Լրահոս
Օրվա լրահոսը

Մրոտելու ու լռելու ժամանակը

Հոկտեմբեր 23,2013 14:10

«Ծածկած» շուկայի վերաբերյալ հասարակական վրդովմունքը վերջին ամիսներին  ավելի նկատելի է եւ համացանցի, եւ հայկական մամուլի էջերում: Սրտի ցավով ուզում եմ փաստել, որ հուշարձանն աղճատած կառուցապատողը իրեն թույլ է տալիս ոչ միայն անտեսել հասարակական  վրդովմունքը, այլեւ վարկաբեկել մարդկանց, որոնք այդ հուշարձանը փրկելու համար իրենց ջանքը, եռանդը եւ ժամանակը չեն խնայում: Ամիսներ շարունակ պաստառի վրա Կարո Եղնուկյանի  եւ Գարեգին Չուգասզյանի նկարներն են՝ վարկաբեկող գրությամբ, եւ զարմանալի է, որ հասարակությունը չի արձագանքում այս վայրենի քայլի կապակցությամբ, այն պարագայում, երբ որ երկու անձնավորություններն էլ նշավակվում են իբրեւ լրտեսներ եւ նենգափոխվում է այն հանգամանքը, որ հուշարձանի համար պայքարելով՝ այս մարդիկ ոչ թե փորձում են առաջն առնել աշխատատեղերի, այլ ցանկանում են նույն նախագիծը պահելով՝ շուկան գործի որպես բազմաթիվ մարդկանց աշխատատեղի:

Ինչ վերաբերում է Գարեգին Չուգասզյանին, նա ծագում է Չուգասզյան գերդաստանից, որի ներկայացուցիչները շուրջ 200 տարի իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի,  հասարակական գործունեության մեջ, ազատագրական պայքարում: Գարեգին Չուգասզյանը որդին է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի, որը Մատենադարանի ձեռագրատան հարստությունները մեծապես հարստացնելու  ու իր երկարամյա գործունեության համար արժանացել է մշակույթի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչման: Նա  ճանաչված արեւելագետ էր,  հայ գրականության պատմության, լեզվի ուսումնասիրող ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս: Բաբկեն Չուգասզյանի աշխատությունները հրատարակվել են զանազան լեզուներով՝ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Նրա մյուս որդին՝  Լեւոն Չուգասզյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ-ում Արվեստաբանության բաժնի եւ հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ամբիոնի հիմնադիր: Նա եւս մեծ ներդրում ունի ՀՀ թանգարանային հարստությունները, մասնավորապես ազգային պատկերասրահի ֆոնդերը հարստացնելու գործում, հայ եւ  եվրոպացի նկարիչների ստեղծագործությունների տեղափոխելու հարցում: Լեւոն Չուգասզյանը աշխարհի բազմաթիվ համալսարաններում (Լոս Անջելեսի, Բոլոնիայի, Ֆրեզնոյի, Բուդապեշտի) դասավանդելով՝ նպաստել է հայ արվեստի մասսայականացմանը բազմաթիվ երկրներում եւ  հրատարակվել աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Գարեգին Չուգասզյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի տեղեկատվության  նախարար, մինչ այդ  եւ այժմ էլ հայտնի է որպես նորագույն տեխնոլոգիաների գծով միջազգայնորեն ճանաչված մասնագետ: Նա բազմիցս հրավիրվել է զանազան վեհաժողովների եւ գիտաժողովների, համաշխարհային  ժյուրիի անդամ է բարձրագույն տեխնոլոգիաների գծով մրցանակների բաշխման: Գարեգին Չուգասզյանի էլեկտրոնային աշխատանքները ճանաչում են գտել եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Նա,  ինչպես եւ հայրն ու եղբայրը, ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում: Գարեգին Չուգասզյանը ժամանակին Մատենադարանի էլեկտրոնային աշխատանքների խրախուսման համար կարողացել է մեծ չափի գումարներ ապահովել,  որպեսզի Մատենադարանը համապատասխան սարքավորումներ ունենա ու կարողանա էլեկտրոնային կապով առնչվել աշխարհին, ազդարարել  իր ունեցած նյութերի մասին եւ սկսել հայկական ձեռագրերի թվանշայնացումը, որը  հենց Գարեգին  Չուգասզյանն է սկսել դեռեւս 80-ական թվականներին:  Լեւոն Չուգասզյանն էլ  էներգետիկ ճգնաժամի տարիներին  ՀԲԸՄ այն ժամանակվա նախագահ Ալեք Մանուկյանին  խնդրելով՝  Մատենադարանին   հազարավոր դոլարների արժողության օժանդակություն բերեց, ինչի արդյունքում ձեռագրերի համար հնարավոր եղավ ապահովել  կայուն ջերմաստիճան, աշխատողների համար՝ լույս, տաքություն, նյութական միջոցներ:

Այնպես որ, Չուգասզյան գերդաստանի անդամների գործունեությունը բավականին շատ մարդկանց է հայտնի: Թե Բաբկեն Չուգասզյանը, թե Գարեգին եւ Լեւոն Չուգասզյանները պատճառ են դարձել բազմաթիվ մարդկանց կյանքի՝ դեպի լավը փոփոխության: Այս բոլորից հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանրությունը լռում: Հավելենք նաեւ Մետրոպոլիտեն օպերայի աստղ  Լիլի Չուգասզյանի անունը, որը վախճանվեց անցյալ տարի:

Չուգասզյանները միշտ մշակույթին եւ հասարակությանն են ծառայել իրենց ուժերի ներածին չափով, ուրեմն ինչո՞ւ է հասարակությունը անտարբեր,  մի՞թե խնդիրն առնչվում է միայն այս մարդկանց: Մի՞թե «Ծածկած» շուկան «Սիթի» դարձրած Սամվել Ալեքսանյանը հայ մշակույթի համար ավելին է արել, քան Չուգասզյան ընտանիքը: Մի՛ լռեք, մարդիկ…

ՀԱՅԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031