Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները քննարկեցին իրավիճակը Կազանյան հանդիպումից առաջ և հետո (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 10:37

Հոկտեմբերի 22-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպել էր հանրային քննարկում: Քննարկման բանախոսներն էին պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտական գծով տնօրեն Արտակ Այունցը և քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց սցենարները և քննարկեցին իրավիճակը Կազանյան հանդիպումից առաջ և հետո:

Քննարկման ընթացքում Միքայել Զոլյանը նշեց, որ հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված չեն. «Գլոբալ առումով ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը, գոնե, իշխանությունների մակարդակով շահագրգռվածություն ցույց չեն տալիս: Ադրբեջանը ռազմավարություն ունի, որ ժամանակը աշխատում է իր օգտին, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ունեն ռազմավարություն` ինչքան այս վիճակը երկար մնա, այնքան ստատուս քվոն ամրապնդվում է»:

Քաղաքագետի խոսքերով Կազանում տեղի ունեցած հանդիպումը Մեդվեդևի նախագիծն էր, իսկ այժմյան ՌԴ նախագահը այդ հարցով առանձնապես հետաքրքրված չէ: Քաղաքագետը համարում է՝ ԱՄՆ վարում է մեկուսացնող արտաքին քաղաքականություն, իսկ Եվրամիությունը հիմնականում փորձում է լուծել ճգնաժամի հետ կապված խնդիրները:

Արտակ Այունցի խոսքերով` Կազանյան հանդիպումը ապացուցեց, որ կողմերը ցույց են տալիս, թե պատրաստ են որոշակի փոխզիջումների, բայց, իրականում, պատրաստ չեն. «Ես չեմ ուզում առանձնացնել Կազան, Կազանից առաջ, Կազանից հետո. միշտ եղել են այդպիսի դեպքեր, երբ մոտ են եղել, և երկու կողմերից մեկը չի համաձայնվել և պարզապես ընթացքը տապալվել է»:

Արտակ Այունցը ներկայացրեց նաև 2010 և 2011 թվականներին Հայաստանում, Ադրբեջանում և Ղարաբաղում կուսակցությունների և անհատների շրջանում անցկացված հարցման արդյունքները. Հայաստանում 23 կուսակցություններից ընդամենը 1 կուսակցությունն ասեց՝ «ոչ մի թիզ հող» մշտնջենական պատերազմի մեջ գտնվելու անհրաժեշտության մասին, այդ կուսակցության անդամների թիվը 500-ին մոտ էր: Ադրբեջանում այդ 23 կուսակցությունից որևէ մեկը չէր խոսել հաշտության պայմանագրի մասին»:

Հովհաննես Նիկողոսյանը ակնհայտ է համարում քաղաքական աճ գրանցելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերի զոհաբերումը. «Իմ կարծիքով այս բանակցային գործընթացը, որը 1992-ից ինստիտուցիոնալիզացված ընթանում է սխալ փիլիսոփայությամբ: Մենք խոսում ենք կոնֆլիկտի քաղաքական կարգավորման մասին, բայց քաղաքական կարգավորումը ցանկացած կոնֆլիկտի մեջ հնարավոր է միայն կողմերի բարյացակամության պարագայում: Հիմա եթե մենք նայենք վերջին տարիների ադրբեջանական իշխանության գործելակերպը, խորապես վստահ եմ, որ իռացիոնալ է. Իրենք, հրաժարվելով միջադեպերի քննություններից, կրակում են զորամասերի վրա, քաղաքացիական մեքենաների վրա: Այս իռացիոնալությունը որևէ լավ տեղ չի բերում»:

Պարոն Նիկողոսյանը խոստովանեց՝ զարմանում է, որ մինչև այսօր Հայաստանը ինչպե՞ս չի միացել Միջազգային քրեական դատարանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031