Այսօր «Զարկերակ» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ Վարդան Սեդրակյանի գործով Վերաքննիչ դատարան բողոքին:
«Բնականաբար, մենք պիտի բողոքեինք: Սեդրակյանին բացահայտորեն 100 հազար դոլար են փոխանցել, պետք է ճշտվի, թե որտեղից էին նրանք ստացել այդ 100 հազար դոլարը»- ասաց պարոն Հայրիկյանը:
Նա պահանջում է, որ իր բուժման ծախսերը հոգա ոչ թե ՀՀ պետբյուջեն, այլ՝ հանցագործները. «Ամեն քաղաքացի մոտավորապես 6 դրամ է տվել, ոմանք տվել են սրտանց, բայց ոչ մի քաղաքացի պարտավոր չի հանցագործին ֆինանսավորել, հանցագործը պարտավոր էր ինքը ծախսը հոգալ: Ի՞նչ է ստացվում՝ հանցագործն իր գործն անում է, քաղաքացիներ, վճարեք: Այդ հանցագործը 100 հազար պարտվել էր Վիվարոներում: Պետական մեղադրողը պետք է հայցով ներկայանար եւ ասեր՝ այս մարդկանց հանցագործության պատճառով պետությունը ծախս է արել, պիտի քաղաքացինե՞րը փոխհատուցեն: Բնական է, որ մենք պիտի դատարան դիմեինք: Ի դեպ, 20 մլն-ը ինձ չեն տվել, ասեմ, մի մասն են տվել»:
Պարույր Հայրիկյանը խնդրել է, որ դատարանում Սեդրակյանի ժամկետներին չանդրադառնան. «Ես լսեցի, որ Սեդրակյանի պաշտպանն ասում է՝ ինձ ոչինչ չի հետաքրքրում: Եթե ոչինչ չի հետաքրքրում, այ ստոր, ինչպե՞ս էիր քեզ թույլ տալիս հայտարարել, որ Հայրիկյանի վրա կրակոց չի եղել, դու փաստաբա՞ն էիր: Այդպիսի ստորություն ոչ ոք չի արել: Ինչի՞ էիր հանցագործությունը պաշտպանում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ սրիկա անվանեց Ստյոպա Սաֆարյանին եւ բոլոր նրանց, ովքեր ասել էին, որ Հայրիկյանի վրա կրակոց չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ