Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության նկատմամբ պատմական պատասխանատվության մասին

Հոկտեմբեր 23,2013 14:53

ԱԺ փոխնախագահն անդրադառնում է Զորի Բալայանի նամակին եւ դրա արձագանքներին

Մինչ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ մտորումներիս անցնելը՝ կուզեի անդրադառնալ քաղաքական եւ լրատվական որոշ շրջանակներում նամակի շուրջ առաջացած իրարանցմանը: Կարելի է արձանագրել, որ մամուլում, հասարակական քննարկումներում, սոցկայքերում բարձրացված հիստերիան խոսում է այն մասին, որ կան մարդիկ, ովքեր լսում են ոչ թե այն, ինչ լսում են, այլ այն, ինչ ուզում են լսել, եւ տեսնում ոչ այն, ինչ կա իրականության մեջ, այլ այն, ինչ իրենց ձեռնտու է: Սա հատկապես ծայրահեղ քաղաքականացված-կուսակցականացված մեր մամուլի հաճախ նկատվող վարքագիծն է՝ ենթադրություն անել, հետո այն տիրաժավորել, դրանով թակել բոլոր դռներն ու պատուհանները եւ, ի վերջո, հանգել ցանկալին իրականի տեղ ներկայացնելու իրավիճակին: Այս ձեռագիրը Զորի Բալայանի նամակի պարագայում նույնպես ակնհայտ է: Համոզված կարող եմ ասել, որ արտահայտվողների մի մասը պարզապես չէր կարդացել, մի մասը կարդացել եւ չէր ըմբռնել, մյուս մասն էլ լավ կարդացել ու ըմբռնել էր, բայց իրեն ձեռնտու էր աղմուկ բարձրացնելը: Իսկ ինչո՞ւ էր ձեռնտու, որովհետեւ եթե Զորի Բալայանն է, ապա, ըստ նրանց՝ պետք է հասկանալ ՀՀ իշխանություններն են, իսկ իշխանությունների դիրքորոշմանը, կարեւոր չէ՝ լավ է, թե վատ, ճիշտ է, թե սխալ, արդյունավետ է, թե ոչ, միեւնույն է՝ դեմ են: Ընդ որում՝ դեմ են ոչ թե քաղաքականությանը, իրադարձությանը, երեւույթներին, այլ պարզապես իշխանությանը:

Նամակի պատճառով Զորի Բալայանի ուղղությամբ հնչեցրած վիրավորանքները վստահ եմ՝ հեղինակին եւ իր մտքերը կասեցնելու ազդեցություն չեն ունենա: Նախ՝ մարդկությանը վաղուց է հայտնի՝ իսկական գրողի բերանը չես փակի: Երկրորդը՝ նա շատ բան է տեսել իր փոթորկալից կյանքում եւ սովոր է. հիշենք այդ մարդու կենսագրությունը, հիշենք նրա հասցեին կիրառված «ահաբեկման մեթոդները»՝ էլ ինտերպոլով միջազգային հետապնդում, էլ հորինված գրքեր, այլեւայլ հանցանքների ու զանցանքների վերագրումներ, իր կյանքի ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ դուրս է եկել հզոր ուժերի դեմ, կնճռոտ խնդիրներ բարձրաձայնել եւ պայքարել դրանց համար, այնպես որ՝ լուտանքների ու հալածանքների պակասություն չի ունեցել, բայց մեկ տարբերությամբ՝ դրանք եղել են թուրքերի, ադրբեջանցիների, մի խոսքով՝ թշնամիների, ոչ յուրայինների կողմից: Այս իմաստով Զորի Բալայանի եւ նրա նամակի շրջանակներում այսօր մեր մամուլի եւ որոշ շրջանակների այս վերաբերմունքը գնահատելը թողնում եմ ընթերցողին, իմ կողմից միայն ավելացնում, որ եթե ժողովրդավարական իմաստով՝ կասեի՝ ես Ձեզ հետ համաձայն չեմ, բայց պատրաստ եմ կյանքս տալ Ձեր ազատ խոսելու իրավունքի համար, ապա մարդկային բարոյականության իմաստով՝ բացարձակ անընդունելի եմ համարում քննադատել մի մտավորականի, հասարակական-քաղաքական հայրենասեր գործչի, ով իր գիտակցական կյանքի զգալի մասը նվիրել է արցախյան պայքարին, հայրենիքի ազատագրմանն ու անկախությանը, նույնիսկ եթե նրա կարծիքը Ձերից արմատապես տարբերվում է: Եվ մի ապաշնորհ գրչակ կամ վիրտուալ «քաջարի երիտասարդ», ով իր կյանքում ոչնչով աչքի չի ընկել՝ բացի չարախոսությունից, ազգի եւ պետության համար ոչինչ չի արել, իրեն իրավունք է վերաբերում՝ ոչ թե քննադատելը նկատի ունեմ (Աստված մի արասցե՝ Ձեր խոսքի իրավունքը պաշտպանված է), այլ «դավաճանի» կամ «ագենտի» պիտակ կպցնել այսպիսի կյանքին եւ գործունեությանը (թուրքերն ու ադրբեջանցիները հանգստանում են): Ինչեւիցե, ազատ երկիր, խոսքի ազատություն, բայց լավ՝ խոսքի ազատություն, իսկ խղճի՞:

Այս աղմուկի մեջ եղանակ ստեղծում են նրանք, ովքեր նենգափոխելով նամակի իմաստը եւ նպատակը, վարկաբեկելով հեղինակին՝ վերջին հաշվով թիրախ են դիտում իշխանությանը: Ուստի դառնալով աղմուկի բուն շարժառիթին՝ իբր նամակում Բալայանը Ղարաբաղի փրկությունը տեսնում է Ռուսաստանին հանձնելով, պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական դիրքորոշումը եւ որդեգրած սկզբունքները հաշվի առնվեին: Իսկ այդ սկզբունքները ե՛ւ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ե՛ւ ՀՀ նախագահի ծրագրերում հստակորեն շարադրված եւ բազմաթիվ անգամներ ներկայացված են ի լուր աշխարհի թե՛ մեր հանրության համար, թե՛ բանակցային գործընթացներում եւ թե՛ միջազգային հարթակում: Հիմնական մոտեցումը՝ Արցախը եղել է, կա եւ կլինի հայկական, Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է եւ կառուցում է իր ժողովրդավարությունը, որին աջակցում է ողջ հայությունը: Քաղաքական դիրքորոշումներում եւ փաստաթղթերում որեւէ տեղ, որեւէ պարբերության մեջ երբեւիցե ո՛չ պետության քաղաքական ղեկավարությունը, ո՛չ կուսակցության որեւէ ներկայացուցիչ Արցախի ինքնորոշմանն առնչվող կասկած անգամ չի հնչեցրել ու չէր էլ կարող, որովհետեւ Հանրապետականը եւ երկրի այսօրվա ղեկավարությունը նաեւ այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքով, իրենց գործունեությամբ, իրենց արյուն-քրտինքով կռել են այդ հաղթանակը, մասնակցել գոյապայքարին եւ իրենց ամբողջ ջանքն ու եռանդը ներդրել Ղարաբաղի անկախության կայացման եւ միջազգային ճանաչման գործում: Իշխանություններին ուղղված նման մեղադրանքները առհասարակ չեն կարող արծարծվել եւ որեւէ կերպ հիմնավորվել: Բոլոր այդպես մտածողներին (ոչ Զորի Բալայանին) որպես հիշեցում՝ միշտ հիշեք Եռաբլուրում ամփոփված մեր տղաների, պայքարի մեր ընկերների մասին: Ամենաթանկ գինն է վճարված Ղարաբաղի ազատության եւ անկախության համար, եւ որեւէ մեկը չի կարող դա ուրանալ:

Այսօր ամենաարժեքավորը, ամենածանրակշիռը, որ ունենք, մեր այդ հաղթանակն է, մեր անկախ երկու պետություններն են եւ մեր ազատագրած հողերը: Այս արժեհամակարգից, այս արժեքներից երբեք ոչ այսօրվա իշխանությունները, ոչ էլ Զորի Բալայանը հետ չեն կանգնի ու չեն նահանջի:

Հիմա անցնենք Զորի Բալայանի նամակի բովանդակությանը:

Մտավորականի, ստեղծագործող մարդու, հրապարակախոսի լուրջ տեղեկատվական, պատմական, քաղաքագիտական եւ խոհափիլիսոփայական բնույթի ստեղծագործություն է մեր առջեւ: Այն անվանված է՝ «Բաց նամակ ՌԴ նախագահ Պուտինին», բայց կարծում եմ, որ դա բաց նամակ է՝ ուղղված ոչ միայն Ռուսաստանի Դաշնության այսօրվա նախագահին, այլեւ Ռուսաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին: Սա լոկ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ չէ, սա շատ ավելի լուրջ փաստաթուղթ-ստեղծագործություն է՝ մտքեր, որոնք գոյացել են 200 տարվա գոյապայքարի ճանապարհը եւ պատմությունը վերլուծելու արդյունքում: Ըստ իս՝ այն ունի մեկ նպատակ, որպեսզի անցյալի դասերը գրավական լինեն ապագայի ճիշտ կառուցման համար, քանզի ասված է ՝ «Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:

Նամակի մեջ հեղինակն ինքը հորդորում է այն առանձին կտորներով չկարդալ, այլ ամբողջական, խորքային, փորձել հասկանալ՝ ինչ կա գրված եւ ինչ՝ չգրված տողատակերում: Իրականում շատ բան կա այս նամակի մեջ, այն խորքային աշխատություն է, որը կարեւոր հարցեր է բարձրացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի, հայ ժողովրդի, իր ազատագրական եւ անկախության պայքարի եւ պետականության հետագա զարգացման ու ամրապնդման համար:

Նամակում վեր են հանվում շատ իրողությունների՝ ոչ հայանպաստ ու պարզապես սխալ լուծումների արմատները, որոնք պատմությունից են գալիս: Հետաքրքիր փաստերով, պատմաբանին վայել փաստացի նյութերով ներկայացված է Ադրբեջան պետության եւ ադրբեջանցի ազգատեսակի ծագումը: Իմ կարծիքով՝ ամենակարեւոր թեման, որը կարմիր թելի նման անցնում է այս աշխատության միջով, եւ դրանով իսկ այն շատ արժեքավոր դարձնում, թուրք-ադրբեջանական հանրապետության չգոյության հիմնավորումն է՝ պատմականորեն: Նամակի մեջ մի քանի դրվագներով ներկայացված են պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու, նենգափոխելու ճանապարհով հայ, ռուս եւ բազմաթիվ փոքր ազգերի ճակատագրերի մեջ բեկումնային նշանակության փոփոխություններ կատարելու փաստերը: Դա առաջին հերթին ըստ էության թուրքական Ադրբեջան հանրապետության ստեղծումն է, որը նախկինում գոյություն չի ունեցել եւ կազմավորվել է այն հողերի վրա, որոնք պատմականորեն պատկանում են Հայաստանին: Ինչու է սա կարեւորվում, որովհետեւ այսօր էլ բազմաթիվ ադրբեջանցի ստահակներ՝ զիաբունիաթովյան ոճով, ամենուրեք միջազգային ատյաններում օրական նոր ստեր են հորինում այն մասին, թե 1800-ականներին այսինչ կամ այնինչ տարածքում, այսինչ հայկական բնակավայրում են իրենք ապրել, բնիկ են եւ այլ նման բաներ:

Արդյոք սա քննարկման եւ միջազգայնացման արժանի ազգային կարեւորագույն խնդիր չէ՞, եթե ձեզ համար՝ չէ, հարգելի Զորի Բալայանի ընդդիմախոսներ, ապա եկեք հասկանանք՝ դուք որ ազգից եք:

Հաջորդ կարեւորագույն՝ ռազմավարական եւ աշխարհաքաղաքական թեման, որն այստեղ առկա է, Ռուսաստանի եւ Իրանի ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է: Խնդիր, որը դարակազմիկ է եղել հայ ժողովրդի համար ինչպես 200 տարի առաջ՝ պետականություն չունենալու պայմաններում, այնպես էլ այսօր՝ մնալով գլխավոր ուղղություններից մեկը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարաբերությունների փիլիսոփայության իմաստով: Եվ Զորի Բալայանը տեղին եւ ժամանակին ահազանգ է հնչեցնում ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իրանին (որը ոչ պակաս կարեւոր է)՝ հիշեցնելով ցարի եւ շահի կողմից ստորագրված Թուրքմենչայի պայմանագիրը, որտեղ վերջիններս պարտավորվել են, որ իրենք եւ իրենց ժառանգորդները այն պետք է պահեն հավերժական ժամանակների համար: Այսինքն՝ այս պայմանագիրը ոչ թե ինչ-որ մի ժամանակահատվածի համար կնքված որոշում է, այլ տարածաշրջանի որոշակի աշխարհաքաղաքական իրողություններից բխող Ռուսաստանի եւ Պարսկաստանի իշխանության կողմից հռչակված մոտեցում, որը պետք է իրենց բոլոր ժառանգորդները պահած լինեին, բայց, օրինակ, Լենինը եւ Ստալինը դա փոխարինեցին ռուս-թուրքական վեկտորով, այնուհետ Գորբաչովն ու Ելցինն էլ եւս չպահեցին, եւ եղավ այն, ինչ եղավ:

Ինքն էլ՝ Զորի Բալայանը, ՌԴ ներկայիս նախագահին նամակում դիմում է որպես Ալեքսանդր Առաջինի ե՛ւ ժառանգորդի, ե՛ւ հաջորդի, այսինքն՝ իրապես, նամակը այսօրեական չէ, այլ բոլոր ժամանակների Ռուսաստանի ղեկավարներին է ուղղված:

Հարուստ այս նյութը, որը ներկայացնում է ռուս եւ հայ ժողովուրդների հարաբերությունները, կապերը եւ այլն, որոշ ուժեր դիտարկեցին այնպես, ինչպես իրենց կոնտեքստն էր հուշում: Սակայն կարծում եմ, որ այս ամբողջ պատմական էքսկուրսի մեջ կարեւորը ոչ թե հայ-ռուսական սերտ կապերի ու ջերմ հարաբերությունների հիշատակումն է, այլ Ադրբեջանի չգոյության հաստատումը: Սա է այս հոդվածի պատմական խնդիրը եւ նպատակը:

Իմիջիայլոց նշեմ, որ տողերիս հեղինակը նույնպես այս խնդրին առնչվել է: Աշխատանքի բերումով, երբ Եվրոպայի խորհրդի տնտեսական հանձնաժողովի ղեկավարն էի, հանձնաժողովի նիստերից մեկն անցկացվում էր իտալական մի փոքրիկ պատմական բնակավայրում: Տեղացի բնակիչների ամենամեծ հպարտությունը քաղաքի հնագիտական թանգարանն էր, որտեղ պեղումների այլ նմուշների հետ միասին պահվում էր հնագույն ժամանակների օրիգինալ մի քարտեզ, ուր Հռոմեական կայսրությունը եւ Հայաստանը սահմանակից էին: Պատմական այդ անգին վկայությունը դիտելով՝ հանձնաժողովի՝ ազգությամբ թուրք տեղակալին հարցրեցի՝ այս իրենք են՝ հռոմեացիները, այս՝ մենք, բա դուք ո՞ւր եք, որտեղի՞ց ե

կաք, ի պատասխան՝ վերջինս միայն ժպտում էր:

Ահա այս խնդիրն է՝ հիմնավորված օրինակներով, եւս մեկ անգամ բարձրացվում Զորի Բալայանի կողմից՝ նամակի հասցեատիրոջը եւ բոլոր ընթերցողներին ցույց տալով թուրքական դիվանագիտության ժառանգականությունը, երկարաժամկետ, ծրագրային նպատակադրումը եւ հարյուրամյակներով այդ նպատակները փոխանցելու ընդունակությունը: Պարզորեն ապացուցվում է, որ այն, ինչ չկարողացան անել՝ Ադրբեջանի թուրքական հանրապետություն ստեղծելով, իրագործեցին հետագայում՝ Կիպրոսի թուրքական հանրապետության կերտմամբ, եւ իրենց հեռահար խնդիրները նույնչափ վտանգավոր են ժողովուրդների համար:

Բոլշեւիկյան հանցավոր որոշման արդյունքում ծնված Ադրբեջանը, այնուհետ Նախիջեւանը, Ղարաբաղը օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են թուրքերի դարավոր նպատակները ժամանակի մեջ փոքրիկ քայլերով մոզաիկայի տրամաբանությամբ հյուսվում, ժամանակ առ ժամանակ դուրս հորդում ու վտանգ ներկայացնում բոլորի համար:

Շատ կարեւոր վերլուծություն է նաեւ Ադրբեջանի տարածքում բնակվող փոքր ազգերի, այդ թվում՝ լեզգիների, թալիշների եւ այլ ազգերի ճակատագրերի ներկայացումը պատմական կոնտեքստում: Սա խոսում է այն մասին, որ այս աշխատությունը արժեքավոր է ոչ միայն հայերիս համար, այլեւ բազմաթիվ ազգերի, որոնք տուժել են թուրք բարբարոսների ձեռքից, եւ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա պարզապես Ղարաբաղ-Ռուսաստան-Հայաստան եռանկյանը վերաբերող աշխատություն չէ, այլ շատ ավելի լուրջ եւ բազմակողմանի քերթվածք:

Իսկ ինչ վերաբերում է խնդրին, թե ինչու այս աշխատությունը հենց այս ժամանակահատվածում ի հայտ եկավ, եւ արդյոք սա պայմանավորված չէ՞ Ղարաբաղի շուրջ ապագայում տեղի ունենալիք գործընթացներով, կարծում եմ՝ այստեղ եւս ոչ մի արտառոց բան փնտրել պետք չէ: Նախ՝ մենք նիրհող պատերազմի տարածքում եւ ժամանակում ենք գտնվում, սա մեզ համար կարեւոր է, քանզի ռեալ պատերազմն, այնուամենայնիվ, ավարտված չէ, վտանգը կա, եւ այն առօրյա է: Սրա կարեւորությանը պետք է նայել թուրք-ադրբեջանական կայսերապաշտական հեռահար քաղաքականության եւ նպատակների լույսի ներքո: Այն, որ հեղինակը վերլուծում է կովկասյան այս փոքր ժողովուրդների ճակատագրերը Ադրբեջանի տարածքում՝ ուծացում, ցեղասպանություն, տարածքների յուրացում, միաժամանակ ե՛ւ կանխատեսում է, ե՛ւ մեղադրանք: Կանխատեսում է մյուսների համար, որ եթե ոտքի չկանգնեք ձեր ազգային գաղափարախոսության, արմատների համար չպայքարեք, ձեր ապագան ուծացումն է, ցեղասպանվելը, տարածքների կորուստն ու առհասարակ սեփական գոյության մոռացումը: Մեղադրանք է, որովհետեւ այսօր միջազգային արենայում չկա քաղաքական գնահատական Նախիջեւանի, Խոջալուի, Սումգայիթի դեպքերին, բայց կարեւոր է ցույց տալ թուրք-ադրբեջանական քաղաքականության իրական դեմքը: Եվ հեղինակն այս կարեւոր առաքելությունն իր վրա է վերցնում՝ նամակում բավական տեղ հատկացնելով Սումգայիթի, Խոջալուի դեպքերի գնահատականներին՝ մեր հայկական դիվանագիտության, քաղաքականության կարեւորագույն ուղղությանը: Այս հարցերը եւս արծարծվում են համալիր տեսանկյունից՝ լի պատմական իրողություններով ու տեղեկատվությամբ:

Մի՞թե երբ հեղինակը նման սրտացավությամբ եւ փաստերի պաշարով զինված խոսում է Սումգայիթին դեռ չտրված քաղաքական, իրավական գնահատականների մասին կամ բացահայտում Խոջալուի իրական դեպքերը եւ դա հնչեցնում ամենաբարձր մակարդակում, կարեւոր չէ հայ ժողովրդի համար, եւ մի՞թե սա մեր թեման չէ, որ որոշ ուժեր դրոշն առած ոտքի են ելել եւ մեղադրում են:

Այս պատմական, քաղաքագիտական, իրավական աշխատության մեջ արծարծվում է եւս մի թեմա, որը, կարծում եմ, մեզ համար արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը պետք է լինի՝ դա տարածքային ամբողջականության խնդիրն է, որն այսօր գերակա պոստուլատ է միջազգային քաղաքականության մեջ եւ շատ հաճախ իր տարբեր բնույթի մեկնաբանություններով ու մոտեցումներով կաշկանդում է արցախյան հարցի լուծումը: Բայց այստեղ կենտրոնացումը շատ կարեւոր խնդրի՝ խորհրդային հանրապետությունների պատմական սահմանների վրա է: Չէ՞ որ հելսինկյան եզրափակիչ ակտում, որն, այսպես ասած, ճանաչել է այդ ժամանակվա հանրապետությունների սահմանները եւ դրանով է տարածքային ամբողջականությունը ընդունել որպես գործող, ներկայացված է ԽՍՀՄ-ը, եւ դրանով իսկ արդեն ծածկվել են պատմականորեն ձեւավորված սահմանները: Սովետական Միության մեջ այդպիսի խնդիր չկար. այն սահման չէր, ընդամենը վարչատարածքային բաժանում էր, որը կամ մոտավոր էր, կամ քաղաքական որոշումներից ելնելով, ինչպես, օրինակ, Կովբյուրոյի համապատասխան որոշումով լուծված էր Ղարաբաղի հարցը: Բայց արդյոք դա արտացոլո՞ւմ է պատմական օբյեկտիվ ճշմարտությունը: Այս հարցը մեր արտաքին քաղաքականության եւ այսօրվա գլխավոր պայքարի կարեւոր ուղղություններից մեկը պետք է լինի, որը հնչեցվում է այս մակարդակում:

Զորի Բալայանի այս աշխատությունը հսկայական վերլուծական նյութ է, որն ապացուցում է եւ եւս մեկ անգամ բարձրաձայնում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի ավերման, թալանի եւ պղծման մասին, եւ սա ոչ թե 200 տարի առաջվա իրողությունների, այլ նաեւ մինչ օրս Նախիջեւանում եւ ներկայիս Արեւմտյան Հայաստանի տարածքում վարվող քաղաքականության եւ իրականացվող գործողությունների շուրջ է:

Մինչդեռ այս հիստերիան բարձրացնողները այս 17 էջի մեջ գտան միայն այն, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը տեսնում են Ռուսաստանի կազմի մեջ, ու թեեւ մեր ե՛ւ մտավորական, ե՛ւ քաղաքական շրջանակներն այսօր տարբեր բովանդակային ու ձեւական, արհեստական ու իրական բնութագրումներ տվեցին Զորի Բալայանի նամակի առնչությամբ, ես բարձր եմ գնահատում այն՝ որպես պատմական վերլուծական, խոհափիլիսոփայական, հրապարակախոսական ստեղծագործություն: Եվ եթե փորձեմ մեկ նախադասությամբ բնութագրել, թե այս նամակն ինչի մասին էր, ապա կասեմ, որ սա իրականում ոչ թե Ղարաբաղի խնդրի շուրջ գրված նամակ էր, այլ ի խորոց սրտի զրույց Ռուսաստանի բոլոր ժամանակների ղեկավարների հետ՝ պատմության նկատմամբ պատմական պատասխանատվության մասին:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ինչ լավ է, որ այս նյութը մի քիչ ավելի կարճ էր քան ամենայի հայոց նավաստի Զորի Բալայանի հայտնի նամակը, որի հասցեատերն էր Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Այսքան երկար գրելու տեղը, կարելի էր մեկ նախադասությամբ ամեն ինչ ասել։ самый лучший царь – մենք վերջնականապես համը հանել ենք, ինչքան կարողացանք կերանք, քայքայեցինք երկիրը,ազգաբնակչությանը ընչազուրկ դարձրեցինք։Արի տեր կանգնի քո հպատակներին։

  2. voter says:

    Սիրուն սիրուն պատմական վերլուծություն, բայց հիմնական հարցն, որի համար Զորի Բալայանին մեղադրում են չհերքես հարգարժան տիկինը, այն է, թե ինչ կարիք կար դիմել պուծինին այդ նամակով, երբ խոսքը գնում է մեր ու մյուս կովկասյան ազգերի մասին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031