«Ափսոսում եմ, որ Զարուհու՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չլինելու պատճառով մի դաշտ կա, որը կարող է տուժել: Այդ դաշտն իսկապես Զարուհին անգերազանցելի իրականացնում էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի այսօր հաստատած միջազգային պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի համաձայն, «Ժառանգությունը» դուրս է մնացել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմից: Նրա փոխարեն այդ պատվիրակության կազմում այլեւս կլինի ՕԵԿ-ը :
Թե հատկապես ո՞ր դաշտի մասին է խոսքը`Aravot.am-ի հարցին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում խնդիր ունի հանդես գալ հայտարարություններով, տարբեր բանաձևեր ընդունելու համար առաջարկություններ ներկայացնելու, որը ենթադրում է ստորագրահավաքի անցկացում. «Այդ ստորագրահավաքը հեշտ չի իրականացնել Եվրոպայի խորհրդում, մանավանդ, եթե դա մեր ազգային շահերի համար կարևոր հարցերի համար է պետք: Զարուհին այդ ժամանակ իսկապես աշխատել է բոլորից ավելի լավ: Այդ դեպքում պետք է աշխատես նաև այնպիսի պատգամավորների հետ, որոնք ամենևին էլ մեզ հետ բարիդրացիական հարաբերություններով չեն աշխատել»:
Aravot.am-ի հաջորդ հարցին`մյուս պատգամավորներից որևէ մեկը կարո՞ղ է փոխարինել Զարուհի Փոստանջյանին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ մինչև այսօր չի եղել: Թե ինչ կլինի հետագայում, չգիտի. «Վաղը կարող է բոլորն ակտիվանան և կարողանան ստորագրահավաքը հասցնել 80-90 տոկոս մակարդակի, որին ես շատ խիստ կասկածում եմ, բայց ինչ իմանաս վաղն ինչ կլինի»:
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանն ասաց, որ փոփոխությունները հիմնականում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի մասով են եղել: Գործող կարգի հիման վրա Ազգային ժողովի նախագահը վերաձևավորել է պատվիրակությունները: Այս գործընթացի արդյունքում ԵԽԽՎ պատվիրակությունն է ակնառու փոփոխություն կրել: Քանի որ բոլոր պատվիրակությունների վերանայում է կատարվել, անարդար կլինի, եթե այդ պատվիրակություններում իրականացված բաշխման պարագայում «Ժառանգությունը» տուժած լինի:
Նա նշեց, որ Ազգային ժողովի նախագահի իրավունքն է պատվիրակություն ձևավորելը: Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ պատվիրակությունը ձևավորում է Ազգային ժողովի նախագահը՝ խորհրդակցելով խմբակցությունների հետ: Խորհրդակցությունը որոշման վրա վճռական ազդելու հնարավորություն չունեցող ձևաչափ է, և դա ենթադրում է, որ վերջում Ազգային ժողովի նախագահն է որոշում: ԵԽԽՎ կանոնադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովի նախագահին ձևավորելու պատվիրակություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ