Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող ինտենսիվ փոխայցելությունները: Նախարարը հավելեց նաև, որ երկկողմ համագործակցության համար կարևոր է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:
Լատվիացի խորհրդարանականները արտգործնախարարին ներկայացրեցին իրենց այցելության նպատակները՝ քննարկել երկկողմ փոխգործակցությունն առավել ամրապնդելու և զարգացնելու համատեղ քայլերը։
Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում լատվիացի խորհրդարանականները ողջունեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ԵՄ հետ համակողմանի փոխգործակցությունը և իրենց աջակցությունը հայտնեցին այդ մտադրությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ