնատանջ կյանքը՝ կիսադատարակ խանութներով, աղքատիկ բնակարաններով, փողոցներում զուգարանի թուղթ վաճառող կնոջ մոմե արձանով: Երկրորդ սրահի ցուցանմուշները պատմում են Լեհաստանում եւ Եվրոպայի այլ քաղաքներում բողոքների միջոցառումներն ուղեկցող քաղաքական հետապնդումների մասին՝ լուսանկարներ, փաստաթղթեր, մարդկային անավարտ մնացած ճակատագրերի պատմություններ: Այդ սրահը նման է խավարչտին բանտի՝ երկաթե ճաղերով՝ վրան ծաղիկներ: Երրորդ սրահի  մեջտեղում Լենինի արձանն է: Ողջ պատի երկարությամբ ցուցադրվում է ֆիլմ գործադուլային Շարժման, «Սոլիդարնոստի» մասին: Ֆիլմն ուղեկցվում է «Սոլիդարնոստի» երգով: Թվում է՝ ոչ թե պարզապես դիտում ես այն, այլ ականատես ես, մասնակիցը ազատագրական այդ պայքարի: Չորրորդ եւ հինգերորդ սրահներում փաստաթղթեր են, թերթերի էջեր, լուսանկարներ, լուսապատկերներ: Սրահներում կիսախավար է, եւ դստերս խնդրում եմ կարդալ պատերի մի քանի գրառումները: Դստերս ձայնը դողում է. նրա հուզմունքն ինձ է փոխանցվում: Ես հիշում եմ ղարաբաղյան Շարժումը. «Սոլիդարնոստի» ազատության ճանապարհը նման է  Շարժման ճանապարհին: Սակայն մենք Շարժման թանգարան այդպես էլ չստեղծեցինք՝ անփույթ եւ անգութ գտնվելով մեր իսկ պատմության հանդեպ:

1988թ. «Սոլիդարնոստը» կազմակերպում է համազգային գործադուլ՝ ստիպելով Յարուզելսկուն բանակցել: 1989թ. ապրիլին՝ դուրս գալով  ընդհատակից եւ խորհրդարանի ընտրություններին մասնակցելով՝ «Սոլիդարնոստը» «Կլոր սեղանի» հետ 100 մանդատներից վերցնում են 99-ը: Լեհաստանում ձեւավորվում է առաջին ոչ կոմունիստական խորհրդարանը եւ կառավարությունը: 1990թ. դեկտեմբերին Լեհաստանի նախագահի պաշտոնում Լեխ Վալենսայի ընտրությամբ կոմունիստական վարչակարգը Լեհաստանում վերջնականապես տապալվում է:

Թանգարանի վեցերորդ սրահում այն գրիչն է, որով Լեխ Վալենսան ստորագրել է կոմունիստների հետ համաձայնութունը գործադուլային Շարժման պահանջների բավարարման մասին: Այստեղ պահվում է այն ամբիոնը, որից ելույթ է ունեցել Վալենսան, Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ նրան տրված տիտղոսաթերթը եւ այլ իրեր: Այժմ՝ Լեխ Վալենսայի կենդանության օրոք նրա անունն է կրում Գդանսկի օդանավակայանը:

«Սոլիդարնոստի» հաղթանակը ազատության հույս վառեց նաեւ Արեւելյան Եվրոպայի մյուս երկրներում: Թանգարանի վերջին սրահում գետնին կիսաթեք շարված կարմիր գրքերն են՝ նախկին սոց. ճամբարի եվրոպական պետությունների անուններով: Գրքերը խորհրդանշում են միմյանց ետեւից ազատագրվող եվրոպական պետությունների շարանը: Փոքր կինոսրահում անգլերենով ցուցադրվող ֆիլմը պատմում է Արեւելյան Եվրոպայի ազատության ճանապարհի մասին: Ուշադիր դիտում ենք ֆիլմը՝ հուսալով նաեւ փնտրել կադրեր կամ խոսքեր ղարաբաղյան Շարժման մասին: Ղարաբաղյան Շարժման մասին որեւէ հիշատակում չկա: Ի վերջո, ինչո՞ւ ուրիշները պետք է հիշեն մեր Շարժումը, եթե մենք ենք այն մոռանում:

Դուրս ենք գալիս թանգարանից: Լուռ քայլում ենք Ազատության ճանապարհով՝ ետդարձին տեսնելով նավաշինարանի զոհված բանվորների հիշատակին կանգնեցված աղյուսե  հուշարձանը: «Սոլիդարնոստի» թանգարանը Գդանսկի հպարտ բնակիչների եւ ողջ լեհ ժողովրդի սերն ու ու նվիրումն է ազատության եւ արդարության արժեքներին եւ գաղափարներին:

Դստերս հետ քայլում ենք Ազատության ճանապարհով. ես «Սոլիդարնոստի» հայտնի երգի տողերն եմ մրմնջում. Zeby Polska Byla Polska, Թող Լեհաստանը լինի Լեհաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031