«Եթե աշխարհի որեւէ կետում մի վարակ է ի հայտ եկել, ապա մենք Հայաստանում ունենք հնարավորություն տեղեկանալու հայտնաբերված այդ նոր վարակի մասին: Իրազեկվում ենք բոլոր այն հարցերին, ինչպես կարելի է այդ վարակների դեմ պայքարել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Ա.Բ.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Գիտահետազոտական ինստիտուտի 90-ամյակի առիթով, այսօր ինստիտուտում կազմակերպվել էր «Համաճարակաբանության արդիական հարցերը» թեմայով գիտաժողով, որին մասնակցել է նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Տարիներ առաջ ինստիտուտը ստեղծվել է մալարիայի դեմ պայքարելու նպատակով եւ կրել է Տրոպիկական ինստիտուտ անվանումը: Սակայն այսօր գիտաշխատողները ուսումնասիրում են մարդու օրգանիզմի իմունային գործոնների, ինչպես նաեւ վարակների հարուցիչների կենսաբանական հատկությունները:
Ըստ Գայանե Մելիք-Անդրեասյանի, վերջերս Վրաստանում բռնկված կարմրուկի համաճարակը, որը Հայաստանում տարածում չգտավ, եւ ընդամենը մի քանի դեպքեր արձանագրվեցին, այն էլ բերովի, վկայում էր այն մասին, որ զանգվածային պատվաստումների շնորհիվ մեր երկիրը զերծ մնաց այդ վարակից. «Վրաստանի բռնկման արդյունքները ցույց տվեցին, որ մեզ մոտ այդ իմունականխարգելումը բավարար չափով է կատարվել: Այսինքն՝ պայթյունավտանգ բնակչությունը ունի իմունիտետ տվյալ վարակի հանդեպ»:
Ըստ տնօրենի. «Վարակիչ հիվանդությունները բժշկության այն ոլորտն է, որտեղ գրեթե յուրաքանչյուր օր մենք կարող ենք իրազեկվել նոր հայտնագործությունների մասին: 20-րդ դարի վերջը բնորոշվում է մոտ 40 նոր վարակների նկարագրությամբ»:
Եթե նախկինում կային վարակներ, որոնք բնորոշ էին միայն կոնկրետ մի երկրամասին, ապա այսօր, տիկին Մելիք-Անդրեասյանի խոսքերով, դրանք կարող են հեշտությամբ տարածվել, քանի որ մարդկությունը հեշտությամբ է տեղաշարժվում: Ուստի վարակների տարածումը կանխարգելելու նպատակով, ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերը աշխատում են համագործակցված:
Անդրադառնալով արյունային ուղիով փոխանցվող վարակներին` հեպատիտներին, մասնագետը նշեց, որ հեպատիտ Բ-ի եւ Ց-ի տարածվածության առումով Հայաստանը գտնվում է ցածր եւ միջին վարակվածության տարածաշրջանների սահմանում: Ըստ նրա, հեպատիտներով վարակվելուց զերծ մնալու համար անհրաժեշտ է դիմել միայն պաշտոնապես արտոնագրված բուժծառայությանը եւ արտոնագրված գեղեցկության կենտրոններ, որտեղ իրականացվում է գործիքների պատշաճ ախտահանումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ