Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը`իշխանության ոչ համարժեք արձագանքի մասին

Հոկտեմբեր 24,2013 13:29
Agvan Vardanyan

«Ցավոք, վերջին շրջանում ադրբեջանական լոբբինգը շատ ուժեղացել է եվրոպական կառույցներում եւ ակնհայտորեն, մենք այստեղ զիջում ենք Ադրբեջանին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ մենք պետք է ուշադիր լինենք`մեր շահերը պաշտպանելու համար: Հարցը վերաբերվում էր երեկ երեկոյան Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձեւին, որում ԼՂՀ-ին վերաբերվող տեքստում նշվում է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում`փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված 2009 թվականի լ՛Աքվիլայի համատեղ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ 1993-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը կոչ են անում դուրս բերել զորքերը Քելբաջարի, Աղդամի եւ մյուս «օկուպացված» տարածքներից: Լ՛Աքվիլայի հայտարարությունն իր հերթին հիմնվում է Մադրիդյան սկզբունքների վրա եւ կոչ է անում վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին, տրամադրել Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքներով և ինքնակառավարմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք բացել, ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել իրավաբանորեն ամրագրված կամքի արտահայտմամբ, հաշվի առնել տեղահանված մարդկանց և փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր և անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել` խաղաղապահ գործողությունների կիրառմամբ:

Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո արդեն իշխող ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների ու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արձագանքներում փաստվեց, որ միեւնույն փաստաթղթում միմյանց հակասող եւ միմյանց հետ որեւէ կապ չունեցող փաստաթղթերի է հղում արվում:

Մեր դիտարկմանը`այն, որ Եվրոպական խորհրդարանն այժմ` Հայաստանի նախագահի`Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո հիշեց բանաձեւեր, որոնք Ադրբեջանն այս տարիների ընթացքում իր ձեռքում դրոշակ էր դարձել, արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպան ԼՂՀ հարցը որպես մահակ է օգտագործելու, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց, որ դժվար է ուղղակիորեն եւ միանշանակ սա կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության հետ: Բայց որ լոբբինգի դաշտում Հայաստանը միանշանակ զիջում է Ադրբեջանին, որը տարեց տարի ուժեղացնում է իր դիրքերը`միանշանակ է:

Մեր զրուցակիցը իհարկե չի բացառում, որ Հայաստանի`Մաքսային միություն մտնելու այս փուլն Ադրբեջանը փորձում է օգտագործել Հայաստանի դեմ նոր բանաձեւեր ընդունելու համար`երկակի ստանդարտներով կամ անձնական շահագրգռություններով առաջնորդվող եվրոպացի պատգամավորներին օգտագործելով:

Հայաստանյան իշխանությունների արձագանքը`զուտ հայտարարությունների մակարդակով, Աղվան Վարդանյանը համարժեք չի համարում: Ընտ նրա, պետք է համակարգված եւ հետեւողական աշխատանք տանել եւ կարողանալ ներկայացնել խնդրի բուն էությունը`քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններում ընդունվում են խիստ միակողմանի եւ ԼՂՀ խնդրի էությունը շրջանցող բանաձեւեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. h0par says:

    Դժվար օրերը դեռ առջեւում են: ՄՄ-ը մեզ չի ընդըունի, միանշանակ դա ռուսների, իրենց տեսանկյունից շատ ճիշտ խաղն էր, մեզ հետ պահելու ԵՄ ասոցացումից: Արտագաղթի շարունակվում է, մնացողներս էլ տեղ չունենք գնալու ստիպված մնում ենք: Բոլոր երկրները առաջնորդվում են շահերով, իսկ Հայաստանը… Ամեն ազգ արժանի է իր իշխանավորներին՝ ոսկյա իմաստություն է, իսկը ասված է մեր մասին: Մեր երիտասարդ, նոր ձեւավորված ազգ ադրբեջանը, երիտասարդին բնորոշ կորովով հարձակվում է իր զառամյալ ազգ-հարեւան Հայաստանի վրա, իսկ այդ պայքարում շատ բնական է, որ վերջի-վերջո, ցավով եմ ասում, զիջելու է զառամյալը: Կարդացեք Լեո, ամեն ինչ հասկանալի կլինի՝ եւ ցեղասպանություն եւ այսօրվա վիճակ եւ ամեմ ինչ կապված մեր իրականության հետ: Ուշքի գալու ժամանակը անցել է: Մենք ոչ թե անդունդի եզրին ենք այլ արդեն թռչում ենք, աղոթենք, որ թռիչքը երկար տեւի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031