ՍիվիլՆեթի հարցմանը, թե արդյոք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի որոշումը համապատասխանո՞ւմ է ԵԽԽՎ նորմերին և կանոնակարգին և արդյոք գոյություն ունե՞ն մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի է կանխել որևէ երկրի պատվիրակության ընդդիմադիր անդամի հեռացումը, ԵԽԽՎ-ից ստացվել է հետևյալ պատասխանը․ «Կառույցը այս հարցի շուրջ որևէ պաշտոնական տեղեկատվության դեռ չի տիրապետում, ուստի հնարավոր չէ մեկնաբանել առանձին այս դեպքի վերաբերյալ շրջանառվող լուրերը»:
Միաժամանակ ՍիվիլՆեթին ուղղված նամակում ԵԽԽՎ-ն հիշեցրել է իր կանոնակարգի մասին, ըստ որի՝ ազգային պատվիրակության անդամի փոփոխությունը կարող է տեղի ունենալ նրա մահվան, հրաժարականի կամ ընդհանուր պատվիրակության փոփոխության դեպքում՝ ընտրություններից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
«Վեհաժողովի Կանոնակարգի 10-րդ կետի համաձայն՝ պատվիրակության անդամի լիազորությունների ժամկետը սպառվում է այն պահին, երբ բացվում է հաջորդ «սովորական նստաշրջանը»: Այն տևում է մեկ տարի՝ հունվարից հունվար: Գործնականում, սա նշանակում է, որ Վեհաժողովում հավատարմագրված բոլոր անդամները պահպանում են իրենց լիազորությունները մինչև հունվար ամսին մեկնարկող նստաշրջանի սկիզբը, երբ փոխվում է ազգային բոլոր պատվիրակությունների կազմը: Այս ընթացակարգում գոյություն ունի երեք բացառություն.
– անդամի մահ/վախճան,
– անդամի հրաժարական, ինչը պահանջում է նրա կողմից գրված անձնական նամակ՝ ստորագրությամբ,
– եթե պատվիրակության ամբողջ կազմը փոխվում է խորհրդարանական ընտրություններից հետո (կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա ընտրություններից հետո՝ վեց ամսվա ընթացքում):
Կանոնակարգի 6.2 կետը նույնպես ամրագրում է, որ «ազգային պատվիրակությունների կազմը պետք է ապահովի ազգային խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների և խմբերի արդար ներկայացուցչություն»: Այն, թե ինչպես է դա կիրառվում, և ինչ է ենթադրում «արդար» սահմանումը, ամրագրված է Վեհաժողովի 2011թ. բանաձևում:
Յուրաքանչյուր անդամ, որը կարծում է, որ կանոններն ըստ պատշաճի չեն կիրառվել, կարող է գրել Վեհաժողովի նախագահին»,- նշված է ԵԽԽՎ-ի պատասխանում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում