Եթե դու պետական ծառայող ես եւ «սնվում ես» պետական բյուջեից, ուրեմն քեզ արդեն դասակարգել են, եւ քո աշխատավարձը կհաշվարկվի կոնկրետ գործակցով: Եթե ազատ ժամանակ ունես եւ ուզում ես տեսնել, թե քո գործակիցը ուրիշ ո՞ր պետական ծառայողի գործակցի հետ է համադրելի, ումից ես առաջ եւ ումից՝ հետ, կարող ես մտնել այստեղ կամ այստեղ , կամ՝ այստեղ , եւ տեսնել քո գործակիցը:
Հենց սրանով էին երեկ եւ այսօր զբաղված Ազգային ժողովի մեր պատգամավորները, երբ քննարկում էին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, որը տարբեր դժգոհություններին ի պատասխան՝ մի քանի անգամ շեշտեց, որ այս օրենքը ոչ թե աշխատավարձերի բարձրացման, այլ՝ կարգաբերման մասին է:
Հանուն արդարության նկատենք, որ մեր պատգամավորները բացի առաջին հավելվածից՝ այլ հավելված առանձնապես չէին էլ նայել: Իսկ առաջինում հենց այն էր, ինչ նրանց հետաքրքրում էր՝ իրենց աշխատավարձը եւ մյուս պաշտոնյաներինը, ու քննարկում էին, թե որքանով են համադրելի իրենց աշխատավարձն ու փոխնախարարներինը, եւ ինչու իրենց աշխատավարձը հավասար չի նախարարների աշխատավարձին, ինչու պիտի Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը հավասար լինի վարչապետի աշխատավարձին, եթե առաջինը հանրապետության երկրորդ դեմքն է, իսկ վարչապետը՝ երրորդ, եւ այլն, եւ այլն:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այս օրենքը բյուջեի կատարումն ապահովող նախագիծ է եւ ընդհանուր առմամբ բյուջեն ներկայացնելիս նոր պարզ կլինի, թե քանի մարդու վրա կազդի այս օրենքը եւ ինչ կարժենա:
Կարդացեք նաև
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչի՞ հիման վրա են բարձրացնում հանրապետության ամենաբարձրագույն պաշտոնյաների աշխատավարձերը, չէ՞ որ սովորաբար աշխատավարձը բարձրացնում են, երբ գործատուն (տվյալ դեպքում՝ ժողովուրդը) գոհ է լինում իր վարձած աշխատողից կամ երբ ցանկանում է, որ ավելի լավ աշխատի:
Նա նկատեց, որ այս օրենքով Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203%-ով, իսկ ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ 218%-ով, եւ հետաքրքրվում էր՝ մենք վաստակե՞լ ենք, իրավունք եւ հնարավորություն ունե՞նք նման որոշում կայացնելու:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երբ օրվա առաջին կեսին քննարկվում էր գործազրկության նպաստները վերացնելու հարցը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, դահլիճում ընդամենը 11 պատգամավոր էր, բայց հենց եկավ աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկելու ժամանակը՝ դահլիճը բազմամարդ դարձավ:
Իր ելույթում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ արեց թողել պոպուլիզմը, չանձնավորել խնդիրները, եւ ավելի առարկայական քննարկել այս կարեւորագույն օրենքի նախագիծը: Նա ասաց, որ վարձատրության միասնական հաշվարկման համակարգի ներառումը խիստ կարեւոր հարց է, որը ՀՅԴ-ն ներառել էր իր նախընտրական ծրագրում:
Պարոն Մինասյանը նաեւ հարց բարձրացրեց այն մասին, որ եթե Սահմանադրությամբ երեք իշխանությունները՝ օրենսդրական, գործադիր եւ դատական, հավասար են դիտարկվում եւ միմյանց հակակշռելու եւ զսպելու դեր ունեն, ապա այդ զսպումները պետք է վերաբերվեն նաեւ նյութականին, վարձատրությանը եւ համադրելի լինեն այդ երեք իշխանությունների համապատասխան մակարդակի աշխատողների վարձատրությունները, ինչը չկա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ