Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ Եղիազարյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետը կփոխվի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 15:08

Հարցին, թե արտաքին քաղաքական գործոնները հնարավո՞ր է հանգեցնեն ՀՀ վարչապետի փոփոխության, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ակնարկելով Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության հարցը, չբացառեց, որ ներքաղաքական վերադասավորումներ կլինեն` ընդհուպ վարչապետի փոփոխություն:

Այսօր «Հենարան» ակումբում, տնտեսագետը նաեւ կարծիք հայտնեց, որ միանալով ՄՄ-ին՝ Հայաստանը, տնտեսական զարգացման հեռանկարի առումով, ամրագրել է կախյալ զարգացման ուղին. «Եթե նախկինում ստատիկ զարգացման էր գնում, ապա այսօր դա էլ չի լինի: Կառավարությունն այս փուլում իներցիոն ռեժիմով է շարժվում եւ բյուջետային միջոցների վերաբերյալ որեւէ կանխատեսում հնարավոր չէ անել»:

Ըստ տնտեսագետի. «Մաքսային միությունը ակնհայտ փակուղի է, ինքը դեռ չի կայացել, նրա մաս կազմող երկրները ունեն շատ առանձնահատկություններ եւ իրարից տարբեր տնտեսական մոդելներ: Մենք մեզ կապում ենք մի միավորման հետ, որն ինքը, բախվում է ռիսկերի հետ: Տնտեսական զարգացման հեռանկար չկա, մենք մտնում ենք անորոշությունների շրջան, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը չի էլ անդամակցել Մաքսային միությանը, այլ պիտի մասնակցի Եվրասիական միությանը` որպես քաղաքական միություն, որը ոչ այլ ինչ է, քան կայսրության վերականգնում»:

Աշոտ Եղիազարյանի համոզմամբ, մեր երկիրն առայժմ ի վիճակի չէ իրականացնել դիվերսիֆիկացված քաղաքականություն: Ըստ նրա, եթե, այնուամենայնիվ, Հայաստանը «վերակողմնորոշվի» դեպի Եվրոպա, ապա մեր երկրին անհրաժեշտ կլինի ավելի ուժեղ կառավարություն:

Թվարկելով Եվրամիության ազատ առեւտրի գոտուն միանալու առավելությունները, պարոն Եզիազարյանը ասաց, որ ազատ առեւտրի գոտի ցանկացած երկիր կարող է մտնել եւ ցանկացած այլ երկրի հետ որեւէ խնդիր չի առաջանա. «Հայաստանի տնտեսական կյանքում, միջին հաշվով, տնտեսական միջին ցուցանիշների ձեռքբերում է ենթադրում: Միջին ցուցանիշները Հայաստանի համար շատ ավելին են, քան Մաքսային միության բոլոր երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի ցուցանիշներից, այսինքն` մենք գոնե այդ առումով կլինեինք ավելին, քան` Ռուսաստանը: Իսկ Մաքսային միությունը տարանջատում է, սահմանները ընդգծում է»:

Aravot.am-ի հարցին, թե երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթնաժողովում, այնուամենայնիվ, Եվրամիության հետ կլինի ինչ-որ փաստաթղթի ստորագրում, բայց դեռ պարզ չէ, թե ինչ կլինի այդ փաստաթղթի անունը, պարոն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ այդ անանուն փաստաթուղթն ավելի շատ կլինի հռչակագրային բնույթի. «Դրանով կլինի որոշակի դրույթների ամրագրում` Եվրամիության հետ հարաբերությունները շարունակելու: Իր բովանդակության եւ ձեւի առումով կլինի հռչակագիր, դա չի կարող լինել ասոցացման այն համաձայնագիրը, որը պետք է Հայաստանը ստորագրեր, դա ընդամենը ամրագրում է»:

Անդրադառնալով, այս օրերին, ԱՄՆ-ում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին, որը, մի շարք տնտեսագետների կանխատեսմամբ, ի վերջո կհանգեցնի Միացյալ նահանգների կործանմանը, տնտեսագետ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ին տնտեսական ճգնաժամ չի սպառնում: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031