Հոկտեմբերի 23-ին առավոտյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, աշխատանքը սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիր անդամ Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված գիտական նստաշրջանը:
Գիտաժողովին ներկա էին ակադեմիական, գիտակրթական-մտավորական, կուսակցական շրջանակների, ինչպես եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Գիտական նստաշրջանում բացման խոսք ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, Էդիկ Մինասյանը:
Զեկույցներով հանդես եկան «Վեմ» հանդեսի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Սամվել Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողները շեշտեցին, որ Սիմոն Զավարյանը եղել է իր ժամանակի բարձր մտավորականներից ու ազգային գործիչներից մեկը:
Նա կարող էր, նվիրել իրեն գիտական ու մանկավարժական գործունեության, կարող էր մեծ հաջողությունների հասնել ագրարային գործի զարգացման ոլորտում, եթե հայրենիքի փրկության գաղափարներով տոգորված, ի վերջո, կյանքը անմնացորդ չնվիրեր հեղափոխական գործին: Զավարյանը ճանաչված է եղել եւ բարձր գնահատանքի է արժանացել ժամանակի ամենաերեւելի դեմքեր կողմից, որոնց թվում կարելի է նշել Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Ավետիս Ահարոնյանին, Դանիել Վարուժանին եւ շատ-շատ ուրիշների:
Բացման խոսքի ժամանակ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Սիմոն Զավարյանը ոչ միայն հայտնի քաղաքական գործիչ էր, այլեւ, առաջին հերթին խոշոր տնտեսագետ: Նա նշեց Զավարյանի թողած աշխատությունների, եւ մասնագիտական գործունեության առումով ունեցած մեծ ավանդի մասին: «Սիմոն Զավարյանի թողած ժառանգությունը բավականին հարուստ ու բավականին արդիական է նաեւ այսօր, եւ այս իմաստով այս գիտաժողովը շատ կարեւոր է` ներկայացնելու համար այս գործչի գործն ու կենսագրությունը ներկայացնելու առումով: Մենք պետք է դասեր քաղենք այդ խոշոր գործչի թողած ժառանգությունից»,- նշեց ակադեմիկոսը:
Իր խոսքի ընթացքում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը ընթերցեց ներկաների համար անծանոթ մի բանաստեղծություն, որը Ավետիք Իսահակյանի մեծարանքի ձոնն էր մեծ հայորդու հասցեին:
Սիմոն Զավարյանի` որպես հասարակական-քաղաքական գործչի կերպարին անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լևոն Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ մեր նոր շրջանի պատմության մի սերնդի մասին է խոսքը, որը կարողացավ հանճարեղ կերպով իրար միացնել գրիչը, զենքը եւ աշխատանքը: «Սիմոն Զավարյան կերպարի մեջ շատ համերաշխ ու համաչափ ձեւով համադրված են այս երեք սկզբունքները, որոնք ի վերջո մեր ժողովրդի ապագան ու հարատեւության գաղտնիքն են», -ասաց Լեւոն Մկրտչյանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ լինելով հարազատ կուսակցության ամենահեղինակավոր ու սիրված դեմքերից մեկը, միաժամանակ, համահայկական ընդգրկում ուներ եւ պատկանում է ողջ հայ ժողովրդին: Ժամանակակիցները բարոյական անբիծ նկարագրի համար Սիմոն Զավարյանին անվանել են «Աշխարհիկ սուրբ»:
Տնտեսական գիտությունների դոկտոր Սամվել Ավետիսյանը զեկուցելով Հայ ագրարային տնտեսագիտական մտքի ձեւավորման գործում Սիմոն Զավարյանի ունեցած դերակատարության մասին ափսոսանք հայտնեց, որ այսօրվա հայկական տնտեսագիտական դասագրքերի մեջ բացակայում է Զավարյանի անունը: Այն դեպքում երբ նրա ուսումնասիրությունների արդյունքները եւ զարգացրած գաղափարները այսօր էլ արդիական են Հայաստանի տնտեսական զարգացման առումով: Իսկ վերջինիս շատ նախանշումներ հետագայում կյանքի են կոչվել եւ այդ ուղղությունները ընկած են Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հիմքում: Նրա թողած գիտական աշխատությունները այսօր էլ արժանի են խորը ուսումնասիրության:
Ելույթ ունեցողները նշեցին, որ երիտասարդ տարիքից, տարվելով ազգային-հեղափոխական գաղափարներով, Զավարյանը Դաշնակցության ճանապարհով կյանքը նվիրեց հայության ազատագրության դատին: Գործեց արեւմտահայաստանում եւ արեւելահայաստանում, եղավ հեղափոխական գործի ու գաղափարների քարոզիչ ու տեսաբան: Մասնավորապես Զավարյանը գլխավոր տեսաբաններից է ապակենտրոնացված կառավարման սկզբունքը, որը հիմքն է Դաշնակցության կառույցի, եւ ինչպիսի վարչաձեւ էր տեսնում Զավարյանը ապագա Հայաստանի համար:
Վերոնշյալ ելույթներով ավարտվեց նստաշրջանի առաջին մասը, իսկ ընդմիջումից հետո այն շարունակվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:
Գիտական այս նստաշրջանով մեկնարկած հիշատակի միջոցառումները շարունակվելու են հոկտեմբերի 25-ին ժամը, 10:00-ին ՀՀ ազգային արխիվում կազմակերպվող փաստաթղթերի ու նյութերի ցուցահանդեսով եւ հոկտեմբերի 26-ին լոռու մարզի Այգեհատ գյուղում, Զավարյանի շիրիմի մոտ, կազմակերպվելիք արարողությամբ:
ՀՅԴ մամլո դիվան