Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունը կլինի օրենքով՝ առանց ծառահատումների եւ հողազավթումների

Հոկտեմբեր 24,2013 13:59

N_003 N_002 N_001«Շինարարությունը կատարվելու է բացառապես սեփական տարածքում, միայն գազոնների հատվածում, զբոսայգուց հողազավթումները կամ ծառահատումները բացառվում են»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Գոլդեն Պալաս» հյուրանոց ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը: Խնդիրն այն է, որ արդեն իսկ ահազանգեր են հնչել այն մասին, որ հյուրանոցի հետնամասում շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք ուղեկցվում են ծառահատումներով: Պարոն Ջանոյանը վստահեցրեց, որ հյուրանոցի հետնամասում  այս պահին ոչ մի շինարարական աշխատանք չի տարվում. «Ընդամենը կատարվել են հետազոտական աշխատանքներ. ուսումնասիրվել է հյուրանոցի հետնամասի գրունտի ամրությունը, ճշտում է կատարվել՝ արդյոք հնարավո՞ր է այդտեղ շինարարություն անել, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ շինարարություն կատարելուց առաջ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը կձեւակերպվեն, թույլտվությունները կլինեն, ապա միայն շինարարությունը կսկսվի. «Ոչ մի ապօրինի շինարարություն չկա եւ ոչ մի ապօրինի շինարարություն մեզ մոտ չի լինելու»: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ շինության մասին է խոսքը, մեր զրուցակիցը մանրամասնեց, որ հյուրանոցի սեփականատերերը որոշել են ընդլայնել հյուրանոցը, բնականաբար՝ նաեւ իրենց բիզնեսը՝ հաշվի առնելով վերջին տարիներին տուրիզմի աճը Հայաստանում եւ հյուրանոցների խիստ պակասը: Կատարվելու են լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ, շինարարության ընթացքում լինելու են լրացուցիչ աշխատատեղեր, իսկ ավարտից հետո կստեղծվեն նաեւ նոր աշխատատեղեր հայաստանյան շուկայում: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին ընդամենն ընթանում են չափագրման աշխատանքներ, որպեսզի դիտարկվեն հյուրանոցային տնտեսության ընդլայնման հնարավորությունները:

Կարեն Ջանոյանը նաեւ ասաց, որ իրենք պատրաստ են համարակալել բոլոր շրջակա ծառերը, եւ շինարարության ավարտից հետո եթե որոշ ծառեր չլինեն, բացի նրանից, որ պատրաստ են վճարել տուգանքները, նաեւ ամեն հատված ծառի փոխարեն պարտավորվում են տնկել 10-15 նոր ծառ: «Եթե բնակարանաշինության համար հնարավոր է չմտածել կանաչ գոտիների մասին, հյուրանոցի պարագայում պարտադիր է մտածել կանաչ գոտու մասին: Մանավանդ, որ «Գոլդեն Պալասը» տարբերվում է երեւանյան մյուս հյուրանոցներից հենց իր կանաչ, բարեկարգ շրջապատով: Բացի որակյալ սպասարկումից՝ մեր մշտական հյուրերը նաեւ շրջակա միջավայրի եւ մաքուր օդի համար են նախընտրում մեր հյուրանոցը»,- հավելեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031