Ազգային ժողովն այսօր ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքը՝ առաջին ընթերցմամբ: Այս օրենքով, ըստ էության, վերացվում է գործազրկության համար տրվող նպաստների համակարգը, եւ այն գումարները, որ տրվում էին որպես գործազրկության նպաստ՝ պիտի գնան աշխատատեղեր ստեղծելուն կամ գործազուրկների որակավորմանը, որպեսզի աշխատանք գտնեն:
Հայաստանում այսօր գրանցված գործազուրկների թիվը մոտ 70 հազար է, այն դեպքում, երբ իրական գործազուրկների թիվը, համաձայն որոշ տվյալների, 180 հազար է: Գործազրկության նպաստ ստանում է մոտ 20 հազար քաղաքացի՝ ամսեկան 18 հազար դրամ: Թե որքանով է իրականանալի կառավարության նպատակը՝ նպաստների հաշվին աշխատատեղ ստեղծելը՝ պատգամավորները երեկ եւ նախորդ օրը կայացած քննարկումների ընթացքում խիստ տարբեր գնահատականներ տվեցին:
Իշխանության ներկայացուցիչները ողջունում էին նախաձեռնությունը եւ համարում, որ այս օրենքը մի քայլ առաջ է՝ նպաստներից դեպի աշխատավարձ, եւ մարդկանց կստիպի տանը նստելու եւ նպաստի սպասելու փոխարեն աշխատանք փնտրել, որակավորումը բարձրացնել: Իսկ ոչ իշխանական պատգամավորները այլ կարծիքի էին՝ համարում էին, որ օրենքի նախագիծը զուտ բարի ցանկությունների հռչակագիր է, կամ պարզապես՝ նպաստներ վճարելու գումարներ չլինելու պատճառով է հայտնվել խորհրդարանում:
Օրենքի նախագիծը ներկայացնող սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը համարում է, որ այս օրենքը եւ դրան առնչվող օրենսդրական փաթեթը իրենից ներկայացնում է սոցիալական ապահովության նոր մոդել, որը համապատասխանում է սոցիալական քաղաքականության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Սակայն փաստը մնում է փաստ, որ անհայտ է, թե նպաստի վերացման փոխարեն կոնկրետ եւ առարկայական ի՞նչ է լինելու:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խիստ կարեւորում էր զորացրված զինծառայողներին աշխատանք առաջարկելու կառավարության պատրաստակամությունը, որը չկա եւ չի երեւում ոչ միայն այս նախագծում, այլեւ ընդհանրապես:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց բուհերում համապատասխան քվոտավորում մտցնելու հետ կապված, որպեսզի պետությունը գումար ներդնի այնքան պատմաբանի, իրավաբանի, տնտեսագետի եւ այլ մասնագետների համար, որքանին կկարողանա հետագայում աշխատանք տալ, եւ ոչ թե՝ անթիվ եւ անհամար մասնագետներ պատրաստի, որոնք հետո կգնան գործազուրկի նպաստ ստանալու: Նա ասում էր, որ օրենքում որոշակիություն չկա՝ եթե ոչ նպաստ, ապա՝ ի՞նչ. «Ինձ համար դա կարեւոր է, որովհետեւ ես գիտեմ, որ գնամ Վանաձոր, իմ ընտրողները ինձ հարցնելու են՝ ինչի՞ կտրեցիք նպաստները, ես պետք է իմանամ, թե ինչ պատասխան տամ նրանց»:
Բարձրացվեց նաեւ հաշմանդամների ինտեգրման հարցը, որպեսզի հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար պայմաններ ստեղծվեն եւ որոշակի քվոտավորում լինի:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը, որը նախկինում սոցիալական ապահովության փոխնախարար է եղել, համարում էր, որ նպաստների վերացումը որոշակիորեն Սահմանադրության խախտում է, քանի որ մեր երկիրը որդեգրել է սոցիալական ապահովության համակարգը եւ ոչ թե սոցիալական ապահովագրության, եւ վերացնելով նպաստները՝ մենք այդ համակարգից դուրս ենք գալիս, ոտնահարում ենք նաեւ միջազգային կոնվենցիան, որ ստորագրել ենք՝ այս խնդիրների հետ կապված:
Պարոն Մինասյանը նաեւ նկատեց, որ եթե կառավարությունն իրականացնում է աշխատատեղերի ստեղծման կամ այլ ակտիվ ծրագրեր, դա չպետք է անի գործազրկության նպաստի հաշվին, այլ այնքան արդյունավետ իրականացնի այդ ծրագրերը, որ ավտոմատ կերպով գործազրկությունը քչանա՝ մարդիկ գնան աշխատելու. «Թողեք թող քաղաքացին ընտրության հնարավորություն ունենա, եւ թող ընտրի աշխատելու իրավունքը եւ ոչ թե նպաստ ստանալը, բայց դուք մի զրկեք դրանից, քանի որ դա, բացի ամեն ինչից, նաեւ Եվրոպական սոցիալական խարտիայի կոպտագույն խախտում է։
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ