Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը դեմ կլինե՞ն ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը ԼՂ-ում

Հոկտեմբեր 23,2013 13:42

Եվրասիական միություն ստեղծելուն զուգահեռ՝ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային երկրների ռազմական կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ՝ երկու օր առաջ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հավելելով, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնել են, որ ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումը իրականացնելու է Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում օրերս ավարտված կազմակերպության խաղաղապահ ուժերի զորավարժությունները ցույց տվեցին, որ այդ զորամիավորումները պատրաստ են իրականացնել խաղաղապահ առաքելություններ։ Հայտնի դարձավ նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ը դիմելու է ՄԱԿ-ին՝ համապատասխան գրանցամատյանում գրանցվելու համար, որից հետո, եթե լինի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարող են ուղարկվել աշխարհի տարբեր «թեժ կետեր»:

Բորդյուժային հարց էին ուղղել, թե հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվեն Ղարաբաղում կամ Մերձդնեստրում։ «Մեր առջեւ նման հարց չի դրվել: Մերձդնեստրում Ռուսաստանի խաղաղապահներն են, եւ նրանք հաջողությամբ լուծում են իրենց առջեւ դրված խնդիրը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, գիտեք, այստեղ հատուկ կարգավիճակ է, եւ որոշման կայացման համար հարկավոր է երկու պետությունների համաձայնությունը: Համենայնդեպս, որեւէ «թեժ կետ» ՀԱՊԿ խաղաղապահների ուղարկման հարց երբեք չի բարձրացվել: Միգուցե այն պատճառով, որ մեր խաղաղապահները հայտնվել են մի քանի տարի առաջ, սակայն դեռեւս այդպիսի հարցեր մեզ չեն տվել»,- պատասխանել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ինչպես նկատում ենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում ՀԱՊԿ խաղաղապահների՝ Ղարաբաղում տեղակայելու հնարավորությունը, ավելին՝ անթաքույց ամրագրում է, թե նման հարց առայժմ չի բարձրացվել… Այ, եթե բարձրացվի, ինչո՞ւ ոչ, ընդամենը մի քանի տարի առաջ հայտնված, բայց արդեն իրենց պատրաստվածությունն ապացուցած զորամիավորումները, իհարկե, կարող են իրականացնել անհրաժեշտ խաղաղապահ առաքելություններ:

Առհասարակ, նախկին խորհրդային հանրապետություններում, մեր տարածաշրջանում Ռուսաստանի վերջին «ձգտումները» դրսեւորվում են բոլոր ուղղություններով՝ քաղաքականից, տնտեսականից սկսած՝ ռազմական ոլորտով ավարտած:

Հայաստանի պարագայում ամեն ինչ շատ ավելի թեթեւ ու անխոչընդոտ է ընթանում՝ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից ի վեր: Ինչպես ասում են՝ կարեւորը համապատասխան մթնոլորտի ձեւավորումն ու ապահովումն է: Այդ մթնոլորտը մեզ մոտ, իհարկե, միշտ էլ եղել է, իսկ այժմ այդ ուղղությամբ ոչ քարոզչության պակաս կա, ոչ էլ դերակատարների։

Եվս մի քանի մտավորականների նամակներ՝ ուղղված ռուս ժողովրդին ու ՌԴ իշխանություններին, եւ, վստահաբար, կարող է նաեւ հող նախապատրաստվել Ղարաբաղում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման համար։ Որքան էլ դաժան լինի ասելը, հավանաբար այս հարցում պաշտոնական Բաքուն է, որ կարող է դիմադրել ու իր պահանջները պնդել:

Իսկ հայկական կողմից խնդրանքները կարող են դրսեւորվել ոչ միայն մտավորականների նամակ-աղաչանքներով… Լեռնային Ղարաբաղից օրերս  իշխանությունների մակարդակով Մաքսային միությանը միանալու գաղափարի մասին ուշագրավ գնահատական հնչեց: «Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։ Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք եւ կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Կկարողանա՞ն Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Մոսկվայի նոր ձգտումներին «անհրաժեշտության» դեպքում հակազդել, եթե բանը հասնի, օրինակ, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ղարաբաղում… Ի վերջո, ո՞ւմ համար է գաղտնիք, որ ռուսական կողմի համար հենց այդ սցենարը ամենաընդունելի ու ամենացանկալի տարբերակը կարող է լինել…

Այնպես որ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեմ հակառուսական ուժգին արշավը Հայաստանում, Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Զորի Բալայանի նամակը՝ այս ամբողջ շղթան գուցե իսկապե՞ս շաղկապված է, եւ մենք ներկա փուլում ականատես ենք դառնում այդ շղթայի օղակների բացահայտմանը…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031