Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատը տեղափոխվեց քննչականի բակ, սակայն սպանված երիտասարդի մեքենան այդպես էլ չզննվեց. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2013 21:08

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Իրեղեն ապացույցների շարքում հետազոտվելու էր նաև սպանված երիտասարդի ավտոմեքենան, որը գտնվում էր Շիրակի մարզի քննչական բաժնի բակում: Չնայած դատավարությանը մասնակից կողմերը տեղափոխվեցին դատարանից բավական հեռավորության վրա գտնվող քննչականի բակ, սակայն հնարավոր չեղավ զննել մեքենան, քանի որ  չկային բանալիները:

Կարեն-Եսայան-4

 

Վերադառնալով դատարան` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանները դատավոր Մարտին Սարոյանից պահանջեցին պարզաբանել, թե որտեղ են պահվում մեքենայի բանալիները:Դատավորը պարզաբանեց, որ բանալիները Երևանում են` գործը քննող քննիչ մոտ: Սա հարուցեց փաստաբանների զայրույթը: Լուսինե Սահակյանը  զարմացած հարցրեց, թե ի՞նչ գործ ունի բանալին քննիչի մոտ, երբ գործը արդեն ուղարկված է դատարան, իրեղեն ապացույցները  ևս ուղարկվել են դատարան, իսկ այս  քննիչը  կենսաթոշակի է անցել ու այլևս չի աշխատում:

Կարեն-Եսայան-1

Դատավորն արդարացավ, թե քննիչը, անցնելով թոշակի,  բանալին իր հետ չի տարել, այլ թողել է քննչականում, պարզապես ինքը հարցում է կատարել քննչական բաժին, որտեղից պարզաբանել են , որ այն քննիչի մոտ է: Հարություն Սարգսյանի փաստաբան Հունան Բաբայանն էլ հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ Կարեն Եսայանի  ավտոմեքենան պատշաճ ձևով չէր պահվում և անմխիթար վիճակում էր: Լուսինե Սահակյանն էլ  դատավորին խնդրեց գրավոր դիմել քննչական, որպեսզի այս գործով բոլոր իրերը, ապացույցները, փաստաթղթերը տրամադրվեն դատարանին: Դատարանում վեճ ծագեց այսպես ասած «քննչական վարույթ» հասկացության շուրջ:

Կարեն-Եսայան-3

Փաստաբանները պնդում էին, որ «Քրեական դատավարության» մասին օրենսգրքով նման  հասկացություն գոյություն չունի, տվյալ գործին առնչվող բոլոր փաստաթղթերը  կարվում են գործին ու համարակալվում: Մինչդեռ դատախազ Արեն Մարուքյանն ու տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացանող Արմեն Մելքոնյանը  պնդում էին, որ կա նման հասկացություն և որ այդտեղ կարևոր  փաստաթղթերի պատճենները պահելուց զատ, քրեական գործի համար էական նշանակություն  չունեցող փաստաթղթերն են պահվում: Նրանք  մանրամասնեցին, որ  գլխավոր դատախազը ոստիկանապետի հետ միասին ներքին կանոնակարգ է մշակել իրենց աշխատակիցների համար, մինչդեռ փաստաբան Լուսինե Սահակյանը  պնդում էր, որ այդ ամենը անօրինական է, և եթե դատախազը որոշ մարդկանց համար  հեղինակություն է, իրենց համար գոյություն ունի «Քրեական դատավարության» մասին օրենսգիրք:

Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին`առաջարկելով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Վարդուհի Էլբակյանից  պահանջել դատարան ներկայացանել Կարեն Եսայանի գրպանում եղած այն իրերը, որոնք քննիչը հանձնել է նրան: Այստեղ ևս լեզվակռիվ եղավ. տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանը  նշեց, որ սպանվածի գրպանում եղել են կրակայրիչ, ծխախոտ, հեռախոս, որոնք էական նշանակություն չեն ունեցել գործի համար և վերադարձվել են Կարեն Եսայանի մորը:Մինչդեռ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը  իր զարմանքն էր հայտնում, թե ինչպես է որոշվել, որ օրինակ`բջջային  հեռախոսը էական նշանակություն չի կարող ունենալ գործի համար: « Հարգելի դատարան, հնարավո՞ր է , որ Կարեն Եսայանը ծխախոտի տուփի վրա   գրառում արած լիներ, թե ով է իրեն հետապնդում, կարող է հեռախոսով նկարահանումներ կատարած լիներ, հնարավոր է չէ՞, եթե չզննվեն, ինչպե՞ս կարող են որոշել, որ դրանք էական նշանակություն չունեն»,–մանրամասնեց Լուսինե Սահակյանը: Դատարանը միջնորդությունը  չքննարկեց, քանի որ, ըստ դատավոր Մարտին Սարոյանի,  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նախ և առաջ պիտի ճշտի` այդ հեռախոսը գոյություն ունի՞, թե՞ ոչ: Դատավորը ուզում էր հարցաքննել ամբաստանյալ  Հարություն Սարգսյանին, սակայն դատախազ Արմեն Մարուքյանը  առարկեց` նշելով, որ դեռևս ապացույցների հետազոտումը չի ավարտվել: Դատը հետաձգվեց` սկզբում նշանակվելով վաղը, այնուհետ` նոյեմբերի 6-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031