Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը 6 տարի մահացածի դեմ վճիռ է կայացրել, փաստաբանը դիմել է ԱԽ

Հոկտեմբեր 23,2013 12:28

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Դավթյանն այսօր հրավիրել էր ասուլիս, կապված ՀՀ վճռաբեկ դատարանում առկա թիվ ԵԱԴԴ/1253/02/12 գործի հետ:

Փաստաբանը հայտնեց, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճիռ է կայացրել մահացած անձի դեմ, որը պատասխանող է եղել, եւ այլ պետության քաղաքացի, վերջինի իրավունքն ապօրինի փոխանցվել է մեկ այլ անձի:

Գեւորգ Դավթյանն ասաց, որ չորս ամիս առաջ դիմել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, որի անդամներն, ի դեպ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներն են, եւ պահանջել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Ըստ փաստաբանի՝ ԱԽ կարգապահական հանձնաժողովը չի պատասխանել, քանի որ անգործության է մատնվել:

«Ոչ պատշաճ» հայցվորը հայց է ներկայացնում վստահորդիս՝ Բորիս Վենդիի դեմ, ինչ-որ ներքին առուծախի պայմանագրի վավերացման եւ դրա հիմքով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Նա պահանջ է ներկայացնում 6 տարի առաջ մահացած անձի նկատմամբ ու նրա ժառանգությունը դեռեւս չձեւակերպած ժառանգի դեմ, փորձելով տիրանալ առանց որեւէ հիմքի իրեն չպատկանող սեփականությունը»,-հայտնեց փաստաբանը:

Այս գործով համատիրությունը տեղեկանք է տալիս, որ բնակարանը 90-ականներից մինչ 2012 թվականը բնակեցված չի եղել, անգամ հոսանքազրկված է եղել, մինչդեռ, դատարանը մեկ այլ հղումով արձանագրել է, թե հայցվորն իբր բնակարանում վերջին տաս տարում բնակվել է, եւ իբր այդ մասին 2000թ. հայտնել է համատիրության նախագահը:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք նախնական դատական նիստերին պատասխանող կողմի ներկայացուցիչն առարկություններ ներկայացրե՞լ է, մասնավորապես, դատարանին տեղյակ պահե՞լ է մահացածի մասին, փաստաբան Գ.Դավթյանն ասաց, որ դատարանը տեղյակ է եղել մահացածի մասին եւ այդ մասին արձանագրել է:

Ի դեպ, ասուլիսին ներկա փաստաբաններից մեկը նկատեց, որ նմանատիպ գործերը վարույթ ընդունելով հասկացնում են, թե «մարդու մեռնելով նրա պարտքերը չի ջրվում»:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի կողմից այս գործը վարույթ ընդունելուն, կամ փաստաբանի ձեւակերպմամբ, «վճռաբեկի քավորությանը», ապա փաստաբանը սա պատահական չհամարեց՝ ասելով, որ այստեղ կա կոռուպցիոն մեծ ռիսկ:

«Հայցվորը ներկայացրել է բողոք, որը գրեթե առաջին ատյանի հայցադիմումի կրկնությունն է: Ընդ որում, վճռաբեկ բողոքում առկա չեն լինում դատավարական օրենսգրքով պարտադիր պայման համարվող հիմնավորումների առկայությունը: Վճռաբեկ դատարանն առանց պատճառաբանության, ընդամենը մեկ նախադասությամբ ընդունում է վարույթ: Ստացվում է, որ վճռաբեկն ինչ կուզի կանի:Մեր երկրում չկա արդարադատություն, չկա վճռաբեկ դատարան: Կա իրավական «բեսպրեդել»-ասաց Գ. Դավթյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031