Արտագաղթը, անպտղությունը առաջացրել են ժողովրդագրական խնդիրներ եւ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկն արդյոք բազմակնության ընդունո՞ւմն է: Այսօր այս հարցի վերաբերյալ «Հայելի» ակումբում տեսակետ հայտնեցին սեքսապաթոլոգ
Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Սիրինա Առաքելյանը:
Հոգեբանի համոզմամբ, եթե ժողովրդագրության հարցը լուծելու համար առաջարկվում է նման մոդել, ուրեմն այդ խնդիրը սրված է: «Հայ կինը վերարտադրության գործարան չէ»,-գտնում է Սիրինա Առաքելյանը, վստահեցնելով, որ շատ հայ կանայք պատրաստ չեն բազմակնությանը. «Շատ շատերը նույնիսկ սկեսուրին, ամուսնու քրոջը կամ ամուսնու եղբոր կնոջը չեն կարողանում հանդուրժել, էլ ուր մնաց՝ երկրորդ կամ երրորդ կնոջը: Բազմակնությունը մեր մշակույթին հարիր չէ»:
Հոգեբանի մեկնաբանությունները` տեսանյութում
Կարդացեք նաև
Վրեժ Շահրամանյանի խոսքերով, հայ ընտանիքը դարեդար հայտնի է եղել «բարոյական ամրությամբ, կայուն ավանդույթներով», եւ ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող բազմակնության հարցը միշտ էլ «սվիններով է ընդունվել»:
Ըստ նրա, բազմակնության ընդունումը պատճառաբանել ժողովրդագրական խնդիրները լուծելով, ճիշտ չէ, եւ հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու մեր հասարակությունը. «Երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ տեսնում է՝ կա մի անհասկանալի մոդել, առաջանալու է մի քաոսային իրավիճակ, չէ որ լինելու են նաեւ սովորական ընտանիքները, եւ երեխան չի հասկանալու ինչո՞ւ է իր ընտանիքում այդպես, նրա մոտ, հոգեբանական անձի զարգացման, եսի ձեւավորման տեսանկյունից առաջանալու են լուրջ խնդիրներ»:
Սեքսապաթոլոգը նույնպես կարծում է, որ բազմակնությունը որպես երեւույթ, որպես առողջ ընտանիքի մոդել, չի արդարացնում, քանի որ կինը չի ուզում միայն երեխա ունենալ. «Նա ուզում է կին լինի, սիրված լինի: Չեմ կարծում, որ կանայք ուրախությամբ կընդունեն: Բացի այդ, լուրջ սկզբունք ունենք կրոնի հետ կապված»:
Խոսելով հայրական դոնորի` անվճար ծառայությունից, որն այս օրերին նույնպես լուրջ քննարկումների առարկա է դարձել, Վրեժ Շահրամանյանը, թեեւ դոնորի տարբերակին այդքան էլ կողմ չէ, բայց մասնագիտական մի քանի դիտարկում արեց, թե ինչպիսին պետք է լինի դոնորի թեկնածուն. «Պիտի բացառապես առողջ լինի, որեւէ խնդիր չունենա վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված, սեռապես առողջ լինի»:
Հոգեբան Առաքելյանն էլ կարծում է, որ դոնորով երեխա ունենալը իր բացասական կողմերն ունի, բացի այն, որ ամբողջ կյանքում երեխայի համար այդպես էլ «մութ» է մնալու, թե իր հայրն ով է, ինչը նաեւ երեխայի իրավունքների խախտում է, անորոշությունը հետագայում ավելի լուրջ եւ բարդ հոգեբանական խնդիրների է բերելու: Հոգեբանը կարծում է, որ ժողովրդագրության հարցը լուծելու համար ավելի ճիշտ կլինի արտագաղթը կանգնեցնել եւ սոցիալական ծրագրերով այդ հարցը լուծել. «Եթե դոնորով ծնված երեխան կամ բազմակնության արդյունքում ծնված երեխաները մեծանան, միեւնույն է, լքելու են երկիրը, եթե իրենց համար ապրելու բավարար պայմաններ չլինեն, այդ պատճառով նման հարցերով ժողովրդագրության հարցը կրկին չի լուծվելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ