Քրեական հեղինակություն Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման վերաբերյալ քրեական գործով Վարուժան Քարիմյանը, Սարգիս Զազյանը, Դավիթ Զիրոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարտին Ծերունյանը, Գևորգ Պետրոսյանը 2013թ. մայիսի 11-ից անազատության մեջ են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությունը»): Իսկ այդ հանցագործության պատվիրատու լինելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշվում էր, որ ոստիկանությունը մեկ տարուց ավելի աշխատանք է կատարել այդ խմբին բացահայտելու համար: Սակայն ավելի քան 5 ամիս կատարվող նախաքննությունը չի ավարտվել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ գործով քննությունը շարունակվում է:
Զանգահարեցինք կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ Վարուժան Քարիմյանի տուն: Նրա մայրը՝ տիկին Ռաիսան ասաց, որ անցած 5 ամսում իրենց ընտանիքի անդամներին չի թույլատրվել տեսակցել կալանավորված Վարուժան Քարիմյանի հետ, որ ընտանիքը գոյատեւում է իր ստացած կենսաթոշակով եւ Վարուժանի ավագ՝ 18-ամյա որդու վաստակով:
Տիկին Ռաիսան ասաց, որ Վարուժանի ավագ որդին արդեն մի քանի տարի աշխատում է, որպեսզի տան կարիքները հոգան:
«Եթե այդ գործի համար Վարուժանը մեծ գումարներ է ստացել, ինչո՞ւ նրա որդին պետք է աշխատեր ուրիշների մոտ»,-ասաց տիկին Ռաիսան:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ Վարուժան Քարիմյանի շահերը պաշտպանում է երեւանցի մի փաստաբան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ