«Ալավերդի համայնքի երեխաներն որոշել էին ներկայացնել այն թեման, որը ամենից շատ է իրենց հուզում: Ու փորձում էին ներկայացնել խնդիրը՝ սպասելով պատասխանի, այսինքն՝ երեխաները պատրաստել էին ֆիլմ-ահազանգ, որը որ արդյունքում լուծում չի տալիս, բայց լուծում պահանջում է»,- հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Վաշ-վիշ» և «Ոչ մի թափոն» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությանը հաջորդող քննարկման ընթացքում հայտարարեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության Լիանա Սմբատյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը և «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը:
Ֆիլմերը ցուցադրվում էին «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում: «Վաշ-վիշ» ֆիլմում «SOS մշակույթ» ծրագրի մասնակիցները փորձում են պարզել Դեբեդի աղտոտվածության պատճառները և պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների հետևանքները: Իսկ իտալական «Ոչ մի թափոն» ֆիլմում Ֆրանցիեսկո Բարբիերին ճանապարհորդում է փորձելով հասկանալ այլ երկրների աղբի կառավարման փորձը: Ֆիլմում Բարբերին ցույց է տալիս, թե ինչպես են մարդկանց բացասական վերաբերմունքը աղբահրկիզմանը:
Լիանա Սմբատյանը չհերքեց, որ ֆիլմը կարող է մասնակցել միջազգային փառատոնների, սակայն Հովհաննես Ահարոնյանին դուր չեկավ այդ միտքը, քանի որ ինքը՝ որպես անհատ, ամաչում է Հայաստանում նման երևույթի առկայության համար.
Կարդացեք նաև
«Հիմա, եթե ասում եք, որ ֆիլմը պետք է մասնակցի փառատոնների ինձ՝ որպես հայ մարդու, մի փոքր անհանգստացնում է: Ես չէի ցանկանա, որ աշխարհի տարբեր հատվածներում այս ֆիլմը դիտեին: Եվրոպայից ֆիլմ ենք տեսնում, որում բնապահպանները պայքարում են, որ չունենան աղբահրկիզման վառարաններ, այլ տեսակավորման գործարաններ, իսկ մեր մոտ տեսնում ենք վանդալիզմի դրսևորում»:
Սակայն Լիանա Սմբատյանը առարկեց՝ եթե խնդիր կա, այն պետք է լուծում ստանա. «Կան բնապահպանական հետազոտությունների շատ տվյալներ, որ Ալավերդի քաղաքում մոտավորապես 15 տարի հետո, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, գենետիկ մուտացիաներ տեղի կունենան. ուղղակի դժվար կլինի ունենալ առողջ սերունդ: Իմ կարծիքով, դա շատ ավելի մտահոգիչ հարց է, քան ազգային մեր նկարագիրը այլ մարդկանց աչքերում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ