ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին հանդիպեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Մարիո Բարսենիյայի գլխավորությամբ:
«Իզուլյուքս Կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարական աշխատանքները:
Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ ևս հստակ խնդիր դրեց իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնելու և սահմանված ժամկետում դրանք ավարտելու համար: Գ.Բեգլարյանը նշեց, որ չնայած նկատվել է շինարարական աշխատանքների որակի որոշակի աշխուժացում, սակայն դեռևս առկա են շինարարության կազմակերպման և որակի բարձրացման խնդիրներ:
«Առաջին իսկ օրվանից իմ գլխավոր պահանջը եղել է նախագծի համաձայն աշխատանքների իրականացումը, քանի որ խոսքը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակության ծրագրի մասին է: Մեզ անհրաժեշտ է, որ պայմանագրի կետերն իրագործվեն, և կարևորագույն այս ծրագիրը բարձր որակով հասցնենք ավարտին: Յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի նախագծի համաձայն. որևէ շեղում չենք ընդունի»,-նշեց նախարարը:
Կարդացեք նաև
Նախարարը ընդգծեց, որ ընկերությունը պետք է ավելի սերտ համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ, ինչը դրական կանդրադառնա շինաշխատանքները ժամանակին ավարտելուն:
Մարիո Բարսենիյան կիսեց նախարարի մտահոգությունները՝ նշելով, որ իրենց մասնագետներն ամբողջովին ընդգրկված են աշխատանքներում, ինչը կնպաստի առաջադրված խնդիրների լուծմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն