Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրատյանն ուզում էր վարչապետին ու ԿԲ-ին զրկել լծակներից

Հոկտեմբեր 23,2013 14:47

«Իմ օրենքը եթե ընդունվեր, վարչապետն ու ԿԲ-ն կզրկվեին կուրսի վրա ազդելու լծակներից, իսկ դա փող է, շա՜տ փող»,- իր նախագծերի մերժման մասին ասում է ՀՀ նախկին վարչապետը:

Կառավարությունը հոկտեմբերի 17-ին մերժել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Արտարժույթի մասին» այս 2 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկը:

Պարոն Բագրատյանն առաջարկում էր եկող տարվանից Հայաստանում արգելել արտարժույթով վարկեր տրամադրել. սրանով, ըստ նախկին վարչապետի, տնտեսվարողները հավասար պայմաններում կլինեն, հայկական դրամի դիրքերը կամրապնդվեն, եւ միջազգային պահուստների խնայողություն կլինի: Իսկ կառավարությունն իր մերժումն էլ հիմնավորել է՝ հղում անելով «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքին, ըստ որի՝ մեր երկրում ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերը տրամադրվում են միայն հայկական դրամով, իսկ արտարժույթով տրամադրվում են հիմնականում միայն բիզնես վարկերը, որը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտերկրի գործընկերների հետ ունեցած առեւտրային հարաբերություններով: Ընդ որում, կառավարությունն իր մերժումը հիմնավորում է նաեւ այն հանգամանքով, ինչպես նշված է կառավարության ներկայացրած փաստաթղթում՝ եթե կտրուկ արգելվի արտարժութով վարկավորումը, Հայաստանի ֆինանսատնտեսական զարգացման ներկա փուլում կարող է առաջացնել տնտեսական ակտիվության անկում՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից արտարժութային ֆինանսական միջոցների պահանջի ոչ բավարար ֆինանսավորման, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի բնականոն գործունեության խաթարման ռիսկի հետ՝ պայմանավորված ՀՀ ֆինանսավարկային համակարգի հաշվեկշռի պասիվային մասում արտարժութային ավանդների բարձր տեսակարար կշռով: Կառավարությունն իր մերժան հիմնավորման մեջ նաեւ հիշեցնում է, որ 2004 թվականին ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենք կա, որով սահմանվել է ՀՀ-ում միայն հայկական դրամով գնանշումների եւ վճարումների իրականացման սահմանափակումը, եւ բացի այդ՝ կառավարությունն էլ է մտահոգված ազգային արժույթի ամրապնդմամբ ու  դրա նկատմամբ վստահության բարձրացմամբ, ու այդ ուղղությամբ միջոցառումներ են կատարում, եւ կան բոլոր բավարար պայմանները:

Թեեւ կառավարությունը բավականին երկար ու մանրակրկիտ հիմնավորում է բերել, եւ առաջին հայացքից գուցե այն համոզիչ է, սակայն ինքը՝ պարոն Բագրատյանը, գտնում է, որ կառավարության մերժումն անտրամաբանական է եւ ընդամենը բառերի շարան:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք համամի՞տ է կառավարության մերժման հիմնավորման հետ, ՀՀ նախկին վարչապետն ասաց. «Մերժեց, որովհետեւ այս կառավարությունը կոչված է սպասարկելու միայն խոշոր բիզնեսմեններին: Այս երկրում նախարարներ, մարզպետներ, դեսպաններ եւ այլն նշանակում են միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, միայն օլիգարխներին: Որեւէ լուրջ հիմնավորում ինձ հայտնի չէ: Կառավարությունն ասում է, թե 2004 թվականից օրենք կա, բայց ես էլ դա եմ ուզում փոխել: Իսկ ընդհանրապես՝ ես կարծում եմ, որ ինտելեկտի խնդիր կա: Կառավարությունը, որպես կանոն, հարուստ մարդկանց հավաքածու է: Նրանք փող ունեն, ինտելեկտ պետք չէ: Այս է պատճառը, որ պարզ, տրամաբանական, ազգօգուտ որեւէ օրինագիծ չի լինում անցկացնել»:

Ի՞նչ էին տալու կառավարությանը ներկայացրած նախագծերը՝ մեր այս հարցին էլ պարոն Բագրատյանն ասաց՝ դա թեեւ փոքր, բայց շատ կարեւոր օգուտ կլիներ մարդկանց եւ հատկապես՝ փոքր բիզնեսին: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Ներկայումս մենք ամեն ինչ գնում ենք դրամով, բայց վարկերը, չգիտես ինչու, գնում ենք դոլարով՝ ենթարկվելով տնտեսական կրկնակի ռիսկի: Իմ օրենքն ընդունելու դեպքում արժութային ռիսկեր այլեւս չէին լինի»:

Ընդ որում, ինչպես վստահեցրեց պարոն Բագրատյանը, առաջարկված նախագիծը ձեռնտու չէր ՀՀ վարչապետին եւ Կենտրոնական բանկին, որովհետեւ. «Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա վարչապետն ու ԿԲ-ն կզրկվեին կուրսի վրա ազդելու լծակներից, իսկ դա փող է, շա՜տ փող»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031