Հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Կոմպոզիտորների միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նախագահը: Այսօր «Հայելի» ակումբում կոմպոզիտոր Արամ Սաթյանը անդրադարձավ ներմիութենական խնդիրներին ու ասաց, թե համագումարին ինչ «անակնկալ» է պատրաստել գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:
«Ճիշտն ասած, օֆիցիալ ոչ մի ստեղծագործող չգիտի, թե որտեղ է լինելու համագումարը, ոչ մեկին չեն տեղեկացրել, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում է լինելու: Հնարավոր է՝ այնպիսի վիճակ ստեղծվի, որ մի մասը գնա միություն, մի մասը գա մեծ դահլիճ: Հատկապես խնդիր կլինի միության այն անդամների համար, ովքեր ապրում են Գյումրիում, Լոռիում: Սա միտում է, որ քվորում չապահովվի: Չեմ կարծում, որ համագումարը շոու է, եթե Ռոբերտ Ամիրխանյանը հնարավորություն ուներ շոու անելու, թող այս չորս տարվա մեջ աներ: Չէ՞ որ այդ շոուն կարող էր ծառայել մի նպատակի, չէ՞ որ կոմպոզիտորները լավ չեն ապրում, կարելի էր ինչ-որ բաներ ստեղծել նրանց համար: Այն ինչ այսօր արվում է, այնքան անիմաստ է՝ կազմակերպել հենց այնպես համերգներ, խոսել զարգացման մասին՝ կապ չունենալով միջազգային ինտեգրացիայի հետ»,-ասաց Արամ Սաթյանը:
Նա կոմպոզիտորների միությունը որակեց «պրովինցիայից հեռու» ու վատ մի տեղ:
Նաեւ հավելեց, որ անպայման առաջադրվելու է իր թեկնածությունը: «Մտածեցի արդյոք պե՞տք է իմ թեկնածությունը, որովհետեւ որպես ստեղծագործող, դա կշեղի հիմնական իմ ծրագրերից, բայց կաշխատեմ այնքան ժամանակ, ինչքան պետք եմ, որովհետեւ Կոմպոզիտորների միության նախագահը պաշտոն չէ, չարչարանք է, նոր մտածողություն է: Ես կարծում եմ կկարողանամ այդ բաներն անել»,-ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ լուրջ երաժշտական կառույցներից համագործակցության առաջարկներ է ստացել, որոնք անձնական կապերի արդյունք են:
Կարդացեք նաև
Արամ Սաթյանը հայտնեց, որ քանիցս տարբեր երկրների կոմպոզիտորների միությունների նախագահներ եկել են Հայաստան, եւ Ռոբերտ Ամիրխանյանի ընդունելությանը երբեք չեն արժանացել. «Ուրեմն ինչո՞ւ պիտի ցանկանան այդ մարդիկ շփվել իր հետ: Կոմպոզիտորների միությունը պետք է դառնա յուրատեսակ պրոդյուսերական կենտրոն, ախր չի կարելի սելը նստած հասնել Ամերիկա»:
Արամ Սաթյանը կարծում է. «Այսօր աշխարհը հայկական ժամանակակից երաժշտությունը ճանաչում է երիտասարդ կոմպոզիտորներով: Օրինակ Միշելը, որին ժամանակին օգնել եմ, գրավեց Ելիզավետա թագուհու մրցույթի առաջին տեղը»: Կոմպոզիտորը նշում է, որ համագումարյան շոուն Ռոբերտ Ամիրխանյանի ինքնահաստատման ձեւերից մեկն է, դրա համար էլ համագումարի օրը շոու ու համերգ է կազմակերպվելու:
Aravot.am-ի հարցին՝ ըստ շրջանառվող կարծիքների, կոմպոզիտորների 10000 դրամ ընտրակաշառք է առաջարկվել, արդյոք դա հարի՞ր է ստեղծագործող մարդուն, Արամ Սաթյանը պատասխանեց. « Դա արժանապատվությունն է… Իմ թեզերից մեկն էլ սա է՝ վերականգնել հայ կոմպոզիտորական դպրոցի արժանապատվությունը, եթե մեկը արժանապատիվ չէ, չի կարող արժանապատիվ երաժշտություն գրել: Միայն ժամանակը կարող է ասել այս կամ այն ստեղծագործողի մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ