Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին վար կատարելու համար տրակտոր չի ճարում

Հոկտեմբեր 24,2013 12:48

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը աշնանացան ցորենի դաշտը վարելու համար 5 օր շարունակ ապարդյուն տրակտոր է որոնել հայրենի գյուղում, հետո տրակտոր ճարել հարեւան Կողբում, սակայն այն տեխնիկապես անսարք է դուրս եկել եւ բերդավանցու դաշտը չի վարել:

Տավուշի մարզում առկա գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, տարբեր ծրագրերով ստացվող նոր գյուղտեխնիկան քիչ է:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանին հարցրեցինք, թե 1431 հա վարելահող ունեցող գյուղում վարող քանի՞ տրակտոր կա: Նա ասաց, որ երկու վարի տրակտոր կա, սակայն տրակտորիստներից մեկը ամեն տարի մոտ իր համար մոտ 25 հա վար է կատարում եւ ժամանակ չունի համագյուղացիների դաշտերը հերկելու:

Արարատ Գաբրիելյանից տեղեկացանք, որ պետական աջակցության ծրագրով,լիտրը 350 դրամով Բերդավանին տրվել է 4 տոննա դիզելային վառելիքի չափաբաժին, Բերդավանից առայժմ 2 տոննա դիզվառելիքի հայտ է ներկայացվել:

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը հայտնեց, որ այս տարի պետական աջակցության ծրագրով մարզին հատկացվել է 235 հազար լիտր դիզվառելիք: Սակայն մարզի շատ համայնքներում վար չի կատարվում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզխորհրդի հոկտեմբերի 12-ի նիստում գյուղապետերին հորդորեց.

«Դեռեւս կան համայնքներ, որոնք շարունակում են… չունեն որեւէ մի հեկտար վարած հող, չունեն դիզելային վառելիքի պահանջարկ: Ես դա անընդունելի եմ համարում: Պետք է սկսել, շարժել, խնդիրն առաջ տանել: Որովհետեւ եթե չունեցանք վարած հողատարածք, գյուղացին պրոբլեմ է ունենում: Այսօր մենք թիկունք ենք կանգնում, արտոնյալ դիզվառելիք ենք տալիս, արտոնյալ սերմացու ենք տալիս: Անշուշտ, այսօր տարբերությունը շատ մեծ է, անցյալ տարվա համեմատ պահանջարկը մեծացել է, արդեն 350 տոննա, եթե հաշվենք այլ ծրագրերով տրամադրված սերմացուն, 400 տոննայի է հասել: Ես հորդորում եմ, որպեսզի դուք անմիջական մասնակցություն ունենաք այդ խնդիրների լուծմանը: Կան համայնքներ, որ տարիներ շարունակ, ոնց որ խոպան լինեն այդ տարածքները, բայց այսօր վարվում են այդ տարածքները՝ կրկնակի-եռակի»:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանին հարցրեցինք, թե անցյալ տարի մարզում որքա՞ն աշնանացան ցորեն է ցանվել: Վ. Սուքոյանն ասաց, որ անցյալ տարի մարզում եղել 6160 հեկտար աշնանացան, իսկ այս տարի կլինի մոտ 6500 հեկտար: Մարզի գյուղատնտեսները այս թվերը կասկածահարույց են համարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031