«Մեր ժողովուրդն այսօր ընտրության հնարավորություն չունի: Մենք մեր ժողովրդի ճաշակը իջեցրել ենք ցածրագույն աստիճանի: Մենք ասելով՝ նկատի ունեմ պետական պատկան մարմիններին»,- այսօր «Հայելի» ակումբում նման դիտարկում արեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը:
Ըստ նրա ` անկախությունից սկսած, միայն սա է արվել մեր ժողովրդի համար: «Անկախությունից ի վեր հայ ժողովրդին պարտադրվում է «արա վայ-վայ», քարոզվում է միայն «արա վայ-վայ»` մի կողմ թողնելով Մաշտոցին ու Կոմիտասին»,-բորբոքված ասաց Պողոսյանը` նկատելով, որ այս ամենը պետական կառույցների անգործության հետևանք է, կամ էլ դրսից մի ձեռք է գործում, որը բռնող, կտրող չկա:
Պողոսյանի խոսքով` Կրեմլում իրականացված համերգը վառ ապացույցն է այն բանի, որ ժողովուրդը կարոտ է իր երգերին: «Դուք պետք է տեսնեիք, թե հանդիսատեսն ինչպես էր արտասվում: Մարդն իր կարոտն արտահայտեց արցունքներով: Նա լսեց իր կորցրածը: Սայաթ-Նվան այնքան մեծ է, որ մեր հարեւանները փափագում են, որ իրենցը լինի եւ ամեն բան անում են, որ նա թուրք է կամ վրացի: Վրաստանը ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թուրքերը Մոսկվայում վկայում են թուրք մեծ աշուղի մասին»,-ասաց նա` հավելելով, որ այսօր դաստիարակիչ լսարանը հեռուստատեսությունն է եւ այս ամենի ամենամեծ մեղքը եթերինն է: «Եթե մենք պետություն ենք, եթե մենք ունենք հեռուստատեսության խորհուրդը, եթե ունենք այդ խորհրդի ծրագիրը, թե ինչը պետք է խրախուսվի եւ ինչը ոչ, ապա ինչու ենք մենք այս վիճակում»,-զարմանքով հարցրեց Պողոսյանը` շարունակելով, որ քծնանքով է ընդունել, երբ լսել է, որ խորհուրդը ընդունել է սարսափելի եւ էրոտիկ ֆիլմերը կեսգիշերից հետո ցուցադրելու խնդիրը. «Սա քննարկելու խնդի՞ր է: Քննարկեք ազգային դիմագիծը կորցնելու խնդիրը, թե չէ ավանակին էլ է հասկանալի, որ քանի դեռ երեխաները արթուն են, չպետք է սարսափելի ֆիլմեր ցուցադրել, որ երեխան սարսափով քնի»,-ընդգծեց ժողովրդական արտիստը:
Վերջինիս հայտնի չէ, թե ԱԺ-ում ազգային դիմագիծը պահելու վերաբերյալ որեւէ քննարկում եղել է, թե` ոչ, բայց մի հարցում վստահ է. «Ամեն բան քննարկվում է, էլ գենդեր, էլ ինչ ասես մեր ԱԺ-ում, որովհետեւ վստահ եմ, որ պատվիրվում է դրսից, իսկ մեր ազգային խնդիրները մենք չենք քննարկում»:
Կարդացեք նաև
Ժողովրդական արտիստն անդրադառնալով անկախության տոնի անցկացմանն՝ ասաց, որ մենք ունենք պետական սքանչելի կոլեկտիվներ, երգի-պարի անսամբլ, պարի պետական անսամբլ, կամերային նվագախումբ, կամերային երգչախումբ. «Այս բոլոր կոլեկտիվներն ինչո՞ւ ենք պահում, եթե մեր պետական ամենապատկառելի տոնին չի երեւում: Եթե մեզ միայն տաշի-տուշի է պետք, եկեք այս բոլոր կոլեկտիվները ցրենք եւ վնաս չտանք մեր բյուջեին: Նախորդ տարի Մոսկվայից կիսամերկ աղջիկներ հրավիրվեցին եւ դրանով մենք «շքեղացրինք» մեր ազգային ամենամեծ տոնը: Եթե համեմատում եմ նախորդ տարվա հետ, ապա այս համեմատության մեջ շատ հաճելի ու անհամեմատելի էր Նունե Եսայանի ելույթը: Այո, կարծում եմ, որ մի երգչուհու մենահամերգ, թերեւս, պետական այդ մեծ տոնին, ճիշտ չեմ համարում, բայց երբ հիշում եմ անցյալ տարվա խայտառակությունը` մեր երկրի բարձրագույն իշխանությունների ներկայությամբ, ես վիրավորվելով անսահման, արժանապատվությունս նսեմացած եմ համարել»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ