Այսօր «Զարկերակ» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ իրեն հրավիրել են Բելգիա, Հոլանդիա եւ խոստանում են ապահովել ամեն ինչով, ինչ մարդուն անհրաժեշտ է, ընդհուպ մինչեւ ամբողջական բուժօգնություն տրամադրել: Ըստ նրա, եթե նա գնա եւ չվերադառնա, իրեն հերոսացնելու են, քանի որ մեր ազգը սիրում է հերոսացնել փոքր մհերներին, զորավար անդրանիկներին ու «փախած» հերոսներին. «Վաղը շարքով հերթ են կանգնելու, որ նշեն, թե ով էր Պարույր Հայրիկյանի հետ եւ Պարույր Հայրիկյանի հետ ով ինչ գործեր է արել»- զգուշացրեց ԱԻՄ առաջնորդը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Մաքսային միություն մտնելու որոշումը ինչքանո՞վ է նպաստել, որ դուք երկմտեք՝ վերադառնալո՞ւ եք հայրենիք, թե՞ ոչ՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես երկմտե՞լ եմ: Դուք, լսելով, որ ինձ առաջարկել են ամեն ինչ, մանավանդ ասում են՝ ո՞նց, թեկնածուի վրա կրակել են, էդ թեկնածուին, իհարկե, գրկաբաց կընդունենք: Ես ձեզ ներկայացրեցի, որ այսպիսի բաներ կան, կարգին մարդը պիտի պատվի ծնողներին: Այդ պատվիրանը ձեւի համար չի ասված: Եթե ես գնամ Բելգիա, դուք կգնա՞ք իմ հայրիկի, մայրիկի շիրիմներն այցելելու»:
Մեր դիտարկմանը, որ հնարավոր է գնանք, ի՞նչ կա, բացի այդ, հիմա սգո ծառայություններ կան, ինտերնետով կարող եք պատվիրել, ծաղիկներ են տանում, շիրիմը խնամում, մինչեւ անգամ լաց լինում շիրիմի վրա՝ Պարույր Հայրիկյանը ծիծաղեց. «Չի ասված պատվիր ծնողներիդ սգո ծառայությունների միջոցով: Պատվիր ծնողերիդ նշանակում է պահպանիր այն ամենը, ինչ նրանց համար կարեւոր է եղել, նրանց լեզուն, նրանց միջավայրը, ապրելակերպը: Եթե պատվում ես ծնողներիդ, մնացած ամեն ինչը կանես ճիշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ