Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Նենգ սադրանքները անպատասխան չեն մնացել եւ չեն մնալու»

Հոկտեմբեր 23,2013 17:49

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թեւան Պողոսյանը հարցրեց երեկ Տավուշում հակառակորդի գնդակից զոհված եւ վիրավորված զինվորների մասին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դա «Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որը ստանալու է իր պատասխանը»:

Պարոն վարչապետը համարում է, որ դա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո հետընտրական փուլում ադրբեջանցիների ուշադրությունը ընտրությունների արդյունքներից, դրանց բուռն քննարկումներից շեղելու նպատակ ուներ միայն. «Նման գործողությունները անպատասխան չեն մնացել եւ չեն մնալու»:

Նա, պատասխանելով Թեւան Պողոսյանի մյուս հարցին՝ զոհված ազատամարտիկներին բնակարաններով ապահովելու կառավարության ստանձնած պարտավորության մասին՝ ասաց, որ պաշտպանության նախարարությունը հաշվառել եւ ըստ խմբերի դասակարգել է բնակարանների կարիք ունեցողներին, սկսվել է բնակարանաշինությունը, որը մի փոքր դանդաղել է, քանի որ բնակարանաշինությանը հատկացվող գումարները նվազել են. «Նախկինում մենք որոշել էինք բնակարանաշինությանը հատկացնել տարեկան 3 մլրդ դրամ, սակայն բյուջետային ճշտումների արդյունքում այդ գումարները հասել են տարեկան 500 մլն դրամի»:

Ըստ էության վեց անգամ պակասել են բնակարանաշինությանը հատկացվող գումարները, սակայն վարչապետը հույս հայտնեց, որ կփորձեն հետագայում ավելացնել ֆինանսավորումը եւ լրացուցիչ խնայողություններից էլ գումար հատկացնել այդ նպատակին:

Թեւան Պողոսյանի ճշտող հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկվո՞ւմ է այն հարցը, որ ՀՀ պետական սահմանի վրա ոտնձգություններ են տեղի ունենում, եւ հարց բարձրացվո՞ւմ է այն մասին, որ ՀԱՊԿ մեր գործընկերները զինամթերք չվաճառեն մեր թշնամիներին, պարոն վարչապետը պատասխանեց, որ դրա վերաբերյալ «կոնսուլտացիաներ կլինեն»: Նաեւ ասաց, որ շատ կոնսուլտացիաներ հրապարակային բնույթ չեն կրում, բայց այդ հարցը օրակարգային է եւ միշտ ներկայացվում է ՀԱՊԿ գործընկերների ուշադրությանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031