Սյունիքի մարզի փաստաբանները նույնպես դեմ են արտահայտվել «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը:
Նրանք դատապարտում են այդ նախաձեռնությունը, քանի որ այն ուղղված է փաստաբանական ինստիտուտի անկախության դեմ: «Միանում ենք ՀՀ Փաստաբանների պալատի կողմից օրենքների նախագծերի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներին: Միանում ենք Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի,Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի մեր գործընկերների արտահայտած դիրքորոշումներին: Միանում ենք Աշխատանքային խմբի կողմից արված հայտարարությանը», – նշված է Սյունիքի մարզի փաստաբանների կողմից արված հայտարարության մեջ, որը փաստաբանների ստորագրություններով հանդերձ ուղարկվել է ՀՀ Փաստաբանների պալատ:
Սյունիքի մարզում աշխատող, փաստաբան Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունը նախեւառաջ անդրադառնում է փաստաբանի անկախության վրա եւ սահմանափակում նրա ինքնուրույնությունը: «Ընդհանրապես, բովանդակային առումով, այն հակասում է փաստաբանության մասին օրենքին, օրենքի իմաստի հիմնարար սկզբունքներին՝ անկախությանը, ինքնակազմակերպմանը: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում փաստաբանի համար: Ինչպես նաեւ պետական տուրքի իմաստն է կորչում, եթե խոսքը վերաբերվեր փաստաբանի կողմից առաջին անգամ արտոնագիր ստանալուն եւ դա նույնացվեր այն գործունեություններին, որոնք արտոնագրում են պահանջվում, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց այս պարագայում՝ այն ինչ-որ մտադիր են անել, անհասկանալի ու անընդունելի է», – ասաց նա:
Փաստաբան Դավիթ Արզումանյանը նույնպես դեմ է ՀՀ կառավարության նախաձեռնությանը եւ միացել է Սյունիքի մարզի իր գործընկերների հայտարարությանը:
Կարդացեք նաև
«Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նոր նախագծի համաձայն՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար համապատասխան փաստաբանի արտոնագիր ունենալը դեռ բավարար չէ՝ որպես փաստաբան հանդես գալու համար: Դրա համար անհրաժեշտ է նաև տարեկան վճարել պետական տուրք՝ 60.000 ՀՀ դրամի չափով և օրենքով սահմանված կարգով հաշվառվել փաստաբանների պետական գրանցամատյանում, որի վարելու ընթացակարգը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Նշենք, որ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը և դա կատարում է անվճար և դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ փաստաբանների մասին տեղեկություն ստանալու համար: Ուստի մեր մարզում գործող փաստաբանները եւս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ի դժգոհություն նշված ՀՀ օրենքների նախագծերի ընդունման», – ավելացրեց Սյունիքի մարզում գործող փաստաբան Դավիթ Արզումանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ