«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին կմեկնարկի ջազային երաժշտության շաբաթը՝ նվիրված հայկական ջազի պատմության 75-ամյակին: Ջազային երաժշտության հայ սիրահարները շաբաթվա ընթացքում կծանոթանան Հայաստան առաջին անգամ այցելած հայազգի ջազմեններ Դիրան եւ Գարո Թավիզյան եղբայրների (Մակեդոնիա) արվեստին, ջազ-վոկալիստ Մայք Մոսեսյանին (Ավստրիա):
«Առավոտի» հետ զրույցում անվանի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հայտնեց, որ բացի հրավիրյալ երաժիշտներից, իրենց արվեստը կցուցադրեն Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանի բենդը, «Նյուանս» էթնո-ջազ խումբը, Մարինե Հակոբյան եւ «Free Form» ջազ բենդը եւ փակման երեկոյին՝ հոկտեմբերի 30-ին, մեր զրուցակցի խոսքերով՝ կկայանա Երվանդ Երզնկյանի եւ ձեր խոնարհ ծառայի համերգ-երեկոն, մասնակցությամբ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդի:
Մարտին Վարդազարյանի հետ զրույցում անդրադարձանք նրան, որ ջազային երաժշտության գիտակ Պանասիեն իր «Իսկական ջազի պատմություն» աշխատությունում գրում է, թե իր գիրքը իսկական ջազի պատմության մասին է, այսինքն՝ ԱՄՆ սեւամորթների երաժշտության մասին եւ հենց նրանք են ստեղծել ջազը եւ ոչ ոք իրավունք չունի նման անունով կոչել մի երաժշտություն, որն այդ օրենքներին չի ենթարկվում: Այս առիթով պարոն Վարդազարյանն ասաց. «Իհարկե կան ավանդական, տվյալ երաժշտությանը հատուկ հատկանիշներ, կարճ ասած՝ ջազի լեզու, որոնք անփոփոխ են ու դրանք չի կարելի աղավաղել: Սակայն դա չի նշանակում, որ զարգացման ընթացքում ջազը փոփոխության չի ենթարկվել: Պարզապես ջազը մեկ այլ ազգի երաժշտական լեզու է, իսկ մենք կարող ենք հասկանալ եւ նույնիսկ խոսել այդ լեզվով, սակայն դրա համար անհրաժեշտ է այն անպայման խորը ուսումնասիրել»: Հարցին՝ համակարծի՞ք է տարածված այն տեսակետին, թե հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները իրենց երգերում օգտագործելով ջազային էլեմենտներ, դրանք ներկայացնում են իբրեւ ջազ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նրանցից շատերը իսկապես օգտագործում են ջազային էլեմենտներ, բայց դրանից իրենց մտածելակերպը չի փոխվում, իսկ ջազը առաջին հերթին մտածելակերպ է»:
Զրուցեցինք նաեւ Դիրան եւ Գարո Թավիզյանների (լուսանկարում) հետ: Երիտասարդ ջազմեններն ասացին, որ իրենք Եվրոպայում, ԱՄՆ-ում արդեն հանդես են եկել 400 համերգով, համագործակցել են աշխարհահռչակ դեմքերի հետ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի, Մայքլ Ջեքսոնի, Միրկուս Միլերի եւ մյուսների հետ, նույն բեմում հանդես են եկել Չիկ Կորիայի, Ֆիլիպ Կատրինի, Վիկտոր Բեյլի, Բլյուզ եղբայրների եւ այլոց հետ: Հայազգի ջազմենները, իրենց փոխանցմամբ, ելույթ են ունենում աշխարհի լավագույն ջազ ակումբներում, այդ թվում՝ Նյու Յորքի լեգենդար Blue Note-ում: Մեր հայրենակիցները Եվրոպայում միակ խումբն են, որ Ռեյ Չարլզի եւ Միրկուս Միլերի հետ ձայնագրվել են ջազային ստեղծագործություն՝ նվիրված փոփ արքա Ջեքսոնին:
Կարդացեք նաև
Հարցին, թե իրենց ջազային ստեղծագործություններում օգտագործո՞ւմ են հայկական երաժշտություն, Դիրանն ասաց, որ իրենք հիմնականում ներկայացնում են ջազ՝ մակեդոնյան երաժշտության հետ համեմված, ինչպես նաեւ անդրադառնում են դասական կոմպոզիտորների երկերին: Նշեց, որ հայ հանդիսատեսը միանգամից կճանաչի, օրինակ, Ռախմանինովին, որի ստեղծագործություններից մեկի թեման «հանգրվանել» է իրենց ջազում: Գարոն էլ ասաց, որ հայկական երաժշտարվեստին ծանոթ են մանկուց, ծնողների շնորհիվ, եւ Մակեդոնիա վերադառնալուն պես անպայման իրենց արվեստում կօգտագործեն նաեւ հայկական երաժշտություն:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ