Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին «Վաշ-վիշ» և «Ոչ մի թափոն» կարճամետրաժ ֆիլմերը: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության Լիանա Սմբատյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը և «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը:
Քննարկման ընթացքում Հովհաննես Ահարոնյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը անդրադառնում է աղբահանության խնդրին՝ արմատական փոփոխություններ կատարելով: Պարոն Ահարոնյանը նշեց, որ աղբահանությունը իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթել են երկու արտասահմանյան կազմակերպություններ, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից պատրաստվում են իրականացնել մայրաքաղաքի աղբահանության աշխատանքները: Հովհաննես Ահարոնյանը դա համարում է քաղաքապետարանի կատարած առաջին քայլը տանող աղբի վերամշակման գործարանի ստեղծմանը:
Նա նաև անդրադարձավ Երևանի ներկայիս աղբահանությանը. «Նուբարաշենի աղբավայրը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 10կմ հեռավորության վրա՝ ծառայում է այդ նպատակին դեռևս 1950-ական թվականներից: Այն ընդգրկում է 52 հեկտար տարածք, որտեղ այդ տարիների ընթացքում կուտակվել է 8 միլիոն տոննա ոչ կենցաղային թափոն: Նույն տեմպերով եթե շարունակենք նրա շահագործումը, ապա այն կծառայի մայրաքաղաքին ևս 15 տարի: Վերջինս նշանակում է, որ մենք հապաղելու ժամանակ գրեթե չունենք»:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով մրցույթը հաղթած կազմակերպություններից մեկի՝ շվեդական «Էկո գրուպ» կազմակերպության աշխատակիցները Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչների հետ հանդիպել և ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ տարբերակել աղբը, սակայն բնակիչները չեն համաձայնել. «Աղբահանությունը մշակույթ է, որ, ցավոք սրտի, մենք դեռևս չունենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ