Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակն աղավաղելու 13 միջոց

Հոկտեմբեր 24,2013 11:40

Հոկտեմբերի 22-ին հանրությանը ներկայացվեցին հրապարակի վերակառուցման 13 նախագիծ-առաջարկներ, որոնք անմիջապես բացասական գնահատականների արժանացան հանրության եւ Երեւանի համար սրտացավ ճարտարապետների կողմից, ովքեր, ի տարբերություն մրցույթին առաջարկներ ներկայացրած ճարտարապետների, զերծ էին մնացել Երեւանն այլանդակելու` քաղաքային իշխանությունների ծրագրերի մեջ ներքաշվելուց:

BBC-ի ռուսական ծառայության լրագրող, խմբագիր ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ներկայացված ճարտարապետական նախագծերին, հռետորական հարցադրում է արել` մի՞թե նախագծերի հեղինակները կարող են այդ աստիճան անճաշակ լինել, եւ մի՞թե ճաշակի, ոճի զգացողության այդպիսի բացակայության, ճարտարապետությունից ոչինչ չհասկանալու դեպքում նրանք գոնե հարգանք չունեն անցյալի մեծանուն ճարտարապետների` Թամանյանի, Գրիգորյանի, Սաֆարյանի եւ մյուսների նկատմամբ:
«Որտեղի՞ց նրանց այդ մեծամտությունը, որով նրանք հանդգնում են մտածել, թե կարող են «շտկել» մեծ վարպետների ստեղծագործությունները: Մի՞թե Հայաստանում ճարտարապետների այնպիսի սերունդ է մեծացել, ովքեր թքած ունեն օրենքի վրա, որով հրապարակը` որպես պատմաճարտարապետական հուշակոթող, անձեռնմխելի է: Կարծում եմ, բոլոր այդ նախագծերը վկայում են հայկական ճարտարապետության խոր ճգնաժամի մասին` գաղափարական, ստեղծագործական, հոգեւոր ճգնաժամի»,- իր մտահոգությունն է հայտնել լրագրողը:
Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ ի սկզբանե ընդգրկված է եղել մրցութային հանձնաժողովի կազմում, սակայն ծանոթանալով մրցույթի ծրագրին եւ այնտեղ հայտնաբերելով իր սկզբունքներին հակասող դրույթներ` հրաժարվել է հանձնաժողովի անդամությունից:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դեմ է հրապարակի ցանկացած վերափոխմանը եւ ընդհանրապես մրցույթ կազմակերպելու գաղափարին, որը միտված է իրագործելու ինչ-որ մարդկանց շահերից բխող ձեւափոխություններ` առանց հաշվի առնելու հրապարակի պատմական հուշարձան լինելն ու դրա ներդաշնակ, ավարտուն տեսք ունենալը: Ուր մնաց, թե ներկայացված նախագծերից որեւէ մեկին հավանություն տա:
«Այս քաոսային ժամանակներում Հանրապետության հրապարակին մատով դիպչելը, առավել եւս մեծածավալ փոփոխություններ անելը վտանգավոր է, հետեւանքը կարող է այն լինել, որ մենք կկորցնենք եւս մեկ կարեւորագույն պատմաճարտարապետական արժեք»,- համոզված է ճարտարապետը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031