Լրահոս
Օրվա լրահոսը

Գրական հայտնություններ

Հոկտեմբեր 23,2013 14:22

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

-Նախորդ շաբաթ հայ հասարակությանը հետաքրքիր անակնկալ մատուցեց  ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, իհարկե, նա պարբերաբար  հարցազրույցներում խոսում էր պատմաբան- հնագետի իր մասնագիտության հանդեպ շարունակական կարոտի  մասին, սակայն քչերը գիտեին, թե  գիրք է գրում: Եթե նկատի ունենանք, որ Վահան Հովհաննիսյանի այս  գրական  հայտնությանը նախորդել էր Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակվելու լուրը, ապա նա  արդեն երկրորդ անգամ է հաճելիորեն զարմացնում շատերին:

-Ես  նրա առաջին ընթերցողներից եմ: Հայ գրականության վերջին գրական երեւույթը կարելի է համարել սա, թեեւ ռուսերեն է գրված,  բայց խորապես մեզ վերաբերող վեպ է, շատ զարմանալի մի երեւույթ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, քաղաքական գործիչ, սքանչելի մտավորական, հնագետ-պատմաբան  Վահան Հովհաննիսյանի նոր արեւելումն էր որպես վիպասան, ըստ իս, շատ զարմանալի մի գործով՝   «Մանդիլիոն» վերնագրով, որը հունարենից հայերեն թարգմանաբար կնշանակի անձեռակերտ:  Շատ զարմանալի գործ  է, որովհետեւ մեր արձակի մեջ ժանրային իմաստով աննախադեպ է: Համաշխարհային գրականության մեջ կան, ասենք՝ Լիոն  Ֆեյխտվանգերի «Իսպանական բալլադը», Մորիս Դրյուոնի վեպերը՝ «Աշխարհի ուժեղները»,  «Անիծված թագավորները» եւ   կամ՝ վերջիններից՝  Դեն Բրաունի   «Դա Վինչիի գաղտնագիրը», որը ցնցեց աշխարհը:

Մենք հաճախ ենք խոսում քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած եւ հնամենի քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ լինելու մասին, բայց մի տեսակ դա համարում ենք անցյալում մնացած մի երեւույթ, այնինչ պատմությունն անվերջանալի շղթա է:   Լինելով  կենդանի ապրող ժողովուրդ, մենք այդ շղթայի մի  օղակն ենք միշտ մնացել. պատմության հետիոտն ճամփորդ ենք եղել, բայց մինչեւ հիմա ձիավորների կողքին ենք, համաշխարհային գերտերությունները վերացել են, մենք դեռ կանք՝ պատմաբան-հնագետի մանրակրկիտ համոզվածությամբ նաեւ այս  է փաստում  Վահան Հովհաննիսյանի վեպը, որն ընթերցվում է մեկ շնչով,  արկածային գրքի հետաքրքրությամբ:  Առաջին վեպը գրող մարդու համար զարմանալի վարպետությամբ նա կարողացել է մեզ, մեր ազգը  դարձնել քաղաքակրթության  նույնքան ակտիվ, գործող անձ:   Այսպիսով պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդը շատ տարօրինակ, սրբազան, առեղծվածային երեւույթներով պարուրված՝ Աբգար թագավորից սկսած՝ շարունակում է կրել այդ առեղծվածայինը:  Անպայման պետք  է կարդալ այս վեպը,  շատ կուզեի,  որ այն հնարավորինս արագ  հայերեն, նաեւ՝ անգլերեն թարգմանվի, ընթերցողը կարդա եւ իր համար շատ հետաքրքիր բաներ հայտնաբերի:  Հայկական թռիչքները շատ հետաքրքիր են՝ փոքրիկ երկիր ենք, բայց՝ համաշխարհային շախմատային գերտերություն,  նույնքան գերտերություն ենք  հսկայածավալ  քրիստոնեական աշխարհում: Այս վեպով Վահան Հովհաննիսյանը գիտնականի եւ շատ տաղանդավոր արձակագրի հայտ է ներկայացնում, շատ ծանր եւ գրեթե անապատային վիճակում գտնվող պատմական դետեկտիվի  ժանրը բերել-մատուցելով:

Մեր կենդանի առնչություններով  մենք շատ կարեւոր սկզբնային օղակներից մեկն ենք՝ եւ վաղուց սկսված   լույսի եւ ստվերի  պատերազմը շարունակական է,  չի ընդհատվել: Ի դեպ, ժամանակին նմանօրինակ  շատ հետաքրքիր հայտ ներկայացրեց քո եւ իմ շատ սիրելի գրող Աղասի Այվազյանն իր «Սինյոր Մարտիրոսի արկածները»  վեպով: Այն ժամանակ դա գրական սխրանք էր, բայց մի տեսակ ավարտուն հանգրվանի չհասավ, կարդալուց հետո մի տեսակ կիսատության դառնահամ մնաց մեջս, շատ հզոր սկիզբ եւ անակնկալ վերջաբան ուներ գործը: Երբ  իրեն  ասացի՝ դառը ժպտաց, ասի՝ հեղեղ էր հզոր եւ մեկ էլ…անակնկալ վերջացավ: Նա ժպտալով փակեց խոսակցությունը՝ հարցիս պատասխանը չկարողացա ստանալ:  Սակայն փաստն այն է, որ  նախադեպը ստեղծված էր… Ես անհամբեր սպասում եմ «Մանդիլիոն»-ի հայերեն տարբերակին:  Գիրքը զարմանալի կուլտուրայով է տպագրված՝ ծանոթագրություններով եւ այլն, ըստ իս, մեր օրերի հեշտ ընթերցանությանը վարժված ընթերցողին պետք է, որ այն հուշի, հետաքրքրություն շարժի: Ողջունում եմ, շնորհանդեսին հնարավորություն չունեցա լինելու, բայց վայելել եմ վեպը եւ ուզում եմ այդ վայելքը հայերեն էլ վայելեմ:

-Որքան գիտեմ, հանրապետության նախագահը «Մանդիլիոնը» կարդացել է եւ շատ տպավորված է: Փաստորեն, կարելի է ենթադրել՝ այն  քչերից մեկն է, ով   գիրքն ընթերցել է դեռ ձեռագիր վիճակում:

-Մենք առաջին ընթերցողներն էինք եւ առիթ ունեցանք այդ թեմայով  խոսելու՝ ես ոչ միայն ուրախ էի, որ հանրապետության նախագահն իմ ընկերոջ վեպը կարդացել է եւ հավանել, նաեւ առիթ ունեցա զարմանալու, հիանալու մեր պետության ղեկավարի՝ հումանիտար, ինտելեկտուալ  բանավեճ վարելու հմտությամբ՝ լրջորեն  տեղեկացված էր նա: Ի դեպ,  շատ հետաքրքիր մասնակիցներ կային եւ սովորական մարդկային զրույցներից մինչեւ քաղաքական օրախնդիր հարցեր էին շոշափվում …  Խոսակցությունը գնաց-հասավ մինչեւ Քրիստոսից առաջ՝ առաջին դար, եւ իմ պետության ղեկավարը պարզապես զարմանալի գիտակ էր թե  մշակութային ու  գրական,  թե  պատմական ու դավանաբանական ոլորտներից:

Մի խոսքով ուզում եմ ասել՝ սա մի գիրք է, որ հանրապետության ղեկավարից սկսած՝ ազգային խնդիրներով մտահոգ ամեն հայ պիտի կարդա եւ ըստ իս, պիտի իրեն հպարտ զգա:

– Սոցցանցերում եւ մամուլում  բուռն քննարկումների տեղիք է տվել ազգային բանակի օրհներգի հեղինակային իրավունքի հարցը: Բանն այն է, որ «Երազ իմ երկիր հայրենի»  երգի  երաժշտության եւ խոսքերի հեղինակ է ներկայանում Ամիրխանյանը, մինչդեռ շատերը գիտեն, որ այդ երգի հեղինակն Աղասի Այվազյանն է,  որը  «Հայրիկ»  ֆիլմի սցենարի հեղինակն է: Ի դեպ, Աղասի Այվազյանն  այդ մասին 2007 թվականի օգոստոսի 31-ին ինձ եւս հայտնել է: Երբ առաջարկեցի այդ թեման բարձրաձայնել, նա չցանկացավ, ասելով՝ ստեղծագործող մարդը նման բան չպետք է աներ մեկ այլ ստեղծագործողի հանդեպ,  ինքը պիտի իրականությունն ասի, ինքը…

-Անվիճելի հարցեր կան, որոնք չեմ հասկանում, մեկ էլ ինչու են ասպարեզ բերում: Այդ սքանչելի երգի  բառերը գրել է Աղասի Այվազյանը: Այս առումով ինչ-որ մեկն էլ ասել էր, թե նա արձակագիր է, ոնց կարող էր  բանաստեղծություն գրել: Բա այդ դեպքում Չարենցին ինչու չենք ասում՝ դու բանաստեղծ էիր, ինչպես «Երկիր Նաիրին»՝ 20-րդ դարի մեր ամենավեպը գրեցիր: Այսինքն, հարցն աբսուրդ է: Իհարկե, այստեղ հեռուստատեսությունն էլ իր մեղքն ունի,  պիտի բարեխղճորեն գրեր՝ ով է հեղինակը, ով՝ կատարողը: Վերջերս իմ հարսը հեռուստատեսություն  զանգահարեց՝ ասելու, որ «Երջանկության մեխանիկա» ֆիլմի  սցենարիստը իր հայրն է`Մանուկ Մնացականյանը, մինչդեռ նրա անունը տիտրերում  չի գրվում: Եթե ասվեր ժամանակին, Աղասի Այվազյանն էլ այդքան մեծահոգի եւ համեստ չլիներ, այսօր երգի շուրջ  այդ վեճը չէր առաջանա: Զարմանալի ու տգեղ, տխուր երեւույթ է, բոլորս էլ մահկանացուներ ենք եւ լավ բան չի գրագողությունը: Նկատեմ, բոլորի հետ չի այսպես, եթե լուսահոգի Արամայիս Սահակյանն է, լուսահոգի Լյուդվիգ Դուրյանն է, անպայման հայտարարվում է,  այնինչ պիտի շատ հպարտ լինեին, որ Աղասի Այվազյանը՝ բազմաշնորհ, տաղանդավոր մարդը նաեւ ամենահիշարժան երգերից մեկի տեքստի հեղինակ է:

-Հիմա Հայրիկ Մուրադյանի թոռն էլ  վիճարկում է, թե երգի հեղինակը  Հայրիկն է…

-Այն, որ  երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է, որեւէ մշակութային խարդավանքի հետ կապ չունի: Եվ ես ամոթալի եմ համարում, որ եթե  մարդը չի կարող իր հեղինակային իրավունքը պաշտպանել, չէր էլ պաշտպանի ինքը,  այսօր մենք քրքրում ենք այդ թեման: Ես գիտեմ այն, ինչ հստակ գիտեմ իր հետ զրույցից եւ դառը ժպիտից, նա այն գլխից վիրավորված էր եւ ձեռ էր քաշել երեւի: Ինքը շատ տաղանդավոր է եւ կարող էր  նաեւ մեծահոգաբար  (այդ մենք ենք վիճում, ինքը չվիճեց) լռել, չպայքարել իր   հեղինակային իրավունքի համար: Շատ տաղանդավոր մարդկանց հատուկ՝ նա կարող էր մեծահոգի փնթիությամբ վերաբերվել իր իսկ ստեղծագործությանը:

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031