Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական և իրավական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:
Քաղաքական և իրավական կոմիտեի մասնակից մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչները կոմիտեի փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրել են Հայաստանի պատվիրակ Հովհաննես Մարգարյանին: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը:
Լրագրողների տարակուսանքին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակներն է՞լ են կողմ եղել, պարոն Մարգարյանը մանրամասնեց, որ ընտրությունը կատարվում է հետեւյալ կերպ`նախապես ստորագրություն են վերցնում`դեմ չլինելու մասին: Թուրքիայի պատվիրակները դեմ չեն եղել Հովհաննես Մարգարյանի թեկնածությանը: Ադրբեջանի պատվիրակը ներկա չի եղել: Բանախոսն ասաց, որ եթե Թուրքիան դեմ էլ լիներ, միեւնույն է, ոչինչ չէր փոխվի, քանի որ Մարգարյանի թեկնածությունն առաջարկել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը, իսկ ՌԴ-ի պատվիրակությունը մեծամասնություն է: Կողմ է եղել նաեւ մեծությամբ երկրորդ պատվիրակությունը`Բելառուսինը:
Իր ընտրությունը Հովհաննես Մարգարյանը կարեւորում է այն իմաստով, որ դա արտահերթ ձայնի իրավունք է եւ հանձնաժողովներում նախագահելու հնարավորություն, որոշ քննարկումների ժամանակ: Իսկ մեր հարեւան երկրների պարագայում, ըստ բանախոսի, սա կարեւոր բան է, մանավանդ, որ իր համոզմամբ՝ Հայաստանը պետք է ակտիվացնի խորհրդարանական դիվանագիտության իր հնարավորությունները:
Ի դեպ, գալիք ամսին ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարները կհանդիպեն Երեւանում`Հայաստանի նախագահությամբ եւ կքննարկեն տնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Իսկ դեկտեմբերին Վրաստանում գումարվելիք վեհաժողովի օրակարգում, կհստակեցվեն այն երկրների հետ համագործակցությունների խորացման հնարավորությունները, որոնք ուղղակի ելք չունեն դեպի Սեւ ծով: Կդիտարկվեն մարզային եւ համայնքային մակարդակներում տնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ