Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու, որոնցից միայն չորսն է շփվել հայկական շրջանակների հետ ու նրանցից երեքը ֆավորիտներ են:
Այսօր այս մասին «Հայացք» ակումբում խոսելով Վրաստանի նախագահական ընտրությունների մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Շիրակ Թորոսյանի խոսքով` «Այդ չորս թեկնածուները ոչ միայն եղել են Ջավախքում, այլեւ հանդիպել են թիֆլիսահայության հետ, նրանք իրենց խոստումներում ժուժկալ են եղել, եւ այնպիսի խոստումներ, որոնք վերաբերվեն ազգային փոքրամասնություններին` չեն հնչեցվել: Նրանց վերաբերվող թեմաներն անտեսվել են, բոլոր թեկնածուները կարծիք են հայտնել, որ ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն վրացերենին»:
Շիրակ Թորոսյանի խոսքով` իրենք էլ կիսում են այդ կարծիքն ու համոզված են, որ վրացերենին տիրապետելով պետք է կարողանան ավելի լավ ինտեգրվել, մասնակցել Վրաստանի կառավարմանը: Սակայն ամեն դեպքում, ըստ Շիրակ Թորոսյանի` Վրաստանը պարտավոր է հարգել ազգային փոքրամասնությունների ազգային ինքնությունը:
Կարդացեք նաև
«Տարածված տեսակետ կա, թե Վրաստանի հայությունը, որեւէ կոնկրետ թեկնածուի նկատմամբ դիրքորոշում չունի, եւ որ որեւէ մեկը նրանց համար ֆավորիտ չէ, բայց ես կարում եմ Վրաստանի հայությունը կկողմնորոշվի եւ կքվեարկի մեկ թեկնածուի օգտին»,- նշեց Շիրակ Թորոսյանը՝ շարունակելով, թե դատելով Սահակաշվիլու վարած քաղաքականությունից` կապված ազգային փոքրամասնությունների խնդրի հետ, կարծում է, որ Վրաստանի հայությունը շահագրգռված չի լինի քվեարկելու նրա օգտին:
Շիրակ Թորոսյանի խոսքով Վրաստանի նախագահի մյուս թեկնածուներն առանձնապես չգտնվելով պետական կառավարման ղեկին, բացառությամբ Բուրջանաձեի, որեւէ պրակտիկ քայլով աչքի չեն ընկել, բայց այժմ աչքի են ընկնում իրենց հայտարարություններով, որոնք սակայն համոզիչ չեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ