Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկիր մոլորակն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, Զարուհի Փոստանջյանի շուրջ չի պտտվում

Հոկտեմբեր 23,2013 12:41

«Մեր`ԲՀԿ-ի ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունված են եւ կարգն այդ տեսքով մեզ բավարարում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագծին`տարբեր միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի մոտ երեկ եւ այսօր այդ հարցով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ժամանակ լսվել էին բոլոր կարծիքներն ու առաջարկները:

Կարգն այսօր առավոտյան արդեն հրապարակվեց: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը ներկայացրել է խմբակցության մոտեցումները եւ հուսով է, որ դրանք ընդունվել են. «Որոշ դրույթներ ընդունելի են, որոշ դրույթների վերաբերյալ մենք ունեինք լրջագույն վերապահումներ, մեր բոլորի տեսակետը լսվել է եւ ես կարծում եմ, որ առաջիկայում մեզ կներկայացվի բոլորի տեսակետը հաշվի առնող մի նոր տարբերակ, որի վերաբերյալ կշարունակվեն քննարկումները»:

Թե ԲՀԿ-ի համար ԱԺ նախագահի ներկայացրած ո՞ր դրույթներն են անընդունելի`մեր հարցին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում շատ դրույթների մասին խոսել, որովհետեւ չեմ գտնում, որ փակ քննարկման մանրամասները հրապարակելը ճիշտ է: Ամեն դեպքում, ինձ համար բացարձակապես անընդունելի է այն դրույթը, որ պատվիրակության ղեկավարներն իրենք պետք է որոշեն միջազգային այս կամ այն կառույցի ներսում`հանձնաժողովներում, կոմիտեներում, այս կամ այն պատգամավորի լինելու նպատակահարմարության հարցը: Պատվիրակության ղեկավարը չպիտի որոշի`ես, որպես պատգամավոր, օրինակ ԵԽԽՎ ո՞ր հանձնաժողովում լինեմ: Էլի դրույթներ կան, որոնց վերաբերյալ մենք վերապահումներ ունեինք, բայց ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի ինչ-որ կոնսենսուսի գալ`պատվիրակությունների ձեւավորման արդարացի, բալանսավորված սկզբունք գտնելու համար»:

Խոսակցություններ են շրջանառվում, որ այս ամենն արվում է «Ժառանգություն» խմբակցության դեմ: Երեկ արդեն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց այդ մասին , մանավանդ, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոների վերաբերյալ ուղղած հարցից հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե Փոստանջյանին կզրկեն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընտրվելու հնարավորությունից`մեր դիտարկմանը տիկին Զոհրաբյանը հակադարձեց. «Եթե հիմք ընդունենք «Ժառանգության» բոլոր հայտարարությունները, ապա կստացվի, որ Երկիր մոլորակը ևս պտտվում է «Ժառանգության», նրա այս կամ այն պատգամավորի եւ հատկապես մեկ պատգամավորի շուրջ: Եկեք մի կողմ դնենք նման մոտեցումները, ավելի լուրջ բաների մասին խոսենք եւ փորձենք ձեւավորել շատ ավելի բալանսավորված, արդար սկզբունք` պատվիրակությունների ձեւավորման համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031