Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովն ըմբոստացել է ընդդեմ կառավարության (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2013 13:06

Ազգային ժողովում արդեն երրորդ օրը քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դարձավ կառավարության եւ Ազգային ժողովի մեջ մրցակցության եւ սեփական դերը կարեւորելու առիթ:

Ինչպես երեկ, երբ պատգամավորները օրենքի նախագծի հետ կապված հարցեր էին տալիս նախագիծը ներկայացրած ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանին եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, այնպես էլ այսօր, երբ պատգամավորները ելույթներ էին ունենում, քանիցս բարձրացրեցին հարցը, թե ինչու է կառավարությունը իրեն ավելի բարձր դասում Ազգային ժողովից, այդ ինչպես եղավ, որ Սահմանադրությամբ երկրորդն իր կարեւորությամբ՝ ԱԺ նախագահը նույն մակարդակի վրա է գործակիցների սանդղակում, ինչ՝ երրորդ տեղը զբաղեցնող վարչապետը:

Երեկ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էր հարցնում՝ ո՞վ է ավելի կարեւոր՝ առաջարկ բերողը (նախարարը), թե որոշում կայացնողը (պատգամավորը): Եվ փորձում ապացուցել, որ որոշում կայացնողը եւ այդ որոշման համար քաղաքացիական պատասխանատվություն ունեցողն ավելի կարեւոր է, եւ չպետք է պատգամավորը նախարարից քիչ աշխատավարձ ստանա՝ փոխնախարարի եւ մարզպետի չափ:

Ճիշտ է, պարոն Հարությունյանը մի կողմ էր դնում հասարակության համար աքսիոմի պես արմատացած կարծիքը, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ոչ թե որոշում կայացնող են, այլ ընդամենը՝ կոճակ սեղմող, նրանց փոխարեն որոշումները այլ տեղ են կայացվում:

Այսօր այս նույն հարցը բարձրացրեցին ինչպես ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, Սամվել Ֆարմանյանը, այնպես էլ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը:

Դավիթ Հարությունյանը կարծում էր, որ ներկայացված օրենքի նախագիծը ոչ թե աշխատավարձերի մասին օրենք է, այլ՝ քաղաքական փաստաթուղթ, որն արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա առաջին հերթին որոշումներ կայացնելու եւ պատասխանատվության տեսակետից: Նա գտնում էր, որ կարեւոր չի, որ այդ գործակիցների սանդղակում պաշտոնյաների գործակիցների տարբերությունները փոքր լինեն, կարեւորը, որ դրանք արտահայտեն քաղաքական դիրքորոշումը:

Ինքնաքննադատաբար նա նաեւ ասաց, որ այն փաստը, որ պատգամավորների դերակատարումն այդքան նվազեցված, բարձր չարժևորված է այս երկրում, դրանում մեղավորը հենց պատգամավորներն են: Եվ այլընտրանք առաջարկեց՝ կամ ընդունում ենք այդ իրողությունը կամ ցույց ենք տալիս, որ դեմ ենք դրան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Պաշտոնական տվյալներով մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։ Ինչ է սա եթե ոչ” խնջույք ժանտախտի ժամանակ”

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031