Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Հարությունյան. «Եթե մեր ժամանակակից արվեստը ՀՀ սահմաններից դուրս չգա, հետագա աճ և զարգացում չի կարող գրանցել»

Հոկտեմբեր 23,2013 19:42

2013թ. հոկտեմբերի 8-10-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը հայ արվեստագետ Տիգրան Սահակյանին ներկայացրել էր Բոննի քաղաքապետարանի Մշակույթի գործակալության կողմից կազմակերպված և Բոննի Արվեստագետների ֆորումում (Künstlerforum Bonn) իրականացվող «Առանց սահմանների» միջազգային փառատոնին, որին մասնակցում էին նաև Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի, Չինաստանի և Բելառուսի արվեստագետները:

Եվ այս առիթով այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հյուրընկալվել էին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն ու նկարիչ Տիգրան Սահակյանը։

Ս. Հարությունյանի խոսքերով` Տիգրան Սահակյանի աշխատանքը մեծ ուշադրության է արժանացել, և Բոնն քաղաքի ամենօրյա «Գեներալ-Անցայգեր» (General-Anzeiger) պարբերականը, անդրադառնալով միջազգային նախագիծ-ցուցահանդեսին, կարևորել և ընդգծել է նկարիչ Տիգրան Սահակյանի մասնակցությունը: «Ես վստահ կարող եմ ասել, որ Տիգրան Սահակյանի մասնակցությամբ ՀՀ-ն հնարավորություն ստացավ հանրահռչակելու իր ժամանակակից արվեստը»,-հավելեց Ս. Հարությունյանը:

Տ. Սահակյանը, հատկապես տպավորված է ցուցահանդեսի մասնակից չինացի նկարիչների աշխատանքներով. «Հետաքրքիր էր շփումը նրանց հետ, կողքից դիտելը, թե ինչպես են աշխատում իրենց ավանդական տեխնիկայով և նյութերով», – ասաց նկարիչը։

Նշենք, որ երիտասարդ արվեստագետն իր աշխատանքը նվիրաբերել է Բոննի Արվեստագետների ֆորումին:

Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ Տեր Ասողիկ քահանայի հետ խորհրդակցելուց հետո «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որ Վեհարանի և իրենց հիմնադրամի կողմից հրավեր կուղարկվի բոլոր մասնակից երկրներին` այդ փառատոնը 2014թ. աշնանը Հայաստանում շարունակելու համար: «Ի դեպ, այս գիտաժողովը և առհասարակ փառատոնը սկիզբ դրեցին Հայաստանի, Իսլանդիայի և Ավստրիայի միջև համագործակցության: Համագործակցություն, որի նախաձեռնողը մենք չէինք: Այդ երկրների արվեստագետներն այնքան տպավորված էին մեր մասնակցի աշխատանքներով և նրանց կողմից այնքան մեծ էր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որ իրենք առաջարկեցին գալ Հայաստան»,-հայտնեց բանախոսը:

Հարց-դիտարկմանը, թե դրսում այսօր կա՞ արդյոք ձևավորված որոշակի մոտեցում հայ արվեստագետի հանդեպ, որովհետև ամեն անգամ, երբ մեր արվեստագետները հանդես են գալիս միջազգային հարթակներում, կարծես թե հայտնություն են դառնում տվյալ երկրի համար, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Բոնն քաղաքում պատկերացում ունեն հայ ժամանակակից արվեստի մասին, բայց դա շատ քիչ է: Ես համոզված եմ, որ այնտեղ հատկապես այս նախագծով հայ ժամանակակից արվեստը ձեռք բերեց մեծ վարկանիշ, և սա կարող է շատ լավ հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար»:

Բանախոսն ասաց, որ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը պատրաստ է և շարունակելու է հետևողական աշխատել, բայց միայն հիմնադրամը չի կարող ապահովել պետության գոյությունը տվյալ երկրում: «Այսօր դա կարևորագույն խնդիր է, որովհետև եթե մեր ժամանակակից արվեստը Հայաստանի սահմաններից դուրս չգա, հետագա աճ և զարգացում չի կարող գրանցել: Կարծում եմ` արդեն բավական ժամանակ է, որ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ ստեղծագործում են նույն տեղում, լսում են նույն կարծիքները, որոնք իրենց ոչինչ չեն տալիս: Այսինքն` պետք է փուլից փուլ անցում լինի, որպեսզի արվեստագետն ինքն էլ տեսնի իր աճը,  բայց այդ անցման համար շատ նախապայմաններ են հարկավոր»,-ավելացրեց նա:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև փառատոնի շրջանակներում կազմակերպված «Մշակույթ. քաղաք. կրոն» թեմայով գիտաժողովին, որի ընթացքում զեկուցումներով ելույթ են ունեցել «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Ս. Հարությունյանն ասաց, որ փառատոնին մասնակցող յուրաքանչյուր երկրից հրավիրված է եղել մեկական հոգևորական և մշակույթի պատասխանատու, որոնք շոշափել են մշակույթ, քաղաք և կրոն թեմաները` յուրաքանչյուրն իր տեսանկյունից: «Ես հանդես եկա «Կրոնական ինքնությունը հայկական ավանգարդում» խորագիրը կրող զեկուցմամբ: Պետք է ասեմ, որ բոլոր մասնակիցների կողմից մեծ էր հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զեկուցումների նկատմամբ, որովհետև նրանց համար շատ կարևոր էր տեսնել քրիստոնեության սկզբնաղբյուրը: Նրանք գիտաժողովի շրջանակներում էլ արձանագրեցին, որ Հայաստանն է եղել առաջին քրիստոնյա երկիրը, և Հայաստանից է քրիստոնեությունը տարածվել Եվրոպայում»,-ասաց Սոնա Հարությունյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031