Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի եւ ՀՀԿ-ի գլխացավանքը Զարուհի Փոստանջյանը չէ

Հոկտեմբեր 23,2013 13:34

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ «Ժառանգություն» խմբակցությունն այլեւս ղեկավարելու է Զարուհի Փոստանջյանն, ով գլխացավանք է դարձել քաղաքական մեծամասնության համար. ՀՀԿ-ին այլեւս ավելի անհանգի՞ստ կյանք է սպասվում խորհրդարանում`Aravot.am-ի այս հարցերին իշխող քաղաքական մեծամասնության`ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Սա քաղաքական գործունեություն է եւ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր քաղաքական պայքարի ձեւերը: Այդ խմբակցությունն ինքն իրավունք ունի որոշում կայացնելու`ո՞վ է լինելու խմբակցության ղեկավար: Ես շատ հանգիստ եմ դրան նայում»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հակոբյանի հրաժարականից հետո, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Զարուհի Փոստանջյանը:

Ինչ մնում է գլխացավանքին, մեր զրուցակիցն ասաց. «Գլխացավանքի մասին քաղաքականության մեջ խոսելն անիմաստ է, որովհետեւ քաղաքականությունն ինքնին գլխացավանք է»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահի սահմանած այն կարգին , համաձայն որի «Ժառանգությունը» տեղ չի ունենա ԵԽԽՎ պատվիրակության կազմում, նրան կփոխարինի ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչը՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը համարում է ճիշտ։

Նա ընդգծեց, որ պատվիրակության կազմի վերանայման դրդապատճառներից մեկն, իհարկե, Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ նախագահին ուղղված հարցն էր։ Հարությունյանին զարմացնում է, որ մինչ օրս որևէ մեկին չի անհանգստացրել այն, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներկայացված չեն բոլոր խմբակցությունները՝ մասնավորապես ՕԵԿ խմբակցությունը տևական ժամանակ ընդգրկված չի եղել։

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմի փոփոխությունը խորհրդարանական ողջ ներկապնակի արդարացի արտացոլումն է։

Անդրադառնալով Փոստանջյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ականներին «դժվար օրեր են սպասվում», պրն Հարությունյանն ասաց, որ տիկին Փոստանջյանն իրավունք ունի բողոքարկելու ԱԺ նախագահի որոշումը ԵԽԽՎ-ում, բայց, ըստ նրա, հետևանքը լինելու է զրո, ուստի որևէ դժվարին օր չի սպասվում։

Նա չբացառեց, որ «Ժառանգության» պատգամավորի բողոքը ստանա որոշ պատգամավորների սատարումը, քանի որ, Դավիթ Հարությունյանի խոսքով, Փոստանջյանի հարցին որոշակի սատարում հնչել է Բյուրոյի նիստում։ «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, գուցե, վիճարկվի, բայց եզրակացությունը լինելու է հետևյալը՝ ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով պատվիրակության կազմը, չի խախտել ԵԽԽՎ որևէ պահանջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031