Այսօր, երբ Ազգային ժողովը քննարկում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը , պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարց բարձրացրեց ուսուցիչների վարձատրության մասին: Նրանց աշխատավարձը այս օրենքի նախագծով նույնպես բարձրանալու է, հավանաբար՝ մոտ տաս հազար դրամով: Պարոն Մարգարյանին հետաքրքրում էր՝ քանի որ եկող տարեսկզբից 1974թ.-ից հետո ծնվածները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին են անցնելու, եւ իրենց աշխատավարձից բավականին զգալի գումար գնալու է պարտադիր կուտակմանը, արդյոք արդյունքում ուսուցիչը փաստացի ավելի քի՞չ է ստանալու, քան մինչեւ հիմա ստանում էր, թե՞ կուտակային համակարգ մուտք արվող գումարն առանձին է հաշվարկվելու:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, որը ներկայացրել էր հարցը՝ պարզաբանեց, որ կուտակային համակարգի գումարնեըը մնում են աշխատողների հաշվի վրա, իրենց գումարներն են, այնպես որ սխալ կլինի ասելը, որ քիչ կստանան. «Որքան որ առձեռն քիչ ստանան, այնքան հաշվի վրա շատ կլինի»:
Այս պատասխանը չբավարարեց պարոն Մարգարյանին: Նա նկատեց, որ մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը, երբ իրավունք կունենա օգտագործել իր՝ կուտակային համակարգով կուտակած գումարները, մարդը սնվելու, կոմունալ ծախսեր վճարելու եւ այլ ծախսեր անելու խնդիր ունի, ու չնայած գնաճի հսկայական տեմպերին, ստացվում է, որ այդ մարդկանց կյանքը չի բարելավելու:
Պարոն նախարարն ի պատասխան ասաց միայն, որ այս օրենքը ոչ թե աշխատավարձերի բարձրացման նպատակ ունի, այլ՝ վարձատրությունների համակարգը կարգավորելու, ընդհանուր կարգաբերման ենթարկելու:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ