Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Բնապահպանական ամպագոռգոռ և հնչեղ շարժումներում երբեմն չկա գիտական որևէ հիմնավորում»

Հոկտեմբեր 23,2013 11:27

«Երբ ուսումնասիրում ես այս ոլորտը, տեսնում ես, որ վերջին տարիներին ծավալվող բնապահպանական տարբեր ամպագոռգոռ և հնչեղ շարժումներում չկա գիտական որևէ հիմնավորում: Դրանք ժամանակ առ ժամանակ ուղղորդվում են քաղաքական տարբեր գործընթացներով: Ուստի այսպիսի համաժողովները հնարավորություն են ստեղծում խրախուսել և մասնակից դարձնել գործընթացներին այն երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտությունից բացի զբաղվում են գիտությամբ և իրոք կարող են լուծել բնապահպանական խնդիրներ»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀԵՀ-ի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, որին մասնակցում են ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից Հայաստան ժամանած շուրջ 23 անվանի գիտնականներ: Նրանք կքննարկեն բնապահպանական ճարտարագիտության խնդիրներ, որոնք արդիական են ինչպես Հայաստանում, ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։

Կարեն Ավագյանը նաև շեշտեց. «Նման գիտաժողովները վերաբերում են ոչ միայն բնապահպանական խնդիրներով զբաղվող երիտասարդներին, այլև բոլոր այն երիտասարդ գիտնականներին, ովքեր աջակցություն են ստանում ՀՀ նախագահի կողմից ֆինանսավորվող երիտասարդ գիտնականների շարժման շրջանակներում, ինչը զարկ է տվել նրանց ներգրավմանը տարբեր գիտական նախագծերում»:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» հայաստանյան ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը

նկատեց. «Վարչական շրջանների, տեղական էկոլոգիական խնդիրները կարող են լուծվել նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այս հարցում մեծ կարևորություն ունի նաև հանրային իրազեկումն ու շահագրգռվածությունը»:

ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանն էլ մտահոգություն հայտնեց. « Ցավոք, դեռ բնապահպանական հիմնախնդիրների լուծումը ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով համատարած բնույթ մեր երկրում չի կրում, չնայած որոշ աշխատանքներ կատարվում են»:

Պարոն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ առաջին գիտաժողովի կազմակերպման արդյունքում իրականացվել է Գեղարքունիքի մարզի խմելու ջրի հիմնախնդիրների հետ կապված դրամաշնորհային ծրագիր նորվեգացիների հետ, այս տարի նախատեսվում է նման համագործակցություն նաև չեխերի ու սլովակների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031