Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Սոլոյան. «Հայաստանում հեծանվային սպորտը խղճուկ վիճակում է, սակայն ֆեդերացիան արդյունքներ է գրանցում»

Հոկտեմբեր 23,2013 16:03

Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն Ալբերտ Սոլոյանը նշեց, որ Հայաստանում հեծանվային սպորտին ավելի շատ ուշադրություն դարձնելու պահը հասունացել է:

«Մասսայականությամբ հեծանվասպորտն աշխարհում 1-2-րդ տեղն է զբաղեցնում: Կարծրատիպը, որ Հայաստանում կար այս մարզաձեւի նկատմամբ բնակչության շրջանում, կարծես, կոտրվում է: Շատերն սկսել են հեծանիվ ձեռք բերել, իրենց համար մրցույթներ կազմակերպել: Ինչպես ասում են՝ «վարակը» տարածվում է:

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան հիմա ունի երկու մարզադպրոց: Եթե նախկինում կային մարզական ընկերություններ եւ մրցումները մասսայականության եւ պայքարի տեսանկյունից անցնում էին բավարար մակարդակով, Անկախությունից հետո մարզաձեւի վիճակն անբավարար է` հիմնականում գույքի առկայության եւ ձեռքբերման տեսանկյունից: Մասնավորապես, մարզադպրոցը, որ ես եմ ղեկավարում, պետական խողովակներով վերջին հեծանիվն ստացել է 1992 թվականին, այն էլ ХВЗ մակնիշի: Դրանից հետո ֆեդերացիայի ջանքերով, Հեծանվային կենտրոնի հետ կապված, միջազգային ֆեդերացիայից ձեռք է բերվել 12, 6, 9 հատ հեծանիվ, որը բաժանվել է մարզադպրոցների միջեւ: Հեծանիվներ եւ պահեստամասեր եւ այլ գույք ձեռք բերելուն օգնում են ներկայումս արտասահմանում բնակվող մեր նախկին սաները, որոնք աշխատում են օգտակար լինել իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Բայց դա հարցի լուծում չէ:

Այժմ խնդիրն այն է, որ ֆեդերացիայի քաղաքականությունը դեպի մարզեր ընդլայնվելն է: Միայն Երեւանով սահմանափակվելը ճիշտ չէ: Մասնաճյուղեր կան Վանաձորում, Աբովյանում, Մասիսում: Մոտ ժամանակներս մտադիր ենք վերաբացել Գյումրիի մասնաճյուղը: Բայց այս ամենը կապված է համապատասխան գույքի` գլխավորապես, հեծանիվների հետ: Եթե չունես հումք, արտադրություն տալ չես կարող: Հիմա հոսքը շատ մեծ է: Բայց երբ գալիս են մարզվելու ու հեծանիվ չկա, մի քանի ամսում հեռանում են:

Բայց պատկերացրեք, որ այսօր, անգամ այս պայմաններում մեր հեծանվորդներն արդյունքներ են ցույց տալիս: Վերջին 5-7 տարվա ընթացքում մեր մարզիկները պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջազգային մրցումներում նվաճել են 41 մեդալ, որից 7-ը` ոսկե: Սա մի թիվ է, որ անգամ ԽՍՀՄ տարիներին պատանիների, երիտասարդների, առավել եւս` մեծահասակների տարիքային խմբերում կերազեինք ունենալ: Հիմա ԽՍՀՄ-ը չկա: Մենք դուրս ենք եկել Եվրոպա ու աշխարհ եւ այս սուղ պայմաններում կարողանում ենք արդյունքներ ցույց տալ, որի առաջին ու ամենաթանկ պտուղը տեսանք 2011 թվականին, երբ աշխարհի երիտասարդական առաջնությունում Մհեր Մկրտչյանը, որի 20 տարին այս օգոստոսին լրացավ, երկու արծաթե մեդալ նվաճեց: Հիմա Մհերը հրավերով իտալական ակումբ է մեկնել ու այնտեղ էլ բարձր արդյունքներ է ցույց տալիս: Ընդ որում, նա փոխել է մրցաձեւը` հրապարակայինից անցնելով խճուղային հեծանվավազքի: Աշխարհի առաջնությանը հաջորդեց Ուկրաինայի բազմօրյա հեծանվավազքը, որը միջազգային ֆեդերացիայի տարեկան օրացուցային ցուցակում է: Այնտեղ հաղթեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հետո հաջողություն եղավ Իրանում: Իսկ Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հովհաննեսը առաջինը ճանաչվեց մրցափուլերից մեկում եւ երկու անգամ էլ ճանաչվեց չորրորդը: Ասելիքս այն է, որ աշխատանքները շարունակվում են, առաջընթացը` նույնպես: Թեեւ այսօր մեր մարզաձեւը Հայաստանում խղճուկ վիճակում է», – ասաց Ալբերտ Սոլոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031