Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ ցոփ ու շվայտ կյանք վարող մեծահարուստներին

Հոկտեմբեր 23,2013 14:37

6-1Օրերս Երեւանի Մոսկվայի տանը կայացավ ժամանակակից ռուս գրականության դեմքերից մեկի՝ Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» գրքի շնորհանդեսը՝ Լիա Իվանյանի թարգմանությամբ, որին հաջորդեց համանուն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի մոսկովյան առաջին ցուցադրությունը նախատեսված է 2014թ. փետրվարին:

«Ուլիկը կաթի մեջ», «Սնկերի արքան» վեպերից հետո վերոհիշյալ երկը Լիա Իվանյանի երրորդ անդրադարձն է Պոլյակովի ստեղծագործություններին:

«Առավոտի» հետ զրույցում թարգմանչուհին ասաց, որ 1997թ. գրված «Ընկածների երկինքը» վիպակը բազում մրցանակների է արժանացել եւ առայսօր վերահրատարակվում է ու թարգմանվում: «Պոլյակովի ստեղծագործությունները խորհրդային շրջանում ձեւավորված եւ խորհրդային երկրի փլուզումից հետո շուկայական քաոսային շրջանում հայտնված մարդկանց հոգեվիճակի արտացոլումն են: Իրադարձությունների կենտրոնում  մարդն է՝ իր ներաշխարհով, հատկապես զգացմունքներով: Ինչպես «Ընկածների երկինքը» վիպակի հերոսը՝ բիզնեսմեն Շարմանովն է ասում՝ իր «ասեղը» Կատերինայի բռունցքում է: Կարճ ասած՝ հերոսի կյանքի ուղղորդողը կրքոտ սերն է մի կնոջ հանդեպ, ում մարդկային տեսակը անընդունելի է ու վնասակար իր եւ բիզնեսի համար: Այնուամենայնիվ, Շարմանովը գնում է գրեթե  գիտակցված կործանման՝ ոչ մի կերպ  չկարողանալով սանձել կիրքը Կատերինայի նկատմամբ»,- այսպես հակիրճ ներկայացրեց թարգմանչուհին վիպակի սյուժեն: Լիա Իվանյանը հայտնեց նաեւ, որ թարգմանության միակ դժվարությունը էրոտիկ պահերը ներկայացնելն էր նույն վարպետությամբ՝ ինչ հեղինակի մոտ էր. «Սովորաբար, ի տարբերություն ռուսերենի, հայերենում էրոտիկ բառապաշարը կամ խիստ գռեհիկ է, կամ հնչում է վերամբարձ: Ստիպված էի բառարանները քրքրելով գտնել դիպուկ, բայց, բնականաբար՝ ոչ հայհոյախառն արտահայտություններ…»:

Շուրջ երկու ժամ տեւողությամբ ֆիլմի գործողություններին  հանդիսատեսը հետեւեց համակ ուշադրությամբ, եւ պատճառը, կարծում ենք, բնավ էլ բաց տեսարանները չէին: Գլխավոր դերակատարներ  Կիրիլ Պլետնյովի եւ Եկատերինա Վիլկովայի  խաղը, ինչպես նաեւ էրոտիկ տեսարանների մատուցումը եւ ընդհանրապես ողջ ռեժիսուրան, ի պատիվ Վալենտին Դոնսկոյի, արվեստով էր, զերծ՝ վուլգարությունից:

«Առավոտի» հետ զրույցում Պոլյակովը նախ հայտնեց, թե հայ գործընկերները բարձր կարծիք են հայտնել ստեղծագործության թարգմանության առիթով, հետո էլ ասաց. «Ֆիլմի ստեղծմանը չի աջակցել ոչ մի պետական կառույց, այն ամբողջությամբ հովանավորել է 43-ամյա բիզնեսմեն համերկրացիս, ում համար, փաստորեն, վիպակս դարձել է սեղանի գիրք, քանի որ ինքը անցել է գրեթե նույն ճանապարհը, ինչ ստեղծագործությանս հերոսը»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ողբերգական ավարտ ունեցող երկը արդյո՞ք յուրատեսակ ուղերձ է ցոփ ու շվայտ կյանքով ապրող ժամանակակից մեծահարուստներին,  մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կասեի՝ սա ուղերձ է աշխարհի գուցե մեծամասնություն կազմող այն հարուստներին, որոնց համար շեֆ-քարտուղարուհի սիրային կապը օրինաչափ է՝ «Չ տՏՐÿՊՍպ Չպքպռ…»: Իսկ թե ինչու ֆիլմի պրեմիերան կայացավ Երեւանում, Յուրի Պոլյակովն ասաց. «Նախ տեղին էր մեկտեղել հայերեն թարգմանության եւ ֆիլմի շնորհանդեսները, հետո էլ Հայաստանն իմ մեջ եղել է ու կա որպես ընդգծված մշակութային բարձրարվեստ երկիր»:

Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ փոխադարձ համաձայնությամբ սկսվել են նաեւ «Փախուստ հղացա…» վեպի հայերեն թարգմանության աշխատանքները: «1990-ականների սկզբներին, մենք՝ տարված մեր ցավերով՝ երկրաշարժ, Արցախյան պատերազմ եւ այլն, մտքներովս անգամ չէր կարող անցնել, թե այդ շրջանում ի՜նչ դժվարությունների առջեւ են կանգնել ռուսները: Վեպը ներկայացնում է նրանց գլխին եկածը, չնայած սյուժեի հիմքում դարձյալ սիրային խարդավանքներ են»,- փակագծերն առանց բացելու՝ հայտնեց Լիա Իվանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Լիա Իվանյանն ու Յուրի Պոլյակովը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031