Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձային պահ

Հոկտեմբեր 23,2013 13:59

Կանադացի լրագրող եւ սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի գիրքը հենց այդպես է կոչվում:  Գլադուելի տեսության էությունը հետեւյալն է. փոքրիկ, երբեմն աչքի համար աննկատ փոփոխությունները կուտակվում են եւ ինչ-որ մի պահի սրընթաց ձեւով, արմատապես փոխում իրավիճակը: Տարրական  օրինակ. օդի ջերմաստիճանը օրեցօր առանձնապես չի փոխվում, բայց «մի գեղեցիկ օր» անձրեւը փոխարինվում է ձյունով:

Ի տարբերություն ֆիզիկական երեւույթների՝ սոցիալական կյանքում փոփոխություններն, իհարկե, այդքան միագիծ չեն՝ այստեղ իրենց դերն են խաղում մի քանի գործոններ: Ըստ Գլադուելի՝ գործում է համաճարակի սկզբունքը՝ հինգը վարակում են հարյուրին, հարյուրը՝ հազարներին: Այդ տեսանկյունից նա հետազոտում է մոդայիկ դարձած երեւույթները, հանցավորության հանկարծակի բռնկումները, ինչպես  նաեւ բուն համաճարակները՝ հիվանդությունների տարածումը:

Արտագաղթը Հայաստանում նույնպես, իմ կարծիքով, «համաճարակ է», որի հիմքում, իհարկե, իշխանությունների մեղքերն են, բայց դա դարձյալ միագիծ կախվածություն չէ՝ գործոնները բազմաթիվ են: Կամ՝ վերցնենք նույն չարաբաստիկ վոլեյբոլը. 20 տարում բացասական լիցքերը կուտակվեցին, ու մի օր պարզվեց, որ մենք, ըստ էության, չունենք ոչ ազգային հավաքական, ոչ էլ ազգային առաջնություն: Եթե վերջերս պատասխանատվություն ստանձնած պաշտոնյան կարողանա «շրջադարձային պահ» ստեղծել, ապա բոլոր վեճերն անիմաստ էին: Չի կարողանա, ուրեմն՝ իզուր էր ստանձնել:

Բանն այն է, որ դրական փոփոխությունները նույնպես տեղի են ունենում համաճարակի կանոններով, ինչի մասին գրում է Գլադուելը: Գալիս է ինչ-որ մի պահ, երբ հանցագործությունների թիվը, հասնելով իր գագաթնակետին, միանգամից կտրուկ անկում է ապրում: Կամ ցանկացած հիվանդության համաճարակ ավարտվում է նրանով, որ մի օր առողջացողների թիվը շեշտակի գերազանցում է հիվանդացողներին: Կամ՝ արտաքուստ ապատիկ, պասիվ հասարակությունը, իր ներսում կուտակելով համապատասխան լիցքեր, 88 թվականի փետրվարին ի հայտ եկավ բոլորովին նոր՝ անճանաչելի դեմքով:  Նման «դրական համաճարակները» լինում են այն դեպքում, երբ ակտիվ մարդկանց վարքը վարակիչ է դառնում իրենց շրջապատի համար:  Առհասարակ մենք բոլորս պետք է հենց դրան էլ ձգտենք՝ մեր պոզիտիվ քայլերով նպաստել «դրական  համաճարակի»՝ մարդկանց, հասարակության առողջացմանը: Այդպիսի դեպքեր լինում են նաեւ լրագրության մեջ:

…Թե ինչ է նշանակում գրեթե ամեն օր խմբագրական գրել՝ մեր գործընկերներից, հավանաբար, քչերը գիտեն: Ես դա սովորեցի Ժենյայից՝ Գենոֆիա Մարտիրոսյանից, որը ինձնից առաջ  դա անում էր «Առավոտում» 10 տարի՝ մինչեւ 2005 թվականը: Ժենյան չնայած մեկ տարով ինձնից փոքր էր, բայց լրագրողական շատ ավելի հարուստ փորձ ուներ: «Կոլումնիստի» այս գործը ես մեծ չափով նրանից եմ փոխառել: Իսկ ամենակարեւորը՝ Ժենյայից սովորել եմ գրել այնպես, որ իմ մեկնաբանության մեջ ոչ մի գրամ չարություն չլինի: Փորձում եմ, համենայնդեպս, այդպես գրել: Գուցե մի օր պարզվի, որ այդ «դրական» կաթիլները ծո՞վ են դարձել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ափսոս պ–ն Գլադուելին տեղյակ չի այնպիսի կառկառուն դեմքերից՛ ինչպիսին են նախկին «դրական համաճարակի» հեղինակներ՛ Արթուր Բաղդասարյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը և էլի մի քանիսը, որոնց տարբեր ժամանակահատվածներում ժողովուրդը վստահեց՛ սակայն հիասթափությունը չուշացավ։ Պատռվեց “վեհ գաղափարխոսների” դիմակը, հենց որ, թույլտվություն ստացան օգտվելու ոսկե կերակրատաշտակից։
    Հարգելի պ–ն Աբրահամյան ինչպես գրել առանց չարության երբ սուտը ու կեղծիքը դարձել են ապրելակերպ, երբ նախարարները,պատգամավորները և այլ պաշտոնյաներ ( չարության շրջանակներուն զերծ են մնում անամոթաբար բառից) ստում են, երբ արդարացվում է մարդասպանը և բանտում է հայտնվում անմեղը։ Օրինակները կարելի է շարադրել դեռ երկար

  2. Գայանե says:

    Համաձայն եմ, եթե մեզանից յուրաքանչյուրը իր տեղում, իր հնարավորություններին ներածի չափով դրական մարդ լինի, դրական լիցքեր տարածի, ապրի Աստվածային սկզբունքներով՝ սիրել, ներել, չարին չարությամբ չպատասխանել, այլ բարությամբ հաղթել չարին… գուցե մի գեղեցիկ օր աշխարհը մեր շուրջը ավելի դրական կդառնա: Կարծես մենք ազգովի հայտնվել ենք մի շրջանի մեջ, որից չենք կարողանում դուրս գալ: Մենք ազգովի բամբասում ենք, ազգովի չարացած ենք, ազգովի հիասթափված ու հուսահատված ենք, ազգովի հայտնվել ենք ահռելի պարտքերի մեջ, ազգովի չարախոսում ենք մեր իշխանություններին, բայց ոչինչ չի փոխվում ու մենք ազգովի բռնում ենք գաղթի ճամփան: ՈՒզում եմ հաճախ ասել, կանգնե՛ք մարդիկ, մի ակնթարթ եկեք մտածենք, ինչ ենք անում, ինչ ժառանգություն ենք թողնելու մեր երեխաներին, ինչ արժեքներ: Գուցե վաղուց ժամանակն է թույլ տալ, որ Աստված կենդանություն տա մեր մեջ մահացած հոգևոր մարդուն:

  3. harut says:

    Բացի այն որ ոչ մի գրամ չարութիւն չկայ անկեղծօրէն կրնամ հաստատել որ կայ` իմ տեսութեամբ միտք,պարկեշտութիւն,բազմակողմանի զարգացում եւ հաւասարակշռուած արտայայտութիւններ։

  4. Spartak says:

    Ինչպես կուզեի ճիշտ հասկանայիք պ-Աբրահամյանին:Հետաքրքրությամբ կարդացի, ինձ ավելի շատ հուզեց վերջին պարբերությունը:Այսօր ոչ ոք չի համարձակվի/գոնե ներկայիս լրագրողների մեջ/ խոստովանել, որ գործընկերոջից է սովորել խմբագրական գրել:Գործընկերոջ հիշատակի հանդեպ հարգանքի փայլուն դրսևորում:Ես մտածում եմ, որ այսքանն արտահայտելու համար Աբրահամյանն ընտրել է խմբագրականի այս թեման:Սա է կարդացածիս /իմ ընկալմամբ/ մեխը:Չարության մասին խոսք լինել չի կարող:Գոնե այս պարագայում կխնդրեի մեկնաբաններից չքաղաքականացնել թեման՝ ինչպես չչարանալ, երբ կառավարությունն այսպես ու այսպես…Շատ կցանկանայի սխալված չլինեմ:

  5. Garry says:

    Պատկերացնում եմ ,,կոլումնիստի” դժվար գործը…Այո, պիտի խոստովանեմ, ,,Առավոտում” այդ գործը բարձր դիրքերի վրա է դրված, շնորհիվ նաև ,,հայկական” Էնն Քոուլթերի… Իմ խորին հարգանքն ու պատիվը Ժ. Մարտիրոսյանին նաև այն բանի համար, որ ամենից առաջ ես խմբագրականն եմ սիրում կարդալ ու պետք է ասեմ` ,,Առավոտի”: Դրանց մեջ ես ցանկանում եմ գտնել այն, ինչի մասին խոսում է Ա. Աբրահամյանը, առանց չարության ու ծայրահեղության հետ աղերս ունեցող կարևոր մի ակնարկ-մեկնաբանություն, իհարկե մատուցված լրագրողական բարձր ճաշակով: Եվ թող ոչ ոք չպնդի, թե չարությամբ գրված հոդվածներն ավելի շատ օգուտ կտան չարացած հասարակության մի հատվածին, (էլ չեմ ասում չչարացածների մասին) քան դրանցից զուրկ հոդվածները, պարոնայք: Միթե կա մեկը, որ գտնում է, թե մեր լրատվության մեջ պակասում են իրենց մեջ չարություն պարունակող հոդվածները, քավ լիցի, դրանք առատորեն կան ու լցվում են մեր կողմից ,,բռնաբարված” լրատվադաշտը, որը ևս բնական է: Բայց հարցերի լուծման բանալին այս կամ այն հոդվածի մեջ չէ, և պետք չէ լինել մանկամիտ չհասկանալու համար, որ այն հոդվածի տեսակետը, որը դու չես ընդունում, իրավունք ունի լինելու օգտակար ինչ որ մեկի համար, որն այն ընդունում է: Իսկ հիմա մի թեսթ: Ընթերցողը կարող է հավանել մի հոդված, եթե նրա մեջ ամփոփված միտքը չի ընդունում?: Այո, եթե ընթերցողը չարացած չի կամ ունի ,,չկա բարիք, առանց չարիքի” ասացվածքին համահունչ կուտակված չարություն: ))))))) Բարուն հասնում են չարիքի մասնակի վերացմամբ, պայքարի միջոցով ու պահպանում այն` հանդուրժողականությամբ, պարոնայք:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Քաղաքական գործիչի կամ իրավաբանի որդին պարտադիր չէ, որ հոր հետքերով գնա: Նա կարող է իր մեջ կուլինարական տաղանդ գտնել և դառնալ հրաշալի խոհարար կամ վիրտուոզ մսագործ: Իհարկե այդ դեպքում նա միսը վաճառելիս պետք է քաղաքագիտական կամ իրավաբանական մոտեցում չփորձի տալ իր գործին, այլ միայն կուլինարական… Մսագործը նույնպես կարող է իր որդու համար երազել իրավաբանի կամ քաղաքական գործչի կարիերա, ուսումի տալ նրան: Բայց մսավաճառի որդին պետք է քաջ գիտակցի և վստահ լինի, որ քաղաքականություն կամ իրավաբանություն մուտք է գործելու և իր գործն անի ոչ որպես մսավաճառ…. Խորին հարգանքով դեպի բոլոր նշված մասնագիտությունները, և իհարկե ԱՌԱՆՑ ՈՉ ՄԻ ԳՐԱՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ, ուզում եմ նկատած լինել, որ մարդու սոցիալիզացիայի աստիճանը և նրա բուն էությունը այնուամենայնիվ պետք է ներդաշնակ լինեն իր զբաղեցրած պաշտոնի և հասարակության մեջ գրաված դիրքի հետ, և եթե իրավաբանի հոգեբանությամբ խոհարարը ընդամենը անհամ և անհոգի պատրաստած կերակուր կհրամցնի մեզ, կամ քաղաքական մեկնաբանություններ անող մսավաճառը մի քիչ զահլա կտանի, ապա հոգու խորքում այդպես էլ ՄՍԱՎԱՃԱՌ և ԱՌԵՎՏՐԱԿԱՆ մնացած քաղաքական գործիչը կամ իրավաբանը կարող է պատուհաս դառնալ մեր գլխին: Նրանից չի կարելի սպասել իր բնագավառում նույնիսկ միջին արդյունավետություն և բարեխղճություն իր ստանձնածի նկատմամբ: Առավել ևս պետք չէ սպասել, որ նա ունակ է “ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ” ստեղծել մի բոլորովին այլ` մսավաճառից էլ, իրավաբանից էլ շատ ու շատ հեռու բնագավառում, օրինակ ասենք վոլեյբոլում…. և մեզ հավանաբար մնում է առանց չարության նրան հորդորել զբաղվել իրեն ավելի հոգեհարազատ և սազական գործով, սին հույսեր փայփայելով, որ կարող է այդպիսի բան լինել… Ես էլ փորձ արեցի միտքս տեղ հասցնել անուններ չտալով և առանց չարության: Չգիտեմ ինչքանով դա իմ մոտ ստացվեց, բայց շտապում եմ ավարտել, քանի որ ես սկսնակ եմ այս ոճի մեջ` վախենում եմ համբերությունս հատի և այնուամենայնիվ մի երկու “ՉԱՐ” արտահայտություն մեխանիկորեն տպի դրան ավելի սովոր ստեղնաշարս…..

  7. Zara says:

    Կգտնվի ՞ արդյոք այնպիսի “դրական համաճարակ”, որ առողջացնի Մալաթիա-Սեբաստիա համայնքի “պարապ կանանց”:

  8. Nem says:

    ԿԵՑՑԵՔ, /Ես դա սովորեցի Ժենյայից՝ Գենոֆիա Մարտիրոսյանից /-ԲՌԱՎՈ.
    Այլ խոսք չունեմ:

  9. Nem says:

    Վաղուց մարդկային ձայնի կարիք ունեի..

  10. Karine says:

    Ուղղակի զարմանալ կարելի է Ձեր օլիմպիական հանգստության վրա, պարոն Աբրահամյան, ներեցեք, դուք որտեղ եք ապրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031