Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը չի ուզում վարկաբեկել, ուզում է կեղտը մաքրել

Հոկտեմբեր 23,2013 18:06

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հերթական անգամ հարց ուղղեց օֆշորային սկանդալի մասին, նաեւ կոռուպցիոն մի քանի մեղադրանքներ հնչեցրեց՝ կապված, մասնավորապես, «Ֆլեշի» գործունեության հետ: «Գիտեմ, որ վարչապետը շատ է հոգնում իրեն եւ կառավարությանը բացահայտ կոռուպցիայի մեջ մեղադրող կրկնվող հարցերից»՝ սկսեց իր հարցը պարոն Զուրաբյանը եւ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է օֆշորային սկանդալը եւ ինչպես է երկու Սարգսյանների՝ Սերժ եւ Տիգրան, մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» առանց տենդերի շահել մատչելի վառելիքով գյուղացիներին մատակարարելու իրավունքը:

Տիգրան Սարգսյանը օֆշորի մասով ասաց, որ սպառիչ պատասխան տվել է վաղուց այդ հարցին, ասելով, որ ամենաշահագրգիռ անձը, որ այդ սկանդալը բացահայտվի՝ ինքն է, եւ ինքը մի քանի անգամ հայտարարել է, որ որեւէ մեկին չի լիազորել իր անունով ընկերություն բացելու, ինքն էլ անձամբ երբեք Կիպրոսում չի եղել՝ որպես վարչապետ: Եվ որպես վերջին փաստարկ հիշեցրեց, որ Կիպրոսում կարելի է գրանցել ձեռնարկություն ցանկացած, անգամ՝ մեռած մարդու անունով, իսկ այս պատմությունը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար նա միայն մի պատճառ է տեսնում՝ «գործող վարչապետին վարկաբեկելը»:

Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ իրենց նպատակը վարկաբեկելը չէ, այլ՝ պետության վրայից կեղտը մաքրելը:

Ինչ վերաբերում է «Ֆլեշին» եւ կոռուպցիոն ռիսկերին, պարոն վարչապետը նկատեց, որ եթե նայենք, թե ովքեր են մասնակցում եւ շահում տենդերները, ապա կարելի է ասել, որ «նրանց 99%-ը իմ մերձավոր բարեկամներն ու ընկերներն են, որովհետեւ ես ի պաշտոնե շփվում եմ բազմաթիվ ձեռնարկատերերի հետ, եւ կարելի է միշտ ասել, որ հաղթողը վարչապետի մերձավորն է, բայց սա օբյեկտիվ եւ ճիշտ չի»:

Այս առումով Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարչապետի թշնամիները կարող են նույնքան հաջողակ լինել բիզնեսում, որքան մերձավորները, վարչապետը «հանգստացրեց» ՀԱԿ խմբակցության ղեկավարին՝ «ես թշնամիներ չունեմ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031