Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբեր 24,2013 13:14

Արդեն մոտ մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանք է առաջադրել:

Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը դժգոհ է քննչական մարմնի աշխատանքից. «Նրան ձերբակալելուց հետո, բացի մեղադրանք առաջադրելուց քննչական որեւէ գործողություն չի արվել: Քննչական մարմինը հրատապ պետք է կատարեր առերեսում Ավետիսյանի եւ այն անձանց հետ, որոնք նրա դեմ ցուցմունք են տվել: Մեկ ամսվա ընթացքում ոչ մի այդպիսի գործողություն չի արվել: Ուրբաթ օրը նոր մեղադրանք առաջադրվեց՝ խարդախություն կատարելու փորձի վերաբերյալ եւ կրկին ոչ մի առերեսում»:

Այսօր «Ուրբաթ» ակումբում փաստաբանը նաեւ ասաց, որ նոր մեղադրանքի առաջադրումը կարող է զրկել Ավետիսյանին նաեւ համաներման ակտով ազատ արձակվելու հնարավորությունից. «Համաներման որոշման պահանջներից մեկն այն է, որ եթե անձը մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ, ապա տվյալ դեպքում համաներման ակտի կիրառումը մնում է դատարանի վրա: Համաներումը տվյալ դեպքում կիրառվում է, եթե ազատազրկման դատապարտվելու որոշումը չի գերազանցում հինգ տարին: Տեսականորեն կարելի է ասել, որ Ավետիսյանի դեմ ներկայացված մեղադրանքները կարող են գերազանցել հինգ տարին, դրա համար էլ քննչական մարմինը հրատապ նոր մեղադրանք առաջադրեց, որ ցույց տա, թե ազատ արձակման որոշումը դատարանինն է: Նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ դատարանի եւ քննչական մարմնի գործողությունների հիմնավորում չկա »:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն էլ պատմեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մեծ գործեր էր ծրագրել: Նրա խոսքով, Վոլոդյա Ավետիսյանը մի քանի անգամ իր հետ զրույցում անկեղծացել է. Ասում էր՝ չեմ պատկերացրել, որ մեր պետությունն այսքան փտած է: Ասում էր՝ հասկանում էի, որ կան դժվարություններ, բայց որ ամբողջ համակարգն այսքան փտած է՝ չէի պատկերացնում: Նա պնդում էր՝ այս վարչախումբն ի վիճակի չէ լուծել հարցը»:

Նախաձեռնության ղեկավարը նաեւ պատմեց, որ սեպտեմբերի քսանին Վոլոդյա Ավետիսյանի հետ որոշել էին հանդիպել Ազատության հրապարակում՝ որոշելու, թե հաջորդ օրն ինչ են անելու. «Զանգեցինք ու պարզեցինք, որ դրա նախորդ օրը գիշերը նրան տնից առեւանգել են: Ասում եմ՝ առեւանգել են, որովհետեւ առանց ծանուցագրի, գիշերը տղավարի կանչում են դուրս ու դրանից հետո նա անհետանում է… Գիտակցում ենք, որ այս գործը շինծու է, որովհետեւ մինչեւ հիմա քննության նյութերին ծանոթ չենք: Մեկ ամսից ավելի կալանքի մեջ է եւ իր նկատմամբ չի կատարվում քննչական գործողություն: Լավ համարում ենք, անօրեն է կալանավորված, բայց եթե դուք չեք համարում, ուրեմն կատարեք քննչական գործողություններ: Ոչ առերեսում, ոչ ցուցմունքներ, ուղղակի պահում են»:

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանն էլ շարունակեց. «Ուշքի արի պետություն եւ անդրադարձիր այս հարցին, որովհետեւ վաղվա պատերազմից ապահովագրված չես, վաղվա դիրքերում կանգնողը չգիտես որտեղ կկանգնի: Որոշել էինք որպես արհամարհվածների կեցվածք նստացույց հայտարարենք, որ չկայանա այս նստացույցը, նրանք մեկուսացրին Վոլոդյային, շինծու հոդվածները կպցրին: Սեպտեմբերի 21-ին մենք ազատամարտիկներով պետք է հավաքվեինք հանրապետության հրապարակում: Այդ օրը նախագահի փոխարեն երգում էր

Հայոց երգչուհի Նունե Եսայանը, իշխանություններն անգամ չշնորհավորեցին ժողովրդին, որոնք հավաքվել էին հրապարակում, դա ցույց էր տալիս մեր երկրի անկումը»:

Արա Խուդավերդյանը նաեւ հավելեց, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ կատարվածը բերելու է սոցիալական բունտեր, որը կարող է տանել պետության համակարգային կործանման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031