Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց հայ-լատվիական հարաբերությունների զարգացումը հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Լատվիա կատարած այցից հետո: Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ այն գնահատելով որպես նմանատիպ ոճրագործությունները կանխելու անհրաժեշտ պայման, ներկայացրեց տարածաշրջանային անվտանգությանն ուղղված, մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերը: Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի դիրքորոշման մասին՝ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ այդ քաղաքականությունը չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ակտիվացմանը, ավելին՝ մեր երկիրը պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցությամբ շարունակելու քաղաքական ռեֆորմների իրականացման գործընթացը:
Լատվիայի օրենսդիրները համագործակցությունն ակտիվացնելու հարցում կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմների արդյունավետ կիրառումը: Նրանց գնահատմամբ՝ մեծ արդյունքի հասնելու համար պետք է օգտագործել ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները: Լատվիացի խորհրդարանականները հավաստիացրին, որ իրենց երկիրը պատրաստ է եվրաինտեգրման իր փորձն ու հնարավորությունները ծառայեցնելու Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ թեեւ բավական բարձր է հայ-լատվիական համագործակցության ներկա մակարդակը, չպետք է բավարարվել եղած ձեռքբերումներով, այլ պետք է առաջ շարժվել՝ օգտագործելով իրատեսական բոլոր հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մամուլի հաղորդագրություն