Հեռուստաեթերում հայկական արտադրության ֆիլմերում եւ հաղորդումներում այսուհետ եթե ցուցադրվեն ծխախոտի օգտագործման տեսարաններ, ապա կկիրառվեն տույժեր եւ տուգանքներ: Այս օրենսդրական նախաձեռնությունը կառավարությանն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանն եւ Արա Բաբլոյանը: Այսօր կառավարության նիստում ընդունվեց պատգամավորների առաջարկությունը՝ լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»:
Այսօր կառավարության նիստին նաեւ ներկայացվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է գենդեր բառի փոփոխությանը: Այսօր էլ կառավարությունում վերջնական չորոշվեց՝ գենդեր բառը փոփոխե՞լ, թե՞ թողնել նույնը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ԱԺ-ում մարդու իրավունքների հանձնաժողովում նախագիծը քննարկվել է, ապա որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել եւ ավելի առարկայական առաջարկություններ ներկայացնել: Կառավարությունն ընդունեց Արտեմ Ասատրյանի առաջարկը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ