«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ ասուլիս` Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՐՃՇՊՀ) միջև ծրագրի վերաբերյալ: Ասուլիսին մասնակցում էին Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության ղեկավար Լուկ Բյուսկեն, դպրոցի մագիստրատուրայի «Ճարտարապետություն, ֆորմա, ձևափոխում» ոլորտի պատասխանատու Ֆրանսուա Տրանը, ծրագրի ֆրանսիական կողմից համակարգող Սյուզան Մոնոն և ԵՐՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնի դոցենտ Զարուհի Մամյանը:
Լուկ Բյուսկեն, համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը, ասաց. «Արդեն չորս տարի է, ինչ մենք համագործակցում ենք ԵՐՃՇՊՀ-ի հետ և ամեն տարի առնվազն մեկ անգամ գալիս ենք Հայաստան` մի խումբ դասախոսների և ուսանողների հետ ուսումնասիրելու, քննարկելու ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը վերաբերող մի շարք խնդիրներ` հուշարձանների և ժառանգության հետ կապված: Այս տարվա ուսումնասիրության առարկան «Էրեբունի» թանգարանն է` հարակից տարածքով»:
Զարուհի Մամյանն էլ, խոսելով Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածքի վերակազմավորման վերաբերյալ մրցույթի մասին, ասաց. «Սա «Էրեբունի» պատմամշակութային թանգարանին հարակից տարածքի վերակազմավորման խնդիրների, առաջարկությունների ներկայացումն է: Ուսանողները մի շաբաթ պիտի հետազոտություններ անեն և իրենց առաջարկությունները ներկայացնեն հետագա վերակազմավորման վերաբերյալ: Լավագույն առաջարկությունները կառանձնացվեն: Ի դեպ, դա նաև ֆրանսիացի ուսանողների դիպլոմային աշխատանքների թեման է:
Սյուզան Մոնոն էլ ներկայացրեց, թե իրենց համագործակցության ընթացքում քանիսն են մասնակցել ուսանողների փոխանակման ծրագրին. «Առաջին տարին Ֆրանսիայից 8 և Հայաստանից 6 ուսանող է մասնակցել այս ծրագրին, անցած տարի` Ֆրանսիայից` 12 և Հայաստանից` 4, իսկ այս տարի Ֆրանսիայից մասնակցում են 10, իսկ Հայաստանից` 8 ուսանողներ:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ