Հատված կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ հարցազրույցից:
– Շատերի կարծիքով, մեր «փրկությունը» դեպի Եվրոպա գնալը կլիներ…
– Ի՞նչ է նշանակում գնալ Եվրոպա, կբացատրե՞ք ինձ։ Փեշերը հավաքենք գնանք, Լյուքսեմբուրգին ասենք՝ կներես, դուրս արի ստեղից, որովհետեւ ես ուզում եմ Բելգիան իմ հարեւանը լինի, ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջա՞նը։ Ո՞նց եք մտածում Եվրոպա գնալ, եթե դուք եվրոպացի չեք, այլ ասիացի եք ձեր մտածողությամբ։ Կան 15-20 տոկոս եվրոպական մտածողությամբ մարդիկ, բայց հասարակության հիմնական մասն ասիացի է, ասիական արժեհամակարգի մեջ է ապրում՝ թե մշակութային, թե քաղաքական, թե սոցիալական… օլիգարխին, դեպուտատին թագավոր են ասում… դուք որեւէ եվրոպական երկրում տեսե՞լ եք, որ մարդիկ դեպուտատին կամ այլանդակ հարստացած մեկին թագավոր ասեն։
– Անկախություն կամ պետականություն մեկ օրում չեն կորցնում, իմ կարծիքով… արդյոք 21 տարիների ընթացքում անկախ պետականության գաղափարը կարեւորվե՞ց մեզանում…
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ կապ ունի՝ մեկ օրո՞ւմ, թե՞ հինգ տարում։ Ես ռուսական կրթություն ունեցող մարդ եմ, դա ինձ հնարավորություն է տվել խորհրդային շրջանում կարդալ ահռելի գրականություն, տիրապետել ահռելի ինֆորմացիայի, եւ ես խորհրդային փակ հասարակարգում ազատ մարդ էի։
Այսօր ինչ է կատարվում, անկախ Հայաստանում, Ինտերնետի եւ հսկա ինֆորմացիոն դաշտի առկայության դեպքում մարդիկ վերածվել են կենդանակերպ, ինչ-որ սուղ դատողությամբ սպառողական հասարակարգի։ 20 տարի առաջ թող ինձ ասեին, որ սպառողական հասարակարգ են ստեղծելու, ես միանգամից փախնեի։
Մեր կայքերը «ռեյտինգի» համար կգրեն, թե ով ինչ գույնի ներքնազգեստ է հագել։ Երբ սկսում են վարկանիշները ղեկավարել ամեն տեղ՝ թե քաղաքական դաշտում, թե մշակույթի… դու դառնում ես վարկանիշի գերի։ Այսօր ատում են այն քաղաքացուն, ով Հանրապետականի նշան չունի դոշին, կամ էդ շարֆիկները, այսինքն՝ ծաղրածու չի, էլի։
Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում